Տապ (ֆիլմ, 1995)
«Տապ» (անգլ.՝ Heat[5], ԱՄՆ, 1995), Մայքլ Մանի կրիմինալ դրաման, գլխավոր դերերում նկարահանվել են Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն[6]։ Ֆիլմը 1989 թվականին նկարահանված «Պատրաստված է Լոս Անջելեսում» հեռուստատեսային ֆիլմի վերաթողարկումն է, որի ռեժիսորը և սցենարիստը նույնպես Մայքլ Մանն էր։ Ֆիլմը 123-րդ տեղն է գրավում 250 լավագույն ֆիլմերի ցանկում ըստ IMDb կայքի[7]։
Սյուժե
խմբագրելԼոս Անջելեսում և արվարձաններում գործող Նիլ ՄըքՔոլիի հանցախումբը հիմնված է ոչ միայն կարգապահության և հանցագործությունների կազմակերպման մանրակրկիտ նախապատրաստման սկզբունքների վրա, այլ նաև խմբի անդամների` Քրիս Շիհերլիսի (Վել Քիլմեր), Մայքլ Չերիտոյի (Թոմ Սայզմոր) և Տրեխոյի (Դենի Տրեխո) հին ընկերական հարաբերությունների վրա։ Սակայն, դրամափոխադրիչ մեքենայի վրա լավ պլանավորված հարձակումը գրեթե ձախողվել է կողքից ներգրավված հանցագործ Վեյնգրոույի` դիմացկունության պակասի պատճառով։ Առանց ինչ որ պատճառի նա սպանում է թիկնապահներից մեկին, ինչն ստիպում է հանցագործներին սառնասրտորեն սպանել մյուս պահապաններին։ Անուշադրության մատնելով մնացած բոլոր թանկարժեք իրերը` նրանք վերցնում են միայն արժեքավոր թղթերը։ Հետաքննությունը, որն անմիջապես իր վրա է վերցնում սպանությունների բաժինը։ Վեյնգրոույի հանցակիցները նրան դատապարտում են` նրա կատարած անհիմն սպանությունների պատճառով։ Սակայն պատահականությամբ նա կարողանում է թաքնվել։ Հանցախմբի անդամ և ընկեր Նեյթը (Ջոն Վոիթ) կարծում է, որ առավել շահավետ կլինի վաճառել ստացած բաժնետոմսերը հենց նախկին սեփականատիրոջը` նարկոդոլարների օրինականացման գործում ֆինանսական միջնորդ վան Զանտին, ով ամբողջական փոխհատուցում կստանա ապահովագրական ընկերությունից։ Հեռախոսային զրույցի ժամանակ Նեյթը Թոմին առաջարկում է ստանալ բոլոր արժեքավոր թղթերի գումարի 60 տոկոսը։ Վան Զանտը համաձայնվում է, բայց լսափողը դնելով, հրամայում է սպանել նրանց, ովքեր ոտնձգություն են կատարել իր սեփականության հանդեպ։ Փոխհրաձգության ժամանակ վան Զանտի մարդիկ սպանվում են, իսկ հենց վան Զանտին ՄըքՔոլին սպառնում է հեռախոսով։
Դրամափոխադրիչ մեքենայի վրա հարձակման հետաքննությունը հանձն է առնում սպանությունների բաժնի փորձառու լեյտենանտ Վինսենթ Հաննան (Ալ Պաչինո)։ Օգտագործելով լրատուների` նա բռնում է ՄըքՔոլիի հանցագործ խմբի հետքը և ուշադիր սպասում է այլ հանցագործությունների` ամբողջ հանցախմբին միանգամից ձերբակալելու համար։ Նիլն իր ոստիկանության աղբյուրներից տեղեկանում է պլանավորված հանցագործության մասին և իր ընկերներին խորհուրդ է տալիս մոտակա ժամանակներս չմտածել հանցագործության մասին։ Միևնույն ժամանակ, նա հայտնում է նրանց պլանի մասին, ըստ որի նրանք պետք է կողոպտեն բանկը և երաշխավորում է պլանի իրագործման մասին։ Հանցագործները որոշում են ռիսկի դիմել։
Միաժամանակ ֆիլմը պատմում է «ոստիկանների» և «հանցագործների» անձնական կյանքի մասին։ Լեյտենանտ Հաննայի հերթական անհաջող ամուսնությունը, այս անգամ Ջասթինի հետ, մոտ է բաժանման` Հաննայի չափից դուրս զբաղվածության, ցավագին մասնագիտական պատասխանատվության պատճառով։ Շիհերլիսի խաղամոլությունը նրա կնոջը` Շարլինին մղում է դավաճանության։ ՄըքՔոլիի բախտը ավելի շատ էր բերում։ Նա կապվում է Իդայի հետ, ով նրան համարում էր սովորական ձեռնարկատեր։ Նախատեսված օրը, ավազակախումբը, բացառությամբ Տրեխոյի, ով չէր կարողացել ազատվել Վեյնգրոույի ուղղորդած վան Զանտի մարդկանց հետապնդումից, բանկի վրա կազմակերպում են ավազակային հարձակում։ Նախ ամեն ինչ հաջողվում է։ Բայց լեյտենանտ Հաննան, ստանալով անանուն աղբյուրից (ավելի ուշ ասվում է, որ դա եղել է Հյու Բեննին, վան Զանտի օգնականը) ավազակային հարձակման մասին, հասցնում է իր խմբի հետ հասնել բանկ այն ժամանակ, երբ հանցագործները լքում էին բանկը։ Տեղի է ունենում փոխհրաձգություն քաղաքի փողոցներում։ Չերիտոն սպանվում է, Շիհերլիսը լուրջ վիրավորվում է, և ՄըքՔոլին դուրս է բերում նրան կրակի տակից։ Նրանց երկուսին հաջողվում է թաքնվել` գողացված փողերի մի մասն իրենց հետ տանելով։
Թողնելով Քրիսին չարտոնագրված բժշկի մոտ` Նիլը գնում է Տրեխոյի մոտ. վերջինս մահանում էր վան Զանտի հետ համագործակցող Վեյնգրոույի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։ ՄըքՔոլիի վրեժը չի ուշանում, հանցագործ բանկիրը գնդակահարվում է իր տանը։ Նիլը գնում է Իդայի մոտ, մասամբ կիսվում է նրա հետ և համոզում նրան իր հետ գնալ քաղաքից։ Վերցնում են փողերը, կեղծ անձնագրերը և շարժվում դեպի օդանավակայան։ Այստեղ գործում է ծուղակը, որը պատրաստել էր լեյտենանտը քիչ ավելի վաղ։ Որոշ ժամանակ անց ոստիկանությանը տեղեկություն է հասնում Վեյնգրոույի թաքստոցի մասին. և Հաննան ենթադրում է, որ վան Զանտի սպանությունից հետո ՄըքՔոլիի հաջորդ թիրախը Վեյնգրոուն է լինելու, կազմակերպում է դարան հյուրանոցում, որտեղ նա ապրում էր։ Երկար մտորումներից հետո ՄըքՔոլին գնում է հյուրանոց, հրդեհ է կազմակերպում, ստեղծված խուճապի մեջ չեզոքացնում է գործակալներին և իրականացնում է Վեյնգրոույի սպանությունը։ Լեյտենանտ Հաննան, կորցնելով հույսը, որ կարող է ձերբակալել թաքնվող ՄըքՔոլիին, ստանում է անսպասելի տեղեկություն նրա դեմ կազմակերպված դարանի մասին, շտապում է հյուրանոց և կարճատև հետապնդումից հետո, Լոս Անջելեսի օդանավակայանի տարածքում մահացու վիրավորում է Նիլին։ ՄըքՔոլին մահանում է Հաննայի ձեռքերում։
Դերերում
խմբագրել- Ալ Պաչինո - Լեյտենանտ Վինսենտ Հաննա
- Ռոբերտ Դե Նիրո - Նիլ ՄըքՔոլի
- Վել Քիլմեր - Քրիս Շիհերլիս
- Թոմ Սայզմոր - Մայքլ Չերիտո
- Դայան Վենորա - Ջասթին Հաննա
- Էմի Բրենեման - Իդա
- Դենիս Հեյսբերթ - Դոնալդ Բրիդան
- Էշլի Ջադ - Շառլին Շիհերլիս
- Մայքեթտի Վիլիամսոն - Սերժանտ Դրուքեր
- Վես Սթյուդի - Դետեկտիվ Կազալս
- Թեդ Լիվայն - Բոսկո
- Վիլյամ Ֆիքթներ - Ռոջեր վան Զանտ
- Հենրի Ռոլինզ - Հագ Բեննի
- Նատալի Փորտման - Լորեն Գուստավսոն
- Թոմ Նունեն - Քելսո
- Քեվին Գեյջ - Վեյնգրոու
- Հենք Ազարիա - Ալան Մարչիանո
- Սյուզան Թրեյլոր - Էլեն Չերիտո
- Քիմ Սթոնթոն - Լիլիան
- Ջոն Վոիթ - Նեյտ
- Դենի Տրեխո - Տրեխո
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 1983 թվականին «The Keep» ամսագրին տված հարցազրույցում, ռեժիսոր Մայքլ Մանը հայտարարել է, որ ինքը կուզեր էկրաններին տեսնել «Տապ»-ը, որի սցենարն արդեն պատրաստ էր։ Սակայն նա ֆիլմի ռեժիսորը լինելու ցանկություն չուներ։
- Քսանդեր Բերկլին խաղացել է Ռալֆի դրվագային դերը։ Նա նաև մարմնավորել է Վեյնգրոուին «Պատրաստված է Լոս Անջելեսում» ֆիլմում, որի ռիմեյքն է «Տապ» ֆիլմը։
- Վել Քիլմերը խաղում էր նույն այն դերը որը «Պատրաստված է լոս անջելեսում» ֆիլմում խաղացել է Փիթեր Դոբսոնը։ Դոբսոնը նաև մարմնավորել է Էլվիս Փրեսլիին 1994 թվականի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում։ Քիլմերը ևս մարմնավորել է Էլվիսին 1993 թվականի «Իրական սիրավեպ» ֆիլմում։
- Կոմպոզիտոր Էլիոթ Գոլդենթալը գրել էր ֆիլմի վերջնամասի երաժշտությունը «Hand In Hand» Արխիվացված 2006-12-09 Wayback Machine: Մայքլ Մանն այն փոխարինել է Մոբիի «God Moving Over the Face of the Water», այդ պատճառով Գոլդենթալն օգտագործել է այդ երաժշտությունը 1996 թվականի «Մայքլ Քոլինզ» ֆիլմի եզրափակիչ մակագրերի ժամանակ, էլեկտրակիթառը փոխարինելով ջութակով, դրան ավելի իռլանդական հնչողություն տալով։
- «Տապ»-ը «Կնքահայրը 2» ֆիլմից հետո առաջինն էր, որում համատեղ նկարահանվել են Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն, և առհասարակ առաջինը, որտեղ նրանք հանդիպում են ընդհանուր տեսարաններում։ 2008 թվականին թողարկվել է ևս մեկ ֆիլմ, որում խաղում էին երկու դերասանները` Օրինական սպանություն, երկուսն էլ մարմնավորելով ոստիկանների։
- 2005 թվականին կինոնկարի ստեղծողները թողարկել են կոլեկցիոն DVD, որի մեջ ներառված էին ֆիլմի մեջ տեղ չգտած դրվագները, ինչպես նաև ռեժիսորի ու դերասանների հետ հարցազրույցներ։
- Փոխհրաձգության դրվագի նկարահանումը տևել է 4 օր։
- 1997 թվականի փետրվարի 23-ին Հյուսիսային Հոլիվուդում տեղի է ունեցել նմանատիպ փոխհրաձգություն, որն ավարտվել է հանցագործների մահով։ Երբ ոստիկանությունը ներխուժել է նրանցից մեկի տուն, հայտնաբերվել է տեսաերիզ որի վրա տեսագրված էր «Տապ» ֆիլմը։
- Նկարահանումների համար չի կառուցվել ոչ մի դեկորացիա. Ամբողջ ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում` բաց տարածքում։
- Այն դրվագը, որում Քիլմերի մարմնավորած կերպարը, ոստիկանության դեմ կրակ վարելիս արագ փոխում է զենքի պահեստատուփը, օգտագործվել է ամերիկյան ծովային հետևակայինների մարզմամբ զբաղվող հրահանգչի կողմից, ով իր սաներին խորհուրդ է տվել սովորել նույն արագությամբ փոխել պահեստատուփը, կամ` լքել ծովային հետևակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Heat բառի բառացի թարգմանությունը, որն ամերիկյան հանցագործ ժարգոնում նշանակում է «իրավապահ մարմինների կողմից հետապնդում»։ Ֆիլմում այդ տերմինը բացատրվում է սրճարանում ՄըքՔոլիի և Հաննայի խոսակցության ժամանակ
- ↑ George M. Thomas (2005 թ․ փետրվարի 27). «He's a Goofy Goober; 'Heat'». Akron Beacon Journal.
- ↑ 250 лучших фильмов по версии IMDb