Տարգալակտուց
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Իբիսներ (Threskiornithidae)
Ենթաընտանիք Plateinae
Ցեղ Տարգալակտուց (Platalea)
von Linné, 1758

Տարգալակտուց (լատին․՝ Platalea leucorodia), արագիլների կարգի, քաջահավերի ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինը արագիլից քիչ փոքր է (երկարությունը մոտ 80 սմ, զանգվածը՝ 1,5 կգ), փետրավորումը՝ ամբողջությամբ սպիտակ։ Տափակ և լայն կտուցի ծայրը գդալանման կլորանում է։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում։ Տարգալակտուցը ջրաճահճային թռչուն է, սնվում է գլխավորապես ջրային մանր անողնաշարավորներով։

Բնադրում խմբագրել

Բնադրում է գաղութներով։ Դնում է 3-5 ձու։ Հայաստանում, մինչև Սևանա լճի մակարդակի անկումը, տարգալակտուցը ոչ մեծ քանակությամբ բնադրում էր Գիլլի լճի ճահճուտներում։ Տեսակը ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Այժմ տարգալակտուցը հանդիպում է միայն գարնանային և աշնանային չուի ճանապարհին (Արարատյան դաշտի ձկնաբուծական ջրավազաններում դադար է առնում 15-20 օր)։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Առաջավոր և Փոքր Ասիայում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Չինաստանում և Ռուսաստանում։

Հայաստանում 1930-40-ականներին հաճախ հանդիպում էր Արաքսի և Սևանա լճի ավազանում։ Ներկայումս չուի ժամանակ հանդիպում են Արփի լճում, Ստեփանավանի գերխոնավ տարածքներում, Ախուրյանի ջրամբարում, իսկ բնադրման շրջանում՝ նաև Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում[1]։

Պահպանություն խմբագրել

Անհետացող տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սպառնացող վտանգներից է Գիլլի լճի և Արարատյան հարթավայրի ջրաճահճային հատվածների չորացումը, որը հանգեցրել է բնադրավայրերի ոչնչացմանը և կերային բազայի աղքատացմանը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարգալակտուց» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարգալակտուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։