Վլադիմիր Կլիչկո - Ռուսլան Չագաև

Wladimir Klitschko vs. Ruslan Chagaev (գերմ.՝ Knockout Auf Schalke) — Բռնցքամարտի ծանր քաշային կարգի մենամարտ, որն անցկացվել է 12 ռաունդով։ Միմյանց դեմ մրցում էին IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն և WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ռուսլան Չագաևը։ Այս մենամարտում Կլիչկոն խաղարկում էր իր բոլոր չեմպիոնական գոտիները, խաղարկվում էր նաև The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր մնացած տիտղոսը, բայց չէր խաղարկվում Չագաևի տիտղոսը։

Մենամարտն անցկացվել է 2009 թ. հունիսի 20-ին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքի «Veltins Arena» մարզահամալիրում։ Վլադիմիր Կլիչկոն առաջին համարով հանդես եկավ ամբողջ մենամարտի ընթացքում, աշխատում էր ջաբերով։ Երկրորդ ռաունդում Կլիչկոյի հարվածներից հետո մրցակիցը հայտնվում է նոկդաունում։ 9-րդ ռաունդից հետո Չագաևը հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից. հաղթանակ է շնորհվում ուկրաինացի բռնցքամարտիկին(RTD9): Մենամարտի կանգնեցման պահին բոլոր 3 մրցավարները առավելություն էին տվել Կլիչկոյին (89:81, 90:79 և 88:82):

Մենամարտին Գերմանիայում հետևում էին 11,5 միլիոն հանդիսական RTL հեռուստաալիքով և 7,5 միլոն հեռուստադիտող՝ Ինտեր հեռուստաալիքով[1][2].:

Նախապատմություն խմբագրել

Նախապես ծրագրվում էր, որ 2009 թ. մայիսի 30-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Hartwall Arena» մարզահամալիրում ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը (50-1) պետք է անցկացնի ռևանշ մենամարտ Ռուսլան Չագաևի հետ (25-0-1), սակայն 24 ժամից էլ պակաս էր մնացել մենամարտի սկսմանը, երբ այն չեղարկվեց։ Պատճառն այն էր, որ բժիշկները Չագաևի օրգանիզմում հայտնաբերեցին Հեպատիտ Բ հիվանդության հակամարմիններ։ Վալուևին առաջարկվեց կատարել պատվաստում և մասնակցել մենամարտին, սակայն բռնցքամարտիկը հրաժարվում է։

 
Դևիդ Հեյը 2006 թ. հուլիսին

2009 թ. հունիսի 20-ին ծանր քաշային կարգում IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պետք է մենամարտեր առաջին ծանր քաշային կարգում WBA Super, WBC, WBO և The Ring ամսագրի վարկածով նախկին չեմպիոն Դևիդ Հեյի հետ (25-1), սակայն հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ Հեյը վնասվածք է ստացել։ Դևիդի մենեջեր Էդման Բութը հայտարարեց, որ «Wladimir Klitschko vs. David Haye» մենամարտը կարող է անցկացվել հուլիսի 11-ին, սակայն Կլիչկոն համաձայն չէր և սկսեց փոխարինող փնտրել։

 
Նիկոլայ Վալուև - Ռուսլան Չագաև. 2007 թ. ապրիլի 14

Դևիդ Հեյի վնասվածքի հայտնի դառնալուց հետո մի քանի բռնցքամարտիկներ ցանկություն հայտնեցին մենամարտել Կլիչկոյի հետ նախապես որոշված հունիսի 20-ին։ Նրանց թվում էին Ալեքսանդր Պովետկինը (17-0, 12 KO), Չազզ Ուիզերսփունը (25-1, 17 KO), Ջեյմս Թոնին (73-6-3, 43 KO), Օդլանիեր Սոլիսը (13-0, 9 KO), Բրայան Մինթոն (33-2, 21 KO), Սեդրիք Բոսվելլը (29-1, 23 KO), Քևին Ջոնսոնը (22-0-1, 9 KO), Դոմինիկ Գուիննը (31-6-1, 21 KO) և Էդդի Չեմբերսը (34-1, 18 KO): Սակայն Կլիչկոյի թիմը սկսեց բանակցություններ վարել Վալուևի և Չագաևի հետ։ Հունիսի 5-ին պաշտոնապես հայտարարվում է, որ հունիսի 20-ին «Veltins Arena» (Գելզենկիրխեն, Գերմանիա) մարզահամալիրում կկայանա մենամարտ Վլադիմիր Կլիչկոյի և Ռուսլան Չագաևի միջև։ Գերմանացի բժիշկները հայտնեցին, որ Կլիչկոն ռիսկի չի դիմում վարակվելու հեպատիտով, որովհետև պատվաստված է։ Հայտարարվեց նաև, որ հեպատիտը Չագաևի մոտ ոչ ակտիվ վիճակում է գտնվում։

Մենամարտում խաղարկվում էին Կլիչկոյի բոլոր չեմպիոնական տիտղոսները. IBF, WBO և IBO: Կլիչկոյի գոտիներից զատ ամերիկյան հեղինակավոր «The Ring» բռնցքամարտի ամսագիրը խաղարկեց թափուր մնացած գոտին, որը չէր խաղարկվել 5 տարիների ընթացքում։ Սակայն WBA-ը հրաժարվեց իր գոտու խաղարկումից. Չագաևի տիտղոսը չխաղարկվեց։

Մենամարտից 1 օր առաջ անցկացվեց բռնցքամարտիկների կշռման ընթացակարգը. Կլիչկոն կշռում էր 109 կգ, իսկ Չագաևը՝ 102 կգ[3]|[4]:

Կանխատեսումներ և կարծիքներ խմբագրել

Բուքմեյքերների, բռնցքամարտիկների և մասնագետների կարծիքով Կլիչկոն ֆավորիտ էր այս մենամարտում։ Տարբեր բուքմեյքերական ընկերություններում Կլիչկոյի հաղթանակի վրա խաղադրույքներ էին ընդունում 1,13-ից մինչև 1,22 գործակիցներով, իսկ Չագաևի հաղթանակի համար սահմանվել էին 4-ից մինչև 6,7 գործակիցները[3]։

Ռուս բռնցքամարտիկ Գրիգորի Դրոզդը վստահ էր, որ Կլիչկոն հաղթանակ կտանի մրցավարների որոշմամբ։ Նիկոլայ Վալուևի մարզիչ Ալեքսանդր Զիմինը ևս վստահ էր, որ Կլիչկոն հաղթանակ կտանի մրցավարների որոշմամբ։ Զիմինը նշում էր նաև, որ Չագաևը հնարավորություն ունի նոկաուտի ենթարկել Կլիչկոյին մենամարտի առաջին 4 ռաունդների ընթացքում։ Սպորտային լրագրող Ալեքսանդր Բելենկին կանխատեսում էր, որ Կլիչկոն կհաղթի Չագաևին տեխնիկական նոկաուտով 6-ից 8-րդ ռաունդների ընթացքում[3]։

Մենամարտի ընթացք[3][5] խմբագրել

Մենամարտի սկզբից Չագաևը փորձում էր աշխատել բարձր տեմպով և ձգտում էր հասնելու մոտ տարածության, որը հարմար կլիներ իր համար։ Սակայն Կլիչկոյի ձախ ջաբերը հնարավորություն չէին տալիս ուզբեկ բռնցքամարտիկին կրճատելու տարածությունը։ Առաջին և երկրորդ ռաունդների միջև ընկած ընդմիջման ժամանակ Չագաևի մարզիչ Թիմմը ասում էր, որ բռնցքամարտիկը պետք է արագացնի մենամարտի տեմպը և հասցնի կրճատելու տարածությունը։ Երբ Երկրորդ ռաունդի ավարտին մնացել էր 56 վայրկյան Կլիչկոն աջ ձեռքի ուղիղ հարվածով Չագաևին նոկդաունի է ենթարկում։ Սակայն մրցավարը թույլատրում է Չագաևին շարունակելու մենամարտը։

Երրորդ ռաունդում Չագաևը փորձում էր ավելի ակտիվ մարտ վարել, սակայն նրա հարձակումները կանխատեսելի էին։ Չագաևը սկսում էր ավելի շատ հարվածներ բաց թողել։ 4-րդ ռաունդում Չագաևը սկսեց ավելի շատ տեղաշարժվել ռինգում և ավելի շատ պաշտպանվել մոտ տարածություն տեղափոխվելիս, սակայն սա ևս արդյունավետ մարտավարություն չէր, և Կլիչկոն շարունակում էր մրցակցին պահել հեռու տարածության վրա։ 5-րդ ռաունդում Կլիչկոն կարողանում է աջ ձեռքով մի քանի ուղիղ հարվածներ հասցնել, սակայն չի կարողանում զարգացնել հաջողությունը։

7-րդ ռաունդում Չագաևը նորից է փորձում բարձրացնել մենամարտի տեմպը։ Ռաունդում Կլիչկոյի հաջող հարձակումից հետո վնասվածք է նկատվում Չագաևի ձախ աչքի վերևում։ Ռաունդի վերջում Չագաևին հաջողվում է կրճատել տարածությունը և մի քանի հաջող հարված անցկացնել։ 8-րդ ռաունդում Չագաևի վնասվածքը խորանում է։ 9-րդ և 10-րդ ռաունդների միջև ընկած ընդմիջման ժամանակ բժիշկը նայելով Չագաևի վնասվածքը խորհուրդ է տալիս կանգնեցնելու մենամարտը։ Արդյունքում Չագաևը հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից, և հաղթանակը շնորհվում է Կլիչկոյին։

Մրցավարների որոշումը մենամարտի կանգնեցման պահին[6]
  Մանֆրեդ Կյուխլեր   Նոել Մոնե   Դոն Թրելլա
Վլադիմիր Կլիչկո Ռուսլան Չագաև Վլադիմիր Կլիչկո Ռուսլան Չագաև Վլադիմիր Կլիչկո Ռուսլան Չագաև
88 82 89 81 90 79

Fight card[7] խմբագրել

Տերմին Նշանակություն
Հաղթանակ
Պարտություն
КО Նոկաուտ
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD Մրցավարների միաձայն որոշում
RTD Հրաժարում մենամարտի շարունակումից
Բռնցքամարտիկ Արդյունք Բռնցքամարտիկ Նշանակություն
  Վլադիմիր Կլիչկո (52-3) RTD9 (12)   Ռուսլան Չագաև (25-0-1) Ծանր քաշային կարգում IBF, WBO, IBO և «The Ring» ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոն
  Ալեքսանդր Ուստինով (15-0) UD10 (10)   Մայքլ Սփրոթթ (31-13) Ծանր քաշային կարգում ռեյտինգային մենամարտ
  Ջոնաթոն Բենքս (20-1) KO7 (8)   Պոլ Բատլին (12-9) Ծանր քաշային կարգում ռեյտինգային մենամարտ
  Էնդի Լի (17-1) UD6 (6)   Օլեգ Ֆեդոտով (10-5) Միջին քաշային կարգում ռեյտինգային մենամարտ
  Սեդրիք Բոսվելլ (29-1) TKO6 (6)   Սերդար Ույսալ (9-6-2) Ծանր քաշային կարգում ռեյտինգային մենամարտ

Մենամարտից հետո խմբագրել

Կլիչկոյից կրած պարտությունը Չագաևի պրոֆեսսիոնալ կարիերայի ընթացքում առաջինն էր։ Այս մենամարտից հետո Չագաևը անկացնում է 11 մենամարտ, որից երկուսում պարտություն է կրում։ 2011 թ. օգոստոսին Չագաևը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի (21-0) հետ թափուր մնացած WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն մրցավարների միաձայն որոշումով հաղթող է ճանաչվում Պովետկինը։ 2014 թ. հուլիսի 6-ին Չագաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում Ֆրես Օկենդոյի (37-7) հետ անցկացված մենամարտում և նվաճում է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2015 թ. հուլիսի 11-ին Չագաևը հաջողությամբ կարողանում է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը Ֆրանչեսկո Պիանետայի (31-1-1) հետ կայացած մենամարտում. նոկաուտի է ենթարկում մրցակցին առաջին ռաունդում։ 2016 թ. մարտի 5-ին տեխնիակական նոկաուտով պարտվում է Լուկաս Բրաունին (23-0), ինչից հետո ավարտում է իր կարիերան[8][9]։

Չագաևի հետ մենամարտից հետո Կլիչկոն անցկացնում է 11 հաջող մենամարտ, որտեղ կարողանում է պաշտպանել IBF, WBO, IBO և «The Ring» ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ 2011 թ. հուլիսի 2-ին Կլիչկոն մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվում Դևիդ Հեյի (25-1) հետ կայացած մենամարտում և կարողանում է նվաճել WBA Super վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[10][11]։ 2015 թ. նոյեմբերին Կլիչկոն մրցավարների միաձայն որոշմամբ պարտվում է Թայսոն Ֆյուրիի (27-0) հետ կայացած մենամարտում։ 2017 թ. ապրիլին Վլադիմիր Կլիչկոն փորձում է վերադարձնել իր տիտղոսները, սակայն պարտություն է կրում Էնթոնի Ջոշուայի (18-0) հետ կայացած մենամարտում, ինչից հետո ավարտում է իր կարիերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wagner, Ulrik; Storm, Rasmus; Nielsen, Klaus (2017). When Sports meets Business: Capabilities, Challenges, Critiques. SAGE Publications Ltd. էջ 50. ISBN 978-1-4739-4804-4.
  2. «Wladimir Klitschko vs. Ruslan Chagaev». Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Михалкин Ю., Иванцов А. (2019 թ․ հունիսի 21). «Владимир Кличко – Руслан Чагаев: хроника боя». www.sports.ru. Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Ринг», № 7-8, 2009, էջ 38—39
  5. Վլադիմիր Կլիչկո — Ռուսլան Չագաև ՅուԹյուբում
  6. «Wladimir Klitschko v Ruslan Chagaev». BoxRec (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Saturday 20, June 2009». BoxRec (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  8. «Ռուսլան Չագաևի մենամարտերի վիճակագրություն».
  9. Жук В. (2016 թ․ հոկտեմբերի 17). «Чемпион и человек мира. Как Руслан Чагаев стал Белым Тайсоном». www.championat.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Վլադիմիր Կլիչկոյի մենամարտերի վիճակագրություն».
  11. Пилипенко Е. Братья Кличко: Миссия завершена? // «Ринг» : журнал. — 2008. — № 7 (108). — С. 2—10. — ISSN 1810-7338.

Արտաքին հղումներ խմբագրել