Տիգելային հալում, տիգելային պրոցես, հրահեստ նյութերից պատրաստված անոթներում՝ տիգելներում, մետաղների և դրանց համաձուլվածքների ստացման պրոցես։ Հալման ենթակա մետաղով լցված տիգելը դրվում է փայտածուխով, կոքսով, մազութով, այրվող գազով կամ էլեկտրական էներգիայով ջեռուցվող վառարանի մեջ։ Հալվող մետաղի հետ վառելիքի կամ այրման արգասիքների շփումն ու փոխազդեցությունն աննշան են, որի շնորհիվ էլ հալվող մետաղն ստացվում է մաքուր։ Տիգելային հալում մետաղների և համաձուլվածքների հալման հնագույն եղանակներից է։ Այս եղանակով պղնձից և նրա համաձուլվածքներից ձուլուկների պատրաստման մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված կավե հրահեստ տիգելները կամ դրանց մնացորդները։ մեծ քանակությամբ տիգելներ են պեղվել Հայաստանի մի շարք հնագույն մետալուրգիական կենտրոնների (հիմնականում Մեծամորի) տարածքում։ Հնագույն ժամանակներում բարձրորակ պողպատների ստացման նպատակով կիրառվող տիգելային հալում և այդ պողպատների մշակումը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանց շնորհիվ ստացված պողպատներն ունեցել են բարձր կիրառական հատկություններ։ Այս եղանակով են հալել և մշակել հատուկ պողպատները (բուլատ, դամասկ), որոնցից պատրաստված սառը զենքը (դանակներ, դաշույններ, սրեր) մեծ համբավ է ունեցել բացառիկ ամրության, ճկունության ու սրության շնորհիվ։ Սկսած XVIII դարի կեսերից Եվրոպայում, ինչպես նաև Ուրալում բարձրորակ պողպատների տիգելյան հալման եղանակը զգալիորեն կատարելագործվել է երկաթի ցեմենաացման և խարամի շերտի տակ ընթացող հալման շնորհիվ։ Տիգելյան հալումը կիրառվում է նաև մեր ժամանակներում՝ որպես գունավոր մեաաղների ու դրանց համաձուլվածքների հալման և ձուլուկների պատրաստման պարզ եղանակ։

Գրաֆիտային տիգել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 695