Տետրացիկլիններ, քիմիական կառուցվածքով և կենսաբանական ակտիվությամբ իրար շատ մոտ բնական և կիսասինթետիկ անտիբիոտիկների խումբ։ Բնական Տետրացիկլիններն են՝ օքսիտետրացիկլինը (տերամիցին), քլորտետրացիկլինը (աուրեոմիցին) և տետրացիկլինը, n-f հայտնաբերվել ու անջատվել են XX դարի 1940-1950 թվականներին ճառագայթասնկերի (Actinomyces rimosus և այլն) կենսագործունեության նյութերից։ Բժշկական պրակտիկայում օգտագործում են նաև բնական Տետրացիկլինի մոդիֆիկացումից ստացված պատրաստուկներ (ռեվերին, մորֆոցիկլին, գլիկոցիկլին) և Տետրացիկլինի կիսասինթետիկ ածանցյալները՝ մետացիկլին (ռոնդոմիցին), դոկսիցիկլին (վիբրամիցին), մոնոցիկլին են։ Տետրացիկլիններն ունեն ուժեղ հակամանրէային ազդեցություն, ընկճում են գրամդրական և գրամբացասական բակտերիաների, սպիրոխետների, լեպտոսպիրների, որոշ նախակենդանիների (ամեոբա, տրիխոմոնադ) և խոշոր վիրուսների (լիմֆոգրանուլոմայի և տրախոմայի խմբի) աճը։ Տետրացիկլինի բակտերիաստատիկ ազդեցությունը պայմանավորված է բակտերային բջջում սպիտակուցների կենսասինթեզի ընկճմամբ։ Տետրացիկլինից որևէ մեկի նկատմամբ մանրէների ձեռք բերած կայունությունն ուղեկցվում է մյուս բոլոր Տետրացիկլինների հանդեպ ռեզիստենտությամբ (բացառությամբ՝ մոնոցիկլինի)։ Տետրացիկլինները գործածվում են նաև հակամանրէային ազդեցության այլ մեխանիզմի անտիբիոտիկների (օրինակ, օլեանդոմիցինի) հետ։ Տետրացիկլիններն օգտագործում են շնչառական, ստամոքսաղիքային համակարգերի, միզուղիների և լեղուղիների հիվանդությունների, բծավոր տիֆի և այլ հիվանդությունների բուժման նպատակով։

Տետրացիկլինի հիմնական կառուցվածքի 4 օղակները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 660
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տետրացիկլիններ» հոդվածին։