Վլադիմիր Տուշինսկի (ռուս.՝ Влади́мир Ту́шинский, սեպտեմբերի 14, 1976(1976-09-14) - օգոստոսի 5, 2016(2016-08-05), Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս սերիական մարդասպան, բռնաբար և պեդոֆիլ։ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի փետրվար ամիսը Կամչատկայի երկրամասում սպանել է 11-22 տարեկան հինգ աղջիկների և կանանց։ Զանգվածային լրատվամիջոցներում ստացել է «Կամչատկայի Չիկատիլո» մականունը[1][2][3][4]։

Վլադիմիր Տուշինսկի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1976(1976-09-14)
Մահացել էօգոստոսի 5, 2016(2016-08-05) (39 տարեկան)
Մահվան վայրԽաբարովսկ, Ռուսաստան
Մասնագիտությունսերիական մարդասպան

Սերիական մարդասպանին կարողացել են ձերբակալել միայն 2014 թվականի փետրվարի 17-ին։ Նրանք մեղադրանքներ են առաջադրվել սպանության, ինչպես նաև անչափահաս խորթ աղջկան բռնաբարելու համար։ 2016 թվականի փետրվարի 19-ին Կամչատկայի երկրամասի դատարանը Տուշինսկուն դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դատարանը որոշումը թողել անփոփոխ։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Վոլոգդա քաղաքի «Օգնեննի օստրով» գաղութ տեղափոխման ճանապարհին, Տուշինսկին մահացել է։

Կենսագրություն խմբագրել

Տուշինսկին ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 14-ին[5][6]։

1997 թվականին դատապարտվել է գողության և ծեծի համար։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտում ստացել է «Ճաղատ» մականունը[6]։ Բանտից դուրս գալուց հետո՝ ամուսնացել է։ Կնոջ և նրա առաջին ամուսնությունից ծնված աղջկա հետ միասին տեղափոխվել է Կամչատկայի երկրամասի Ելիզովսկի շրջանի Պիոներսկի գյուղ։ Շուտով ընտանիքում ծնվել է նաև տղա երեխա։ 2009 թվականի աշնանը աշխատանքի է անցել Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի «Մոխովայա» միկրոշրջանի «Կամչատսկէներգո» ԲԲԸ N 3 կաթսայատանը որպես վառելիքի մատակարարման մեքենավար[5][6]։

Հետաքննության տվյալներով՝ 2005 թվականին Տուշինսկին բռնաբարել է իր 11 տարեկան խորթ աղջկան՝ Յուլիային, իսկ այնուհետ չորս տարի շարունակ ստիպել կենակցել իրեն։ Աղջիկը երկար ժամանակ համարձակություն չի ունեցել այդ մասին պատմել ուրիշներին։ 2009 թվականին, երբ լրացել է խորթ աղջկա 19 տարին, նա տեղափոխվել է մայրցամաք, որտեղ բնակվում էին մոր ծնողները[1][7]։

Սպանություններ խմբագրել

Խորթ աղջկա հեռանալուց հետո, ինչպես ենթադրում են հետաքննիչները, իր «պաթոլոգիական սեռական ցանկությունների» բավարարման անհնարինությունից ելնելով, Տուշինսկին սկսել է ատել մյուս կանանց[1]։ Տղամարդը իր Toyota Hilux Surf մեքենայով սկսել է շրջել Կամչատկայի Պետրոպավլովսկում և նրա հարակից բնաակավայրերում՝ փորձելով փնտրել միայնակ աղջիկների, որոնք նման կլինեին իր խորթ աղջկան։ Տուշինսկին նրանց առաջարկել է մեքենայով ուղեկցել, որից հետո խեղդամահ է արել և դանակի օգնությամբ սպանել[2][8]։

Տուշինսկու առաջին զոհը դարձել է 22-ամյա Ուլյանա Նիկիֆորովան, որն աշխատում էր Կամչատկայի Պետրոպավլովսկի առևտրի կենտրոններից մեկում։ Սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 12-ին։ Դանակ կիրառած հանցագործը բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա դեմքին, մարմնին և գլխին։ Մարմինը հայտնաբերվել է մայրուղուն հարակից բարձր խոտերի մեջ, որն իրար էր կապում Կամչատկայի Պետրոպավլովսկը և Ելիզովոն[4][9]։

Հաջորդ սպանությունը Տուշինսկին իրականացրել է մեկ ամիս անց։ Հոկտեմբերի 10-ի երեկոյան 15-ամյա Նատալյա Մոիսեևան, սպասելով ավտոբուսին, կանգնած է եղել կանգառում, որտեղ էլ նրան տեսել է հանցագործը։ Անհետացումից ոչ շատ առաջ աղջիկն զանգահարել է ծնողներին և ասել, որի կարողանում հասնել տուն, քանի որ ավտոբուս չկա։ 20 րոպե անց աղջկա հեռախոսն անհասանելի է եղել։ Աղջկա մնացորդները երկու տարի անց հայտնաբերվել են մի կնոջ կողմից, որը մեկնել էր «Մոխովայա» միկրոշրջան սունկ հավաքելու[2][4]։

2010 թվականի նոյեմբերի 18-ին հանցագործն սպանել է 11-ամյա Օլգա Բեսպրոզվաննայային, որը եղել է Ելիզովոյի միջնակարգ դպրոցի աշակերտուհի։ Տուշինսկին սպանելուց հետո թաղել է մարմինը։ Աղջկա ծնողները ներքին գործերի մարմիններին հայտնել են նրա անհետացման մասին այն բանից հետո, երբ վերջինս ուսումնական օրվա ավարտին չի վերադարձել հայրենի Դվուրեչյե գյուղի իրենց տուն։ Մի քանի շաբաթներ ոստիկանությունը և կամավորները փնտրել են աշակերտուհուն, սակայն կարողացել են հայտնաբերել միայն նրա բջջային հեռախոսը, որը մի քանի մասերի էր բաժանված[2][4]։

2011 թվականի հունվարի 9-ին Տուշինսկին սպանել է 16-ամյա Քրիստինա Օռլովային։ Որոնողական գործողությունը կրկին արդյունք չի տվել, քանի որ, ինչպես Բեսպրոզվաննայայի պարագայում, հանցագործը թաքցրել էր մարմնի թաղման վայրը[2][4][7][10]։

Վերջին սպանությունը Տուշինսկին իրականացրել է 2014 թվականի փետրվարի 16-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում։ Հանցագործը 20-ամյա Իրինա Խոդոսին առաջարկել է մեքենայով ուղեկցել, սակայն ստացել է մերժում․ «Ես ուղղակի կանգնեցի և ընկերաբար առաջարկեցի ուղեկցել նրան, իսկ նա սկսել է կոպիտ խոսել։ Վերցրել է հեռախոսը, սկսել ինչ-որ համար հավաքել և սպառնալ, որ կկանչի ոստիկանություն։ Ես վախեցա, նստեցի մեքենան, սակայն մտածեցի, որ նա ինձ կարող էր մեղադրել նաև ոտնձգությունների մեջ», — ավելի ուշ պատմել է հանցագործը[11]։ Տղամարդն աղջկան հասցրել է դանակի ավելի քան 20 հարվածներ և մարմինը թողել «Ստեպնայա» կանգառում, որտեղ և հայտնաբերվել է նրա դին[4][7][8]։

Ձերբակալություն խմբագրել

Իրինա Խոդոսի սպանությունից հետո հետաքննիչները, ԶԼՄ-ների միջոցով, օգնության են դիմել տեղացի բնակիչներին՝ հուսալով, որ նրանց մեջ կարող են լինել սպանության ականատեսներ։ Որոշ ժամանակ անց ՆԳՆ երկրամասի վարչություն է եկել մի տղամարդ, որն իր ավտոմեքենայով անցնում էր այն կանգառի մոտով, երբ, ըստ հետաքննիչների վարկածի, իրականացվել է սպանությունը։ Տեսագրանցման սարքավորման տեսախցիկը ֆիքսել է սպանության մոտ կայանած Toyota Hilux Surf մեքենան։ Տեսագրության մեջ չեն երևում մեքենայի համարները, սակայն կադրում հայտնվել է մեքենայի հետին մասում փակցված «PICK UP» գրությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ այդ ավտոմեքենան պատկանում է Տուշինսկուն։ Փետրվարի 17-ի գիշերը տղամարդուն ձերբակալել են[4][7]։

Տուշինսկու մեքենայի սրահում հայտնաբերվել են կացին, էլեկտրոշոկեր, պնևմատիկ զենք, ինչպես նաև կանացի զուգագուլպաներ և արհեստական հեշտոց։ Ուշադիր զննելով ավտոմեքենան՝ փորձագետները մեքենայի ներսում հայտնաբերել են Իրինա Խոդոսի արյան հետքերը և մազերը։ Հանցանշանների ճնշման ներքո հանցագործն սկսել է տալ խոստովանական ցուցմունքներ։ Նա ոչ միայն խոստովանել է Խոդոսի սպանության իրագործումը, այլև պատմել մյուս սպանությունների մասին։ Տուշինսկին ցույց է տվել Օլգա Բեսպրոզվաննայայի և Քրիստինա Օռլովայի թաղման վայրերը[2][4]։ Խուզարկման արդյունքում մարդասպանի բնակարանի համակարգչի մեջ հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ Տուշինսկին սեռական ոտնձգություններ է իրականացնում իր անչափահաս խորթ աղջկա նկատմամբ[2][4]։

Շուտով դատարանի որոշմամբ Տուշինսկին կալանավորվել է՝ այդպիսով բավարարելով հետաքննության միջնորդությունը։ Նրա նկատմամբ ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 3-րդ կետի գ մասով, 132-րդ հոդվածի 2-րդ մասի ե մասով («սեռական բնույթի ոտնձգություններ») հարուցվել է քրեական գործ, 131-րդ հոդվածի 3-րդ մասի գ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի դ կետով («բռնաբարություն») և 105-րդ հոդվածի 2-րդ մասի ա և գ կետերով հարուցվել է քրեական գործ[2]։

Դատավարություն խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի սկզբին Տուշինսկու գործը, մեղադրական եզրակացության հետ միասին, փոխանցվել է երկրամասի դատարան։ Ավելի վաղ, փորձագետներն իրականացրել են ավելի քան 60 փորձաքննություններ, այդ թվում նաև դատահոգեախտաբանական ընդհանուր վերլուծություն, որը տղամարդու մոտ հայտնաբերել է սեռական նախընտրությունների խանգարումներ՝ պեդոֆլիա, զուգահեռ ճանաչվելով մեղսունակ։ Ընդ որում, հետաքննիչներին չի հաջողվել հայտնաբերել ապացույցներ, որ զոհերը ենթարկվել են սեռական բռնությունների[6]։ Բուն դատական գործընթացն սկսվել է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, Կամչատկայի երկրամասի դատարանում[7]։

Դատական փորձաքննության ժամանակ դիտարկվել են քրեական գործի ավելի քան 70 հատորներ[10]։ 2016 թվականի հունվարի 27-ին սկսվել են դատական լսումները։ Պետական մեղադրողը դատարանին խնդրել է մեղադրյալի նկատմամբ կիրառել ամենախիստ պատժաչափը՝ ցմահ ազատազրկում։ Գործով տուժածները, որոնք նույնպես հանդես են եկել լսումների ժամանակ, պաշտպանել են մեղադրողի պահանջը[12]։ Տուշինսկու պաշտպանն իր կողմից խնդրել է նշանակել ավելի մեղմ պատիժ[1]։

Դատական լսումների ավարտից հետո դատարանը որոշել է մեղադրյալի վերջին խոսքը լսել փետրվարի 9-ին[13], սակայն նշանակված օրը Տուշինսկին պատրաստ չի եղել, որի պատճառով դատական նիստը տեղափոխվել և կայացել է փետրվարի 11-ին[14]։ Իր վերջին խոսքում տղամարդն ընդունել է իր մեղքը բոլոր կետերով։ Միևնույն ժամանակ նա դատարանի ուշադրությունը հրավիրել է նյութերում առկա հակասությունների վրա, որոնք առկա էին տուժածների, վկաների ցուցմունքներում։ Նա նշել է, որ դատարանը բաց է թողել որոշ ապացույցներ[15]։ Տուշինսկին ներողություն է խնդրել նաև բոլոր տուժածներից և հայտարարել, որ «կընդունի ցանկացած արդար դատավճիռ»[1]։

2016 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել գործով վերջին դատական նիստը։ Տուշինսկին մեղադրական բոլոր կետերով ճանաչվել է մեղավոր և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ պատիժը կրելով հատուկ ռեժիմով մեկուսարանում։ Բացի այդ, դատարանը բավարարել է նաև զոհերի հարազատների քաղաքացիական հայցերը, որոնց ընդհանուր ծավալը կազմում էր շուրջ 12 միլիոն ռուբլի։ Բացի այդ, դատարանը Տուշինսկուն պարտավորեցրել է 500 000 ռուբլի վճարել խորթ աղջկան[2][10]։ Դատավճիռն ընթերցել է Կամչատկայի երկրամասի դատավոր Դմիտրի Ուրբանը[1][13]։

Տուշինսկու փաստաբանները վիճարկել են դատավճիռը։ 2016 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն դատարանը քննել է մեղադրյալի և գործով երեք տուժածների տեսագրությունը և, արդյունքում, դատավճիռը թողել անփոփոխ[3]։

Մահ խմբագրել

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ Տուշինսկին ուղարկվել է «Օգնեննի օստրով» հատուկ ռեժիմով գաղութ։ Կամչատկայից նրան տեղափոխել են Խաբարովսկ քաղաքի մեկուսարան, որտեղ նրան տեղավորել են հատուկ հսկողությամբ մեկուսարան, որը, շուրջօրյա տեսահսկվում էր[16]։

2016 թվականի օգոստոսի 5-ին Տուշինսկին մահացել է[17]։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ մահվան պատճառ հանդիսացել է «առանց բռնի մահվան սրտի հանկարծակի կանգը»։ Համաձայն Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի պատժի կատարման դաշնային ծառայության՝ ժամը 17։ 05-ին կրտսեր տեսուչից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ հանցագործն իրեն վատ է զգում։ Նրան հետազոտած բուժծառայողը շտապ օգնության բրիգադ է կանչել։ 18։ 58-ին բանտարկյալին տեղափոխել են Խաբարովսկի N 2 երկրամասային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 20։ 05-ին վերակենդանացման բժիշկ-անեսթեզիոլոգը գրանցել է Տուշինսկու մահը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ««Камчатский Чикатило» признался в убийстве пяти девушек». Lenta.ru. 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ««Камчатский Чикатило», убивший 5 девочек и девушек из-за привычки насиловать падчерицу, получил пожизненный срок». NEWSru.com. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 ««Камчатскому чикатило» не удалось обжаловать пожизненный срок». Regnum. 2016 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Хитров В. Край бездны // Новая газета. — № 105 (25 сентября 2015). — С. 13. Архивировано из первоисточника 3 Հուլիսի 2016.
  5. 5,0 5,1 Иван Думов (2016 թ․ փետրվարի 19). «Камчатский Чикатило Владимир Тушинский получил пожизненный срок в «Белом лебеде»». Газета «Камчатское время». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Передано в суд дело «камчатского Чикатило», убившего 5 девочек и девушек из-за привычки насиловать падчерицу». NEWSru.com. 2015 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «В Петропавловске начался суд над серийным убийцей Владимиром Тушинским». Аргументы и факты. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 «Подозреваемого в убийствах пяти девушек ищут на Камчатке». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Признания машиниста. На Камчатке пойман серийный убийца». Аргументы и факты. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Житель Камчатки осужден за убийства девушек, похожих на его дочь». РИА Новости. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  11. Седов В. Убийца использовал минуту славы, чтобы стать маньяком // Московский комсомолец : газета. — № 26471 (6 марта 2014). Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2016.
  12. «Прения по делу маньяка Тушинского начались на Камчатке». Информационное агентство «Камчатка». 2016 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  13. 13,0 13,1 «9 февраля судья Урбан предоставит маньяку Тушинскому последнее слово». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Тушинскому не хватило времени для подготовки последнего слова». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Тушинский признал вину по всем пунктам обвинения и попросил прощения». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  16. 16,0 16,1 «В УФСИН рассказали, как умер «камчатский чикатило» Тушинский». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  17. ««Камчатский чикатило» умер во время этапирования в «Вологодский пятак»». Regnum. 2016 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել