Տաքսիսներ (հունարեն՝ τάξις — դասավորություն, տեղադրություն), ազատ շարժվող մանրէների և միաբջիջ բույսերի, ինչպես նաև բազմաբջիջ օրգանիզմների առանձին բջիջների (զոոսպորներ, սպերմատոզոիդներ, լեյկոցիտներ) և բջիջների առանձին մասերի (կորիզներ, պլաստիդներ) շարժողական ռեակցիաներ։ Առաջանում են միակողմանի գրգիռի ազդեցությունից։ Տարբերում են լույսի (ֆոտոտաքսիս), ջերմաստիճանի (թերմոտաքսիս), խոնավության (հիդրոտաքսիս), հեղուկի հոսքի (ռեոտաքսիս), էլեկտրական հոսանքի (գալվանատաքսիս), վնասվածքի (տրավմատաքսիս), քիմիական (քեմոտաքսիս), մեխանիկական (բարոտաքսիս) և այլ գրգռիչների ազդեցությամբ պայմանավորված տաքսիսներ։ Ըստ ռեակցիայի բնույթի տարբերում են դրական (շարժում դեպի գրգռիչը), բացասական (շարժում գրգռիչի հակառակ ուղղությամբ) տաքսիսներ և գրգռի աղբյուրի նկատմամբ որոշակի ուղղություն չունեցող ֆոբոտաքսիսներ («վախի» շարժումներ)։ Տաքսիսի բնույթը կարող է փոփոխվել կախված գրգռի ինտենսիվությունից և օրգանիզմի վիճակից։ Տաքսիսներն անհրաժեշտ է տարբերել տրոպիզմներից՝ անշարժ (ամրացրած) բույսի առանձին օրգանների կամ ամբողջական բույսի միակողմանի գրգիռով պայմանավորված շարժումներից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 632