Տագանրոգ (օդերևութաբանական կայան)

«Տագանրոգ» օդերևութաբանական կայան (ռուս.՝ Метеостанция «Таганрог»), օդերևութաբանական դիտարկումներ անցկացնելու համար ստեղծված հաստատություն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ժամանակակից հասցեն՝ Շևչենկոյի փողոց, 143[1]։

Տագանրոգ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Շևչենկոյի փողոց
Հիմնադրված էմայիս 1815
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1815 թվականի մայիսին Տագանրոգում բացվեց Մերձազովիեում առաջին հիդրոօդերևութաբանական կայանը[1]։ Դա հնարավոր էր դարձել քաղաքի՝ որպես խոշոր նավահանգիստ զարգանալու շնորհիվ[2]։ Կայանն աշխատում էր Տագանրոգի արական գիմնազիային կից մինչև 1833 թվականը։ Հետազոտությունների ընթացքում ստացվող տվյալները հրապարակվում էին տեղական բաց աղբյուրներում։ Այսպես, «Տագանրոգի քաղաքապետության հուշամատյանում» հիշատակվում են 1865 թվականի օդի միջին և առավելագույն ջերմաստիճանները։

1870-ական թվականներին «Տագանրոգ» օդերևութաբանական կայանը գտնվում էր արդեն Ֆլագմանսկի զառիվայրում։ 1880 թվականին այն տեղափոխվեց փարոսի բակ այն բանից հետո, երբ կառուցվեց փարոսը։ Այնտեղ կայանը գործեց մոտ մեկ դար։ Ժամանակի ընթացքում հաստատությունը կատարելագործեց իր սարքավորումները և դիտարկումների արդյունքները փոխանցելու եղանակները։ Սկզբում հաստատությունն ուներ պարզունակ միջոցներ։ Հավաքված տեղեկությունը նախ հաղորդվում էր նավահանգստի գրասենյակ, ապա հատուկ ազդանշանային դրոշակների օգնությամբ տեղեկությունը հաղորդվում էր խարսխակայանում կանգնած նավերին։ Երբ ստեղծվեց հեռագրական ապարատը, տեղեկատվական ամփոփագրերը սկսեցին ստանալ մոտակա նավահանգիստները։ Եղանակի մասին տեղեկացրել են օրական ութ անգամ, ծովի մասին՝ երեք անգամ[1]։ Պահպանվել են դիտարկումների գրքեր, որոնցում երևում է, որ դիտարկման արդյունքները գրվել են գեղագրական ձեռագրով, գրանցվել են տեղեկություններ տեղումների քանակի, ծովի մակերեսի և օդի ջերմաստիճանի մասին[2]։ XX դարի սկզբին կայանի կարիքների համար սկսեցին օգտագործել ռադիոն[1]։ Հիմնարկության աշխատանքը դադարեցվել է 1917 թվականի դեկտեմբերին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և 1921 թվականի դեկտեմբերին՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ[2]։

Տագանրոգի օդերևութաբանական կայանը աշխատանքը դադարեցրել է քաղաքի օկուպացման ընթացքում՝ 1941 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի օգոստոս։ 1970-ական թվականներին կայանը տեղափոխվել է Շևչենկոյի փողոց, 143, որտեղ գտնվում է նաև XXI դարում։ Այն զբաղեցնում է 26 x 26 մետր չափսերի տարածք։ Այնտեղ դիտարկումներն անցկացվում են խոնավաջերմաչափային խցիկների, քամու ցուցիչների և «խելացի սարքերի» օգնությամբ։ Կայանն իրականացնում է ափամերձ ծովային, ճառագայթաչափական դիտարկումներ, ինչպես նաև իրականացվում է շրջակա միջավայրի ֆոնային աղտոտման դիտարկում։ Ստացված արդյունքները փոխանցվում են հիդրոօդերևութաբանական կայան և հիդրոօդերևութաբանական վարչություն։ Կայանի աշխատակազմում 8 հոգի է[1]։

2015 թվականի դրությամբ Տագանրոգի կայանի մասնագետները ուսումնասիրում են ծովի ռեժիմը ափամերձ գոտում, զբաղված են օդի աղտոտվածության դիտարկմամբ։ Հետազոտությունների համար օգտագործվում են հեռագործ եղանակներ։ Տագանրոգի օդերևութաբանական կայանից ստացվող տեղեկությունն օգտագործվում է ամբողջ Ռոստովի մարզի տարածքում կանխատեսումները կազմելիս[2]։ 2015 թվականին հաստատությունը նշել է հիմնադրման 200-ամյակը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել