Տանձենի Ռադդեի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Տանձենի Ռադդեի
Լատիներեն անվանում
Pyrus raddeana


Տանձենի Ռադդեի (լատին․՝ Pyrus raddeana), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ծառ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մոտ 5 մ բարձրությամբ, առանց փշերի ծառ է։ Երկարավուն էլիպսաձև, 6-8 սմ երկարությամբ, 2-4 սմ լայնությամբ տերևները երկու ծայրերում հավասարաչափ ձգված նեղացող են, սուր գագաթով, հավասարաչափ աղեղնասղոցավոր եզրով, ներքևից՝ խիտ թաղիքային թավոտությամբ։ 3-4 սմ երկարությամբ կոթերը թավոտ են։ 2 սմ տրամագծով պտուղները մանր են և գնդաձև, կոթերը՝ պտղից երկար[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Ներքին Հանդ) և Մեղրու (Վահրավար, Տաշտուն, Լիճքվազ, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1500-1800 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում, ավելի հաճախ անտառների եզրերին, երբեմն՝ գյուղերի մոտ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին անտառային էկոհամակարգերի վրա շարունակվող մարդածին ազդեցության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.