Տանյա (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

Տանյա (1942), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Տանյա»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1942
բարձրություն98
լայնություն110
նյութԿտավ, յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Պարտիզանուհի Տանյայի՝ Զոյա Կոսմոդեմյանսկայայի կերպարը Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագների ճշմարտացի ընկալման ու մարմնավորման արդյունք է։ «Տանյա» կտավում նկարիչն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է կերպարների հոգեբանական բնութագրման վրա։ Ոչ թե գործողությունն է պատմում կատարվածի մասին, այլ մարդիկ իրենց վերաբերմունքով բնութագրում են կատարվելիք գործողությունը։ Նկարը թեև մտահղացվել է փաստի անմիջական ազդեցության տակ՝ Զոյա Կոսմոդեմյանսկայայի մասին տրված հաղորդումներից անմիջապես հետո, և վերջնական տարբերակն ավարտվել է Հայրենական Մեծ պատերազմից ընդամենը երկու տարի անց, այնուամենայնիվ նկարիչը կոնկրետ փաստը դիտում է պատմական որոշակի տարածությունից[1]։

Նկարագրություն խմբագրել

Պահպանելով Զոյա Կոսմոդեմյանսկայայի դիմագծերը, նրա սխրագործության կոնկրետությունը, Իսաբեկյանը կարողացել է ստեղծել Հայրենական Մեծ պատերազմի հերոսների տիպական կերպար, ցույց տալ հերոսության զանգվածային լինելը, հերոսի և ժողովրդի օրգանական միասնությունը և գերմանական ֆաշիզմի կործանման անխուսափելիությունը։ Իսաբեկյանի կերտած Տանյան փոքր-ինչ իդեալականացված է.չնայած բազում խոշտանգումներին ու տառապանքներին՝ նա առողջ է, երիտասարդ ու գեղեցիկ։ Կանգնած կախաղանի տակ՝ նա հրաժեշտ չի տալիս կյանքին։ Նրա պատանեկան բոցաշունչ հայացքում հաղթանակի հավատն է բոցկլտում. նա մխիթարում ու հուսադրում է գերության մեջ գտնվող կանանց ու երեխաներին։ Իդեալականացմամբ հանդերձ իրական ու համոզիչ է Զոյայի կերպարը։

Վարպետությամբ են կերտված գերության մեջ գտնվող խորհրդային քաղաքացիների և հատկապես Զոյայից ոչ հեռու կանգնած ծեր կնոջ կերպարները։ Պատկերում ֆաշիստ դահիճները նենգ ու ուժեղ մարդիկ են, սակայն գեղարվեստական արտահայտիչ հնարքներով՝ կոմպոզիցիոն կառուցվածքով և գունային լուծմամբ, ընդգծվել է նրանց միայնակ լինելը[2][3][4]։

«Տանյա»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1947
բարձրություն220
լայնություն350
նյութԿտավ, յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Տանյա» կտավի երկրորդ տարբերակում (1947) Իսաբեկյանը հրաժարվել է նախորդ տարբերակում տեղ գտած բեմական պաթետիկ շարժումներից ու ժեստերից, նկարը ծանրաբեռնող և դիտողի ուշադրությունը հիմնական կերպարից շեղող մանրամասներից, գունալուսային անհանգիստ խաղերից ու տպավորիչ էֆեկտներից և արտահայտչական սուղ ու լակոնիկ միջոցներով պատկերին հաղորդում է առավել հավաք, ամբողջական տեսք, պլաստիկական շոշափելի ձև և ողբերգական շունչ։ Կախաղանի տակ, կառափնարանի վրա Տանյան կանգնած է հպարտ։ Նրա լուսավոր կերպարը դառնում է նկարի կոմպոզիցիոն և իմաստային հանգույցը, որն իրեն է ձգում դիտողի ուշադրությունը՝ հակադրվելով զինվորական գորշ համազգեստներով դահիճներին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստեփանյան Ս. – Է.Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը – ամս., «Սովետական գրականություն և արվեստ», Ե., հ.10, 1947 | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Տանյա» (1947), ՀԱՊ
  3. Տանյա (1947), Իսաբեկյան ցուցասրահի կայք
  4. «Տանյա» էսքիզ, 1947, կտավ, յուղաներկ, 70x50
  5. Աղասյան Արարատ – Իգդիրը սրտում պահած արվեստագետը – թերթ, «Կրթություն», Ե., 05.11.2014:

Արտաքին հղումներ խմբագրել