Վլադիմիր Բալայան (փետրվարի 14, 1958(1958-02-14), Մոխրաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 9, 1992(1992-06-09), Այգեստան, Մարտակերտի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[1]։

Վլադիմիր Բալայան
փետրվարի 14, 1958(1958-02-14) - հունիսի 9, 1992(1992-06-09) (34 տարեկան)
ԾննդավայրՄոխրաթաղ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱյգեստան, Մարտակերտի շրջան, Ադրբեջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Ներքին Հոռաթաղում։ Մարտակերտի խմբագրությունում աշխատել է որպես տպագրիչ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983 թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղի տնտեսությունում որպես գյուղատնտես։ 1985 թ. աշխատել է Մարտակերտի անտառտնտեսությունում։ Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրը առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար։ Եղել է «Ազատագրական բանակ»-ի «Արցախի ճակատ»-ի հրամանատարը։ Մասնակցել է Բուզլուխի, Մանաշիդի, Էրքեջի, Ղարաչինարի, Իմ. Քերվենդի, Ծամձորի, Տողի, Աղդաբանի, Մարաղայի, Սրխավենդի, Օրթափայայի, Բաշ-Գյունեփայայի, Մանիքլուի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Միայն 2 անգամ իր ջոկատով մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի խրամատներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Հուշարձան է կանգնեցվել նրա անունը կրող Մարտակերտի դպրոցում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Աղաբեկալինջի գերեզմանատանը[2]։

«Ազատագրական բանակի» կազմավորումը խմբագրել

Վլադիմիրը կանխագուշակում է, որ իրենց գյուղի վրա հարձակվում են։ Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները՝ խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել։ Վաճառեց ավտոմեքենան, զենք գնեց և ջոկատ կազմավորեց, որ պատրաստ էր դիմակայել թշնամուն։ 1991 թվականի ձմռանը Շահումյանում հանդիպման եկան Վլադիմիր Բալայանը և Լեոնիդ Ազգալդյանը։ Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար։ Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը և Վլադիմիրը, 1990-1991 թվականներին կոչվել է «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ։ Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ, թե՛ խիստ կարգապահություն։ Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ։ Նրանք տիրապետում էին արևելյան մարտարվեստներին և անընդմեջ կոփում իրենց մարմինը։ Նույնիսկ ծանր մարտերից հետո կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները։ Սակայն ամենից կարևորն ու հատկանշականը երկու հրամանատարների՝ միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը։ Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը։ Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը, տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից։ Սակայն Վլադիմիրը անկոտրում էր։ «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»։ Եվ նա մինչև վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում։ Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում։ Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան և տալով ընդամենը 4 զոհ։ Դժբախտաբար, 5-րդը և 6-րդը եղան հենց իրենք՝ երկու հրամանատարները։ Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը». Պանորամա. 2019 թ օգոստոստի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ օգոստոստի 31-ին.
  2. Վլադիմիր Բալայանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)