Վրելո (մակեդոներեն՝ Врело), երկու քարանձավներից (ստորջրյա և վերջրյա) բաղկացած համակարգ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի մոտակայքում, որոնց խորությունը հասնում է 230 մ-ի։ Քարանձավները Բալկանների ամենախոր և Եվրոպայում խորությամբ երկրորդ ստորջրյա քարանձավներն են, սակայն դրանք լիարժեք ուսումնասիրված չեն[1]։ Վրելոն համարվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում ամենախոր ստորջրյա քարանձավներից մեկը[2]։

Վրելո
Տեսակէքսկուրսիոն անձավ և քարանձավ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՎարչատարածքՍարայ
ՎայրՄատկա կիրճ
ԲԾՄ600 մետր
Խորություն230 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Վրելոյի ստորջրյա քարանձավը գտնվում է Սկոպյեի մերձակայքում` Տրեսկա գետի աջ ափին գտնվող Մատկա կիրճում։ Քարանձավը երկու անձավներից բաղկացած համակարգ է, որոնցից մեկը վերևում է (կոչվում է Վրելո), մյուսը` ջրի տակ (կոչվում է Պոդվրելո), և լիճը։ Քարանձավում կան մեծ թվով ստալակտիտներ ու ստալագմիտներ։ Հատկապես տպավորիչ են «երկվորյակ սյուները», որոնք ունեն վեց մետր բարձրություն և բյուրեղային սպիտակ գույն։

Քարանձավի խորքում կան երկու լճեր` մեծ և փոքր։ Փոքր լիճն ունի ութ թվի տեսք։ Ամենալայն մասում փոքր լիճն ունի ութ մետր լայնություն, իսկ երկարությունն ու խորությունը 15 մ են։ Մեծ լիճն ունի 35 մ երկարություն, 15 մ լայնություն և 15-18 մ խորություն։ Ջրում ստալակտիտների առկայությունը հաստատում է, որ նախկինում քարանձավում ջուր չի եղել։ Լճերն առաջացել են 1936 թվականին Մատկայում ջրապահեստարան կառուցելուց հետո։

Քարանձավում է գտնվում այսպես կոչված «համերգասրահը», որի ձախ կողմում են գտնվում այսպես կոչված «գրասեղանի քարերը»[3]։ Դա նշանների համակարգ է, հնարավոր է` գրային նշանների, որի գաղտնազերծման ու բացահայտման համար անհրաժեշտ են ուսումնասիրություններ։

Մինչև Վրելո քարանձավը կազմակերպվում է զբոսաշրջիկների տեղափոխություն նավակներով. ճամփորդությունը տևում է մոտ 20 րոպե։ Նավակը կանգնեցնում են հատուկ պատրաստված հարթակին, որ հետո մոտենում է քարանձավի մուտքին։ Հենց մուտքի մոտ գտնվում է «համերգասրահը», իսկ ձախից` «գրասեղանի քարերը»։ Կենտրոնական մասը զբաղեցնում է երկու մետր բարձրությամբ ստալակտիտը։ Քարանձավում ապրում են մեծ թվով չղջիկներ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Подводная пещера станет новым туристическим брендом Македонии». www.worlds.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  2. «Полски пещерен водолаз откри в Македония най-дълбоката подводна пещера». National Geographic България (բուլղարերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  3. «Gems, Hidden in Plain Sight in Macedonia». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 15. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  4. «Пештерата Врело во Кањонот Матка», Економија и бизнис, година 16, број 178, април 2013, стр. 86-87. (мак.)