Տեխնիկական գեղագիտություն

Տեխնիկական գեղագիտություն, մարդու կյանքի և գործունեության համար արտադրական արտադրության միջոցներով ստեղծվող ներդաշնակ առարկայական միջավայրի ձևավորման սոցիալական-մշակութային, տեխնիկական և գեղագիտական պրոբլեմներն ուսումնասիրող գիտակարգ։ Կազմելով դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը ուսումնասիրում է դրա հասարակական բնույթը և զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքները և մեթոդները, գեղանկարիչ նախագծողի (դիզայների) մասնագիտական ստեղծագործության և վարպետության պրոբլեմները։ Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը։

Դիզայնի ընդհանուր տեսություն խմբագրել

Դիզայնի ընդհանուր տեսությունը ուսումնասիրում է դիզայնի սոցիալական էությունը, առաջացման պայմանները, պատմությունը, արդի վիճակը և զարգացման հեռանկարները, արվեստի, տեխնիկայի և ամբողջությամբ մշակույթի հետ նրա փոխադարձ կապը, առարկայական միջավայրի գեղագիտության հարցերը, ինչպես նաև ձևակերպում է արտադրական արտադրանքին ներկայացվող տեխնիկական գեղագիտության պահանջները, որոշում արդ․ արտադրանքի որակի տեխնիկագեղագիտական ցուցանիշների համակողմանի գնահատման և կանխատեսման մեթոդները, ներդաշնակ առարկայական աշխարհի ստեղծման խնդիրներին համապատասխանող ապրանքների օպտիմալ տեսականու ձևավորման սկզբունքները։

Գեղարվեստական նախագծման տեսություն խմբագրել

Գեղարվեստական նախագծման տեսությունը սահմանում է գեղարվեստական նախագծման տեղը նախագծման պրոցեսի ընդհանուր կառուցվածքում, դրա տիպաբանական առանձնահատկությունները, ուսումնասիրում գեղանկարիչ նախագծողի ստեղծագործական մտածողության օրինաչափությունները և որոշում նրա մասնագիտական գործունեության միջոցներն ու մեթոդները։ Գեղարվեստական նախագծման տեսության էական մասն է արդ․ արտադրանքի ձևաստեղծման և կոմպոզիցիայի տեսությունը, ձևաստեղծման օրենքները բացահայտում են արտադրանքի ձևի կապը նրա կոնստրուկցիայի, նյութի, պատրաստման տեխնոլոգիայի, ֆունկցիայի հետ, արտադրանքի ձևի և ոճի փոփոխման պատմական միտումները, իսկ կոմպոզիցիայի տեսությունը ուսումնասիրում է ամբողջական, ներդաշնակ ձևի ստեղծման օրինաչափությունները և մասնագիտական մեթոդները։ Կոմպոզիցիայի հիմնական կատեգորիաներն են՝ ծավալատարածական կառուցվածքը, արխիտեկտոնիկան, պլաստիկությունը, ներդաշնակման միջոցները (համամասնություն, ռիթմ, կոնտրաստ, նրբերանգ)։ Մշակվում է գեղարվեստական նախագծման մեթոդիկա, որը ծառայում է որպես գործնական աշխատանքի ուղեցույց։

Տեխնիկական գեղագիտությունը սերտորեն կապված է սոցիալական հարաբերությունների հետ։ Արդի կապիտալիստական հասարակարգը մի կողմից հարկադրված է զարգացնել տեխնիկական գեղագիտությունը և օգտագործել դրա նվաճումները, քանի որ այն անմիջականորեն ազդում է արդյունաբերության բոլոր ճյուղերի մրցունակության վրա, մյուս կողմից, բուրժուիստական տնտեսության տարերային բնույթն անհաղթահարելի արգելքներ է ստեղծում տեխնիկական գեղագիտության տվյալների հետևողական և պլանաչափ կիրառման ճանապարհին, իսկ ռեկլամի օրենքները հաճախ հանգեցնում են այնպիսի առարկաների ստեղծման, որոնց մոդայիկ արտաքին տեսքը քողարկում է հնացած կոնստրուկցիան։

Սոցիալիզմի օրոք, ընդհակառակը, տեխնիկական գեղագիտությունը կարևոր դեր է կատարում աշխատանքի, կենցաղի և հանգստի համար լավագույն պայմաններ ստեղծելու, ներդաշնակորեն զարգացած մարդ դաստիարակելու, նյութական, մշակութային և գեղագիտական արժեքների նկատմամբ կոմունիստական վերաբերմունք մշակելու գործում։

Դիզայնի և նրա տեսության ծագման պայմանների ձևավորումը կապված է տեխնիկայի և արվեստի բնագավառների բաժանման և առանձնացման դարաշրջանի, արհեստավորական արտադրության անկման և արտադրական արտադրության կազմավորման հետ։ Ընդ որում, առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում էր միասնականությունը, դառնում տարասեռ և էկլեկտիկական, գեղարվեստական արժեք էր վերագրվում միայն արվեստի ստեղծագործություններին, իսկ արդ․ արտադրանքին՝ տեխնիկական ֆունկցիա։ Սակայն XIX—XX դարերի սահմանագլխին ծագում է մեքենաների և տեխնիկական կառույցների գեղեցկության մասին պատկերացումը, ողջ առարկայական աշխարհը ներդաշնակման հիման վրա կարգավորելու և վերակազմելու անհրաժեշտությունը։ Այս գաղափարների ազդեցությամբ շատ երկրներում ծնունդ առավ շարժում հանուն արվեստի և տեխնիկայի միասնության, ստեղծվեցին գեղարվեստա-արտադրական միություններ, ստեղծագործական խմբեր և դպրոցներ։

Աոցիալական լայն առումով տեխնիկական գեղագիտության պրոբլեմները առաջին անգամ իմաստավորվեցին և խորապես ու հստակորեն մշակվեցին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո։ 1920 թվականի հոկտեմբերի 16-ին որոշում է ընդունվում ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդին կից գեղարվեստա-արտադրական հանձնաժողով ստեղծելու մասին, որի վրա դրվում է արդյունաբերության մեջ ողջ գեղարվեստական գործունեության ղեկավարությունը։ Բարձրագույն պետական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցների կազմակերպումով ծավալվեց արվեստը արտադրության հետ միաձուլելու, կյանքը գեղեցիկի օրենքներով վերակառուցելու շարժում (գեղանկարիչներ Վ․ Ե․ Տատլին, Ա․ Ս․ Ռոդչենկո, Լ․ Մ․ Լիսիցկի, ճարտարապետներ Ս․ Յա․ Գինգբուրգ, Վեսնիններ և ուրիշներ)։ Միաժամանակ հետազոտություններ էին տարվում աշխատանքի գիտական կազմակերպման բնագավառում, դրվում էին էրգոնոմիկայի հիմքերը։ Հայրենական արդյունաբերության հետագա զարգացմանը զուգընթաց արդյունաբերության մեջ գեղարվեստական նախագծման մեթոդների կիրառման մասին տեսական պատկերացումները հարստացան նավաշինության, ավտոմոբիլաշինության, երկաթուղային տրանսպորտի և այլ բնագավառներում կատարած աշխատանքի փորձով։ 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում ձևավորվում է գեղարվեստական նախագծման կազմակերպման պետական համակարգ, որը ներառում է տեխնիկական գեղագիտության համամիութենական ԳՀԻ, նրա մասնաճյուղերը, ճյուղային մասնագիտացված գեղարվեստական նախագծման բյուրոները, գեղարվեստական նախագծման ստորաբաժանումները արդ․ ձեռնարկություններում, նախագծային և գիտահետազոտական կազմակերպություններում։ Այդ համակարգի կազմավորման արդյունքն եղավ այն, որ ոչ միայն ընդարձակվեց հետազոտությունների ծավալը, այլև տեղի ունեցան էական որակական փոփոխություններ․ գեղարվեստական նախագծման օբյեկտ են դառնում ոչ թե առանձին առարկաները, այլ իրերի համակարգերը, իրերի և մարդկանց ամբողջ խմբերի միջև բարդ կապերը։

 
Բաուհաուզ

Արտասահմանում 1920-ից 1930-ական թվականներին տեխնիկական գեղագիտության խոշորագույն գիտահետազոտական և գաղափարա-մանկավարժական կենտրոն էր «Բաուհաուզը», որը ղեկավարել են Վ․ Գրոպիոլսը, Հ․ Մայերը և Լ․ Միս վան դեր Ռոեն։ Գերմանիայում ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո «Բաուհաուզը» փակվեց, նրա գրեթե բոլոր հիմնադիրները վտարանդեցին։ Ետպատերազմյան շրջանում տեխնիկական գեղագիտության հարցերի մշակումը վերսկսվեց Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցում (ԳՖՀ), Արվեստների թագավորական կոլեջում (Մեծ Բրիտանիա), ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 636