Վոլտմետր ( վոլտ և մետր), հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաներում էլեկտրական լարումներն ու ԷլՇՈւն չափելու էլեկտրական սարք։ Շղթա է մտցվում բեռնվածքին կամ էլեկտրական էներգիայի աղբյուրին զուգահեռ։ Տարբերում են հիմնականում էլեկտրաստատիկ, էլեկտրամագնիսական, մագնիսաէլեկտրական վոլտմետրեր։ Ամենապարզ, էժան և հուսալի սարքերն էլեկտրամագնիսական վոլտմետրերն են, որոնք կիրառվում են գլխավորապես էլեկտրակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների բաշխիչ վահանակներում․ թերություններից են՝ սեփական զգալի էներգասպառումը (3–7 Վտ), փաթույթի մեծ ինդուկտիվությունը։ Առավել զգայուն և ճշգրիտ են մագնիսաէլեկտրական վոլտմետրերը, որոնք, սակայն, պիտանի են միայն հաստատուն հոսանքի շղթաներում։ Փոփոխական հոսանքի ջերմաէլեկտրական, կիսահաղորդչային կամ

Վոլտմետր
1965 թվականին արտադրված M5-2 տեսակի վոլտմետր

էլեկտրոնալամպային փոխակերպիչների զուգակցությամբ, մագնիսաէլեկտրական վոլտմետրերը կիրառվում են նաև փոփոխական հոսանքի շղթաներում։ Այդպիսի վոլտմետրերը, որոնք համապատասխանաբար կոչվում են ջերմաէլեկտրական, ուղղիչային և էլեկտրոնային, օգտագործվում են գլխավորապես լաբորատոր չափումներում։ Այս սարքերի թերությունը չափվող լարման կորի ձևի էական ազդեցությունն է ցուցմունքների ճշգրտության վրա։ Էլեկտրոնային վոլտմետրերը լինում են անալոգային և թվանշանային։ Վոլտմետրերով կատարվող չափումների սահմանները կարելի է ընդարձակել՝ լրացուցիչ դիմադրություններ, լարման տրանսֆորմատորներ ու բաժանարարներ միացնելով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 493
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտմետր» հոդվածին։