Տարրական երկրաչափություն

Տարրական երկրաչափություն, տարրական մաթեմատիկայի բաժին։ Տարրական երկրաչափության շրջանակները այնքան էլ հստակ չեն որոշված, սովորաբար նկատի են ունենում առաջին անգամ Էվկլիդեսի «Սկզբունքներում համակարգված երկրաչափությունը, որը որոշ փոփոխություններով մինչև այսօր էլ ուսուցանվում է միջնակարգ դպրոցում։ Տարրական երկրաչափության պարզագույն հասկացություններն են՝ կետը, հատվածը, անկյունը, հարթությունը և պատկերների հավասարությունը, երկրաչափական մյուս պատկերները որոշվում են վերջավոր թվով այդպիսի պարզագույն պատկերներով։ Տարրական երկրաչափությունը ուսումնասիրում է երկրաչափական պատկերների կամ նրանց տարբեր տարրերի փոխդասավորությունը և հավասարությունը, երկարությունները, մակերեսները, ծավալները։ Տարրական երկրաչափությունը բնորոշվում է նրանով, որ ուսումնասիրում է ոչ թե ընդհանրապես ցանկացած գծեր, մակերևույթներ և այլ պատկերներ, այլ յուրաքանչյուր դեպքում մասնավոր եղանակով տրվող կամ կառուցվող պատկերներ և նրանց՝ նույնպես մասնավոր հատկություններ։ Կամայական պատկերների և նրանց երկարությունների, մակերեսների ու ծավալների ընդհանուր սահմանումները, դրանց ընդհանուր հատկությունների ուսումնասիրումն ու հաշվումների ընդհանուր մեթոդի ստեղծումը տարրական երկրաչափության շրջանակներից դուրս են։ Դրանցով զբաղվում են անալիտիկ երկրաչափությունը, դիֆերենցիալ երկրաչափությունը, դիֆերենցիալ հաշիվը, ինտեգրալ հաշիվը բազմությունների տեսությունը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 622