Տիգրան Մարգարյան

հայ մանկավարժ

Տիգրան Մարգարյան (1884, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937), վաստակավոր մանկավարժ։ Զբաղվել է ուսուցիչների վերապատրաստմամբ Ռուսաստանում (Դոնի Ռոստով, Մոսկվա), Վրաստանում, Հայաստանում։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց հանդես է եկել հոգեբանությանը, մանկավարժությանը նվիրված աշխատություններով և հոդվածներով։

Տիգրան Մարգարյան
Տիգրան Մարգարյան
Ծնվել է1884
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1937
Մասնագիտությունմանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԼայպցիգի համալսարան
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց, Հովնանյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Մարգարյանը ծնվել է 1884 թվականին Ախալքալաք քաղաքում։ Տարրական և միջնակարգ կրթություն է ստացել Թիֆլիսի 3-րդ արական գիմնազիայում։ Կարճ ժամանակ սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Տեղի հայ համայնքը իր վրա է վերցնում նրա հետագա ուսումնառության ծախսերը և ուղարկում Գերմանիա՝ մանկավարժական գիտությունների մեջ կատարելագործվելու համար։ 1910 թվականին Սանկտ Պետերբուրգում գումարված մանկավարժության ու հոգեբանության հարցերին նվիրված համառուսաստանային գիտաժողովին։ Գերմանիայից այնտեղ էին հրավիրվել Հեսսենի համալսարանի պրոֆեսոր Զամմերը, Լայպցիգի համալսարանից՝ Տիգրան Մարգարյանը։

Տիգրան Մարգարյանն ավարտել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայական-մանկավարժական բաժինը։ 1911 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Տիգրան Մարգարյանը վերադառնում է Կովկաս և եռանդուն մանկավարժական գործունեություն ծավալում։ 1911-1913 թվականներին նրան տեսնում ենք հայրենի Ջավախքում, այնուհետև դասավանդում է Թիֆլիսի Ներսիսյան և Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցների բարձր դասարաններում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ որտեղ դասավանդել է աշխարհագրություն, հոգեբանություն, տրամաբանություն, դիդակտիկա և մանկավարժություն։ 1911 թվականին հոկտեմբերից մոտ երեք տարի եղել է Կովկասյան դպրոցների ուսուցիչների միության կենտրոնական վարչության անդամ։ 1917 թվականին փետրվարյան հեղափոխությունից հետո նա նորից Ախալքալաքում էր, որտեղ հասարակական հիմունքներով հիմնում է պետական գիմնազիայի տիպի միջնակարգ դպրոց՝ կից մանկապարտեզով՝ իրականացնելով իր վաղեմի ցանկությունը։ Նա դպրոցում սահմանում է օրինակելի կարգ ու կանոն, առարկաների դասավանդումը դնում է պատշաճ մակարդակի վրա։

1918 թվականի սկզբին, երբ Ախալքալաքը ողողվում է Արդահանի գաղթականներով, դպրոցի օժանդակ շենքերը տրամադրում են նրանց, սակայն մայիսին թուրքական բանակը խափանում է աշխատանքի բոլոր փորձերը։

1918-1920 թվականներին վերահաստատվելով Թիֆլիսում՝ Տիգրան Մարգարյանը դասախոսել է Թիֆլիսի Ֆրեբելյան մանկավարժական դասընթացներում և վարել Կովկասի հայոց բարեգործական ընկերության՝ Թիֆլիսում, Մանգլիսում և այլ վայրերում գործող որբանոցային դպրոցների տեսչի պաշտոնը։ 1921-1924 թվականներին Մարգարյանն աշխատում է Մոսկվայում, ՌԽՖՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատում՝ որպես հրահանգիչ, միաժամանակ եռանդուն գիտահետազոտական աշխատանք է կատարում Մոսկվայի կենտրոնական մանկավարժական ինստիտուտում։

1924 թվականին Մարգարյանը հրավիրվում է Հայաստան և նշանակվում Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ։ Հետագայում Տիգրան Մարգարյանն աշխատում է Դոնի Ռոստովի հայկական մանկավարժական ուսումնարանում։ Լայն ճանաչում է ստացել Երևանի պետական համալսարանում պաշտոնավարելու շրջանում նրա գրած «Դպրոցը, երեխան և ուսուցիչը» աշխատությունը, որը 1924 թվականին ռուսերեն լույս է տեսել Դոնի Ռոստովում։

Տիգրան Մարգրյանը ևս ենթարկվել է ժամանակի բռնություններին և անհիմն մեղադրանքների հիման վրա ձերբակալվել։ Նրա գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին՝ ուժերի ծաղկման շրջանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009