Վոլոդյա Սարգսի Դարբինյան (փետրվարի 14, 1969, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ - օգոստոսի 8, 1992, Արծվաշեն, Գեղարքունիքի մարզ), հայ ազատամարտիկ։


Վոլոդյա Դարբինյան
Ծնվել է1969,Փետրվարի 14
ԾննդավայրՎերին Կարմիրաղբյուր,(Հայաստան)
Մահացել է1992, օգոստոսի 8
Մահվան վայրԱրծվաշեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի փետրվարի 14-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ 1987 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվում է Գորկու անվան բարձրագույն զինվորական ուսումնարանը։ 1989 թվականին ավարտելով ուսումնարանը ստանում է զինվորական մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում։ 1990 թվականին Գորկու բարձրագույն զինորական ուսումնարանից տեղափոխվում է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի վիճակագրության ինֆորմացիայի մշակման ֆակուլտետի 2-րդ կուրս։ 1990 թվականից սկսած ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը, այնուհետև ազատագրական պատերազմին։ 1990 թվականին զինվորագրվում է Վանաձորի նորաստեղծ դեսանտային գնդում և նշանակվում դեսանտային ջոկատի հրամանատար։ 1992 թվականի ամռանը Վոլոդյայի հրամանատարությամբ ջոկատը տեղակայվում է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։ 1992 թվականի ամռանը մարտերում թրծված Վոլոդիայի ջոկատը տեղափոխվում է Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղ, որը այդ ժամանակ հարձակումների էր ենթարկվում ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից։ 1992 թվականի օգոստոսի առաջին օրերին Վոլոդյան հրաման է ստանում դեսանտային ջոկատի հետ մեկնել Արծվաշեն, և ապահովել շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության տարհանումը։ 1990-92-ին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանական մարտերում։ Վոլոդյա Դարբինյանը և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք՝ զոհվել։ Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին, Արծվաշենում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրի եղբայրական գերեզմանում։ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում կանգնեցվել է Վոլոդյա Դարբինյանի կիսանդրին։

Մարտական ուղին խմբագրել

1987 թվականին դպրոցն ավարտելով Վոլոդյան մեկնեց Ռուսաստան և ուսումնառության անցավ Գորկու բարձրագույն զինվորական ուսումնարանում։ Այստեղ ստացած ռազմական գիտելիքների մեծ պաշարը նա բազմիցս է օգտագործել ազատամարտի տարիներին։ 1989 թվականին Վոլոդյան վերադառնում է Հայաստան և ընդունվում Երևանի ժողտնտեսության ինստիտուտ։ Սակայն ուսանողական նստարանները այլևս անտանելի էին Վոլոդյայի համար, քանզի թշնամին լայնածավալ հարծակում էր սկսել և կրակի տակ էր իր հայրենի գյուղը՝ Վերին Կարմիրաղբյուրը։ Ու այդպես նա ուղևորվեց պաշտպանելու հայրենի գյուղի սահմանները։ Հայրն ու ավագ եղբայրները արդեն մասնակցում էին սահմանների պաշտպանությանը, ուստի հայրը փորձեց արգելել ոլոդյային պատճառաբանելով որ. -Դու ուսումդ շարունակի, մեր տնից արդեն 3 զինվոր կա։ Ես ու 2 եղբայրներդ ավտոմատը ձեռքներիս կռիվ ենք տալիս։ -Ես ռազմական ուսումնարան եմ սովորել, իմ ստացած գիտելիքներս հիմա այստեղ ավելի են պետք, քան իմ սովորելը,- ասաց Վոլոդյան և այդ օրից զինվորագրվեց պատերազմին։ 1990 թվականին ուղևորվեց Վանաձոր և հաշվառման անցավ նոր կազմավորվող մոտոհրաձգային գնդում որից հետո լեյտենատ Վ. Դարբինյանը նշանակվեց դեսանտային ջոկի հրամանատար։

Դեսանտայինների գունդը, որի մարտիկները ընտրվել էին վերապահումներով և պետք է ունենային ֆիզիկական և հոգեկան կատարյալ տվյալներ, նախնական պատրաստություն ացավ Ստեփանավանի լեռնային պատրաստության կենտրոնում (ГУЦ), որտեղ տղաները մարզվեցին, կոփվեցին ու դարձան իրական դեսանտայիններ։ Նախնական զինվորական պատրաստություն անցնելուց հետո ջոկատը ուղարկվում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ, հակառակորդի հաճախակի դարձած գրոհներին դիմագրավելու նպատակով։ Լինելով հմուտ զինվորական Վոլոդյան այստեղ կառուցում է մի իրական պաշտպանական համակարգ՝ խրամատներ, դիտակետեր և մինչև անգամ զրահամեքենաների համար ստորգետնյա քողարկված կայանատեղիներ։ Դեսանտային ջոկատը բազմիցս ենթարկվել է հակառակորդի հարձակումների, սակայն շնորհիվ իրենց անձնուրացության ու բանիմաս մարտական գործողություններ վարելուն ջոկատը շուրջ 2 տարի մարտնչել է առանց զոհերի։

1992 թվականի օգոստոսին Արծվաշենում վիճակը ավելի է սրվում։ Հակառակորդը ամբողջությամբ շրջափակել էր գյուղը, այնտեղ կենտրոնացնելով շուրջ 800 օմօնականներ, 28 հետևակի մարտական մեքենաներ, 30 տանկ։ Վանաձորի մոտոհրաձգային գունդը այդ ժամանակ տեղակայված էր Վահան գյուղում։ 1992 թվականի օգոստոսի 4-ին Արծվաշենի վիճակը դառնում է օրհասական։ Տեղի զինյալ ջոկատները անզոր էին դիմագրավել թշնամու հարձակումներին։ Այս մասին զեկուցում են գնդի հրամանատար Ալեքսանդր Թազագուլյանին (ով մեկ տարի անց հերոսաբար զոհվում է Քելբաջարում )։ Վերջինս իր զինվորներին ներկայացնում է Արծվաշենի իրավիճակը և դիմում գնդի մարտիկներին, թե՝ ովքեր են պատրաստ այնտեղ մեկնելու։ Շարքից դուրս են գալիս 14 ընտրյալներ։ Ժամեր անց 14 հոգուց բաղկացած դեսանտային ջոկատը լեյտենանտ Վոլոդյա Դարբինյանի հրամանատարությամբ ուղևորվում է Արծվաշեն։ Ջոկատի առջև խնդիր էր դրվել ապահովել գյուղի 4500 հայազգի բնակչության անվտանգ տարհանումը։ Օպերացիայի ընդհանուր հրամանատար է նշանակվում գնդի փոխհրամանատար մայոր Էդվարդ Ավետիսյանը։ Արծվաշեն հասնելու առաջին իսկ օրվանից ջոկատը ներգրավվում է ռազմական գործողություններում, կենդանի պատվար դառնալով խաղաղ բնակչության համար։ Տեղակայման 3-րդ օրը հակառակորդի կրակոցներից վնասվում է բեռնատար մեքենան, որի վերանորոգման համար Վոլոդյան զինվորներից մեկին ուղարկում է գունդ, որպեսզի մեքենայի յուղ և մի քանի անհրաժեշտ դետալներ բերի, ևս մեկ զինվորի Վոլոդյան հորդորում է գնալ տուն հանգստանալու։ Այս 2 զինվորները ճակատագրի բերումով չեն հասցնում այլևս միանալ իրենց ընկերներին։ 1992 թվականի օգոստոսի 8-ի առավոտյան Վոլոդյան ռացիայով կապ է հաստատում գնդի հրամանատարության հետ, և զեկուցում. «Գյուղի տարհանումն ավարտված է, մենք դեռևս գտնվում ենք շրջափակման մեջ, կփորձենք ճեղքել օղակը։ 4 կողմից գրոհում են…» ռադիոկապն ընդհատվում է։ Ցավոք սա ջոկատի մասին վերջին տեղեկությունն էր։ Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ 4 ժամ…

2 ամիս անց հակառակորդը համաձայնեց հանձնել հերոսների դիերը։ Փոխանակման պահին ադրբեջանցի գնդապետը ասել է, որ դիերը չպետք է հանձնվեին, բայց հաշվի առնելով նրանց հերոսությունը, ինքը որոշել է հանձնել դիերը զոհվածների ընտանիքին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ զոհված հայորդիների մոտ չէր գտնվել և ոչ մի փամփուշտ։ Իսկ հետո նրանց դիերը հայկական կողմին հանձնելիս ադրբեջանցի գնդապետն ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին։ Նրանք ձեր ազգի պարծանքն են»։

Տղերքը կռվել էին մինչև վերջին փամփուշտը և իրենց մահը դիմավորել հերոսի պես։ Նրանք զոհվեցին, բայց նույնիսկ զոհվելով, իրենց մահը ծառայեցրին ի նպաստ իրենց հայրենիքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։