Տատեոն, Տատեոնք, Դիադին, ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանու աջ ափին, Բայազետից 33 կիլոմետր արևմտյան, Վարշակի ջերմուկների շրջանում։ Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին՝ 4-րդ դարի դեպքերի կապակցությամբ։ 1555 թվականի Ամասիայի պայմանագրով Տատեոն (որ արդեն հայտնի էր Դիադին անվանաձևով) անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև 19-րդ դարի 1-ին քառորդը եղել է Բայազետի փաշայության Դիադինի գավառակի կենտրոնը։ 8-րդ դարի վերջի տվյալներով ունեցել է 500 տուն բնակելի, հիմնականում հայեր, որոնք զբաղվել են արհեստներով ու առևտրով։ Գործել են շուկա, մոտ 40-50 խանութ, եկեղեցի (Սուրբ Աստվածածին) և դպրոց։ 1828 թվականին ռուս, զորքերը հայերի աջակցությամբ գրավել են Տատեոն։ Սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի պայմանագրով, երբ Տատեոն վերադարձվել է Թուրքիային, ավանի ու գավառակի հայերի մեծ մասը ստիպված գաղթել են Արևմտյան Հայաստան՝ հիմնականում բնակություն հաստատելով Բասարգեչար (այժմ՝ քտա Վարդենիս) գյուղում։ Հայերի հեռանալուց հետո Տատեոն անշքացել է։ 20-րդ դարի սկզբին ուներ 15 տուն հայ բնակչությամբ։ Տատեոնի վերջին հայ բնակիչները տեղահանվել կամ զոհվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Ներկայումս Աղրի իլի կազմում է։ Տատեոնի և նրա գավառի հայերը խոսել են «կը» ճյուղի բարբառով (տես Դիադինի բարբառ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 601