Տիկինը երկնագույնով (նկար, Գեյնսբորո)

Թոմաս Գեյնսբորոյի կտավ

«Տիկինը երկնագույնով» (անգլ.՝ Portrait of a Lady in Blue), անգլիացի գեղանկարիչ Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքը։ Նկարել է 1770-ական թվականների վերջին և 1780-ականների սկզբին[4]` իր ստեղծագործական ծաղկման ժամանակաշրջանում։ Գտնվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ)։ Նկարչի միակ աշխատանքն է, որը պահվում է Ռուսաստանի թանգարաններում։

Տիկինը երկնագույնով
տեսակգեղանկար
նկարիչԹոմաս Գեյնսբորո[1]
տարի1780[2]
բարձրություն76,5 սանտիմետր[3]
լայնություն63,5 սանտիմետր[3]
ստեղծման վայրՄիացյալ Թագավորություն[3]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[3] և կտավ[3]
գտնվում էՁմեռային պալատ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք
Ծանոթագրություններ
 Woman in Blue (Thomas Gainsborough - Hermitage Museum) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Որոշ հետազոտողների կարծիքով դիմանկարում պատկերված է ծովակալ Բոսկաուենի դուստրը` Ելիզավետան, ով ամուսնացած էր հերցոգ Բոֆորի հետ[5]։ Նա այդ ժամանակ պետք է լիներ մոտ 33 տարեկան (ծնվել է 1747 թվականի մայիսի 28-ին)։ Թեև այս վարկածը շատ ստույգ չէ, սակայն արվեստագիտության մեջ հաճախ օգտագործվում է նաև նկարի այլընտրանքային անվանումը ֆրանսերեն տարբերակով` «Հերցոգուհի դե Բոֆորի դիմանկարը»[6]։ Եթե այս վարկածը ճշմարիտ է, ապա կարևոր է ընդգծել, որ Ելիզավետայի մայրը` Ֆրենսիս Բոսկաուենը, այդ ժամանակ հայտնի էր որպես Էլիզաբեթ Մոնտեգյուի ամենաակտիվ կողմնակիցներից մեկը և «bluestocking» խմբավորման անդամ։

Էրմիտաժի գույքացուցակում, որտեղ այս նկարը թվագրված է 3509 համարով, նկարագրված է, որ այն 76,5 × 63 չափի կտավ է, որտեղ պատկերված է հերցոգուհի դե Բոֆորը սպիտակ զգեստով և բաց գույնի գլխարկով` վրան ջայլամի փետուրներ, և երկնագույն ժապավեններով հավաքած բարձր սանրվածքով։ Թեթևակի թեքված է դեպի ձախ։ Պարանոցին սև ժապավեն է` կզակի տակ արված ժապավենակապով։ Դրանից կախված է ոսկե խաչ։ Աջ ձեռքով, որի վրա կրում է քարով թևնոց, կրծքավանդակի մոտ պահում է երկնագույն շարֆը։

Նկարչական առանձնահատկություններ խմբագրել

Նկարը պատկանում է Գեյնսբորոյի արվեստի ծաղկման ժամանակաշրջանին, երբ նա ստեղծում էր կանացի դիմանկարների շարք Անտոնիս վան Դեյքի ոճով։ Նկարչին հաջողվել է հաղորդել կնոջ ճշգրիտ գեղեցկությունը և արիստոկրատ նրբագեղությունը, շարֆը բռնած ձեռքերի շարժման գեղանիությունը[6]. Արվեստագետներից մեկը գրել է[7].

  Փոխանցվել է ոչ այնքան մոդելի տրամադրությունը, որքան այն, ինչ նկարիչը նրա մեջ փնտրել է։ «Երկնագույնով տիկինը» ունի երազող հայացք, ուսերի նուրբ գծագրում։ Նրա բարակ պարանոցը կարծես ի վիճակի չէ կրել սանրվածքի ծանրությունը, և գլուխը փոքր-ինչ թեքվել է այնպես, ինչպես էկզոտիկ ծաղիկը բարակ պոչի վրա։ Ստեղծված լինելով սառը գույների նրբաճաշակ երանգներով` թվում է` դիմանկարը պատրաստվել է տարբեր ձևի և խտության թեթև վրձնահարվածներից։ Տպավորություն է ստեղծվում, որ մազափնջերը նկարված են ոչ թե վրձնով, այլ նուրբ մատիտով։  

Ձեռքբերման պատմություն խմբագրել

Դիմանկարը գնել է Ալեքսեյ Զախարովիչ Հիտրովոն (1848-1912) անգլիական դիմանկարային գեղանկարչության իր անձնական հավաքածուի համար։ Կյանքի վերջին Հիտրովոն ուներ այն ժամանակվա նկարների բավականին մեծ հավաքածու, որի մեջ մտնում էին այնպիսի նկարիչների նկարներ, ինչպիսիք էին Գեյնսբորոն, Ջորջ Ռոմնին, Թոմաս Լոուրենսը։ 1912 թվականին նրա կտակի համաձայն ամբողջ հավաքածուն` ներառյալ այս դիմանկարը, անհատույց տրվեց Էրմիտաժին, որտեղ էլ այն այժմ գտնվում է (№ 3509)[8]:

Էրմիտաժի դատական հայց խմբագրել

 
Հետևի ֆոնին` հայցի օբյեկտը, առջևի ֆոնին` հայցի պատասխանողը

Թանգարանային օրենքի նորմերը երբեմն բախվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործողությունների հետ, հատկապես թվային պատճենահանման և համացանցի դարաշրջանում[9]։

Այս դատական գործի նյութերի համաձայն[10]՝ 2005 թվականին պետերբուրգյան «Iya Yots» հագուստի դիզայներական խանութի ղեկավար Իյա Յոցը նկարիչ-ձևավորողին պատվիրել է «Տիկինը երկնագույնով» նկարի միագույն տարբերակը, որը պետք է դիմանկարային ընդհանրություն ունենար պատվիրատուի դեմքի հետ։ Աշխատանքը արվել է պայմանագրի համաձայն` 1500 ռուբլու դիմաց։ Օրինակը ներկայացված է նկարում։ Նկարի կրկնօրինակը որպես դեկոր օգտագործվել է խանութի մուտքի մոտ և նրա ներսում։ Դատական մեկնաբանության մեջ նշվում է, որ «բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով սկսել է նկարն օգտագործել այն հաստատությունում, որտեղ գտնվում է իր հավաքածուն»։ Մեկ այլ` արտաքին կողմում, գտնվում է այդպիսի դեկորի մեկ այլ օրինակ առանց Էրմիտաժի թույլտվության[10]։

2008 թվականին Իյա Յոցը հայտով դիմեց Մտավոր սեփականության դաշնային ծառայությանը՝ Iya Yots ձևավոր ստորագրությամբ վերոնշյալ միագույն նկարը որպես ապրանքանիշ գրանցելու համար (հայտ № 2008724775)։ Հայտը մերժվեց, քանի որ «հայտի օբյեկտ հանդիսացող արտահայտչական տարրը շփոթության աստիճանի համընկնում է Թոմաս Գեյնսբորոյի «Տիկինը երկնագույնով» նկարին, և հայտատուն չի ներկայացրել տվյալ նիշն իր կողմից օգտագործելու իրավասությունը հաստատող փաստաթղթեր»[10]։

2010 թվականին Էրմիտաժի ադմինիստրացիան իմացավ, որ Իյա Յոցը շարունակում է այդ նկարն օգտագործել իր խանութի արտաքին և ներքին դիզայնի համար։ Ընդ որում, որպես ապրանքանիշ օգտագործվել է IY միացագիրը՝ դրա տակ Iya Yots ձևավոր ստորագրությամբ։ Էրմիտաժը դատական գործ հարուցեց Իյայի դեմ՝ պահանջելով դադարել օգտագործել նկարը ցանկացած տեսակի կոմերցիոն նպատակներով առանց սեփականատիրոջ (Էրմիտաժի) թույլտվության։ Դրա համար մատնանշվեցին «Ռուսաստանի Դաշնության թանգարանային ֆոնդի և թանգարանների» մասին դաշնային օրենքի նորմերը։

Պատասխանողը բողոքարկեց դատարանի վճիռը, քանի որ իր կարծիքով «այդ որոշումը փաստացի արգելում է օգտագործել համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության նվաճումները այն բանի հիման վրա, որ համաշխարհային արվեստի նմուշները պահպանվում են Ռուսաստանի Դաշնության թանգարաններում»։ Ընդ որում, ապելյացիայի որոշումը ամբողջությամբ պաշտպանում էր նախնական որոշումը[10]։

Էրմիտաժի դիրքորոշումը մնում է հաստատուն։ Մամլո ծառայության ներկայացուցչի խոսքերով․

  Ինչ-որ բանի (շինություններ, ինտերիեր կամ նկար) նպատակով մեր նկարները օգտագործելու համար պետք է հարցնել Թանգարանի թույլտվությունը։ Դա օրենք է[11]։  

Իյա Յոցը շարունակեց այդ որոշման բողոքարկումը ավելի բարձր ատյաններում։ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին դատարանը առաջին լսմամբ որոշեց[12] չեղարկել ապելյացիայի մասին նախորդ որոշումները և գործն ուղարկել Ստավրոպոլի երկրամասի վճռաբեկ դատարան՝ նոր քննության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38759/?lng=en
  2. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38759/?lng=en
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38759/
  4. «Woman in Blue».
  5. ամուսինը՝ Հենրի Սոմերսեթ, 5-րդ հերցոգ Բոֆորտը
  6. 6,0 6,1 Ионина Н. А. Томас Гейнсборо «Портрет герцогини де Бофор или Дама в голубом» // 100 великих картин. — М.: Вече, 2000. — ISBN 5783805793
  7. Воронихина Л. Н. Государственный Эрмитаж. — Изд. 2-е, испр. и доп. — М.: Искусство, 1992.
  8. Неверов О. Коллекции семьи Хитрово // Наше наследие : журнал. — 1990. — № 6(18). — С. 41—46.
  9. Рыбак К. Е. Актуальные вопросы музейного права: несанкционированное воспроизведение изображений музейных предметов (рус.). Доклад на VI Международной конференции «Право и Интернет». Проверено 29 августа 2013.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Постановление Суда апелляционной инстанции по делу № А63-18468/2012» (PDF). ФГБУ культуры "Государственный эрмитаж" против Йоц И. В (ռուսերեն). Высший арбитражный суд РФ. 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Антон Губанов. Эрмитаж подал в суд на модельера из Ставрополя (рус.) // Комсомольская правда : газета. — 18 февраля 2013.
  12. Постановление Суда по интеллектуальным правам по делу № А63-18468/2012 (рус.). ФГБУ культуры "Государственный эрмитаж" против Йоц И. В. Высший арбитражный суд РФ (19 сентября 2013). Проверено 21 сентября 2013.

Արտաքին հղումներ խմբագրել