Տաջիկստանի ազգային թանգարան

թանգարան Դուշանբեում

Տաջիկստանի ազգային թանգարան (տաջ.՝ Осорхонаи миллии Тоҷикистон), գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Մինչև 2011 թվականը կրել է պարսիկ հայտնի մանրանկարիչ Քեմալէդդին Բեհզադի անունը, որն աշխատել է Հուսեյն Բայքարի և Իսմայիլ Առաջինի պալատներում։ 2013 թվականի մարտին նոր շենք տեղափոխվելուց ի վեր կոչվում է Տաջիկստանի ազգային թանգարան։

Տաջիկստանի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Տաջիկստան
ՏեղագրությունԴուշանբե
ՎայրԴուշանբե
Ղեկավարության նստավայրԴուշանբե, Տաջիկստան
Հիմնադրվել է1934
Կայքnewnmt.tj
Տաջիկստանի ազգային թանգարանի նոր շենքը, Դուշանբե, 2013 թվական
Ազգային թանգարանը 2014 թ. թողարկված հուշադրամի դարձերեսին

Ստեղծման պատմություն խմբագրել

1934 թվականի օգոստոսի 12-ին ԽՍՀՄ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ժողովրդական կոմիսարների խորհուրդը համատեղ որոշում է կայացրել Տաջիկստանում թանգարանների կազմավորման մասին։ Տաջիկստանի ժողովրդական կոմիսարիատը հրամանագիր է ստորագրել Դուշանբե քաղաքում Ք. Բեհզադի անվան թանգարան ստեղծելու մասին։ 1959 թվականին թանգարանը վերածվել է պատմաերկրագիտական և կերպարվեստի հանրապետական միացյալ թանգարանի։ 1999 թվականի նոյեմբերի 27-ին Տաջիկստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Ք. Բեհզադի անվան թանգարանը ստացել է ազգային կարգավիճակ։

Ազգային թանգարանի նոր շենք խմբագրել

2013 թվականի մարտին Դուշանբեում տեղի ունեցավ Տաջիկստանի ազգային թանգարանի նոր շենքի բացման արարողությունը։ Շենքը գտնվում է Վարզոբ գետի անմիջական հարևանությամբ։ Մոտակայքում են գտնվում Տաջիկստանի անկախության հուշարձանը, Տաջիկստանի ազգային գրադարանը և մի քանի զբոսայգիներ, այդ թվում` Ռուդաքիի այգին, որն անվանվել է բանաստեղծ Ռուդաքիի պատվին[1][2][3]։

Թանգարանը բաղկացած է 22 մեծ ու փոքր ցուցասրահներից։ Դրանք բնության, հին և միջին դարերի, նոր և նորագույն պատմության, կերպարվեստի և կիրառական արվեստի ցուցադրական բաժիններ են։ Թանգարանին կից ստեղծվել է գիտահետազոտական բաժին, որտեղ գտնվում են գրավոր ժառանգության բաժինները և Տաջիկստանի թանգարանային գործունեության մեջ հնագիտության և դրամագիտության նոր բաժինները։ Արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության համար ստեղծվել է միջազգային բաժին։ Բացի այդ` առկա են ֆոնդային, հաշվապահական և վերականգնման բաժիններ։

Տաջիկստանի ազգային թանգարանի ցուցադրական տարածքը 15 հազար մ² է։

Թանգարանային ֆոնդ խմբագրել

1934 թվականին թանգարանում կար ընդամենը 530 ցուցանմուշ։ Տաջիկստանի ազգային թանգարանի նոր ցուցադրության մեջ երկրի բոլոր թանգարաններից հավաքվել են նյութական ժառանգության, ֆլորայի և ֆաունայի ցուցանմուշներ։

Ցուցանմուշների թիվը գերազանցել է 50 000-ը։

Ցուցադրության բաժիններ խմբագրել

Ազգային թանգարանն ունի ցուցադրությունների հետւյալ բաժինները`

  • բնության բաժին,
  • հին և միջնադարյան պատմության բաժին,
  • նոր և նորագույն պատմության բաժին,
  • կերպարվեստի բաժին[4]։

Քննադատություն խմբագրել

Ազգային թանգարանը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ նա չի կարողացել համընդհանուր ցուցադրության հանել թանգարանին պատկանող հայտնի նկարիչների նկարները։ Հատկապես անդրադարձ է կատարվել աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և Վիկտոր Վասնեցովի աշխատանքներին, ինչպես նաև արևմտյան հայտնի նկարիչների գործերին, ինչպիսիք են Ռաֆայելն ու Ջովաննի Բելլինին։ Այս աշխատանքների հերթական քննարկումից հետո թանգարանը խոստացել էր նկարները ցուցադրել նոր շենք տեղափոխվելուց հետո, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Պատկերասրահ խմբագրել

Թանգարանի ցուցանմուշներից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bakhriddin. «National museum of Tajikistan». Վերցված է 2018-11-17-ին.
  2. «Tajikistan reopens national museum». Վերցված է 2018-11-17-ին.
  3. «National Museum of Tajikistan». Վերցված է 2018-11-17-ին.
  4. «ABOUT MUSEUM». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաջիկստանի ազգային թանգարան» հոդվածին։