Վիքիպեդիա:Թարգմանիչի անկիւն/Արեւելահայերէն/39

Սելին Տիոն

hy

1990 թվականին, անգլերենը յուրացնելուց հետո, տեղի ունեցավ Դիոնի դեբյուտն անգլալեզու շուկայում՝ Unison ալբոմով, որի գլխավոր սինգլը սկզբնապես ձայնագրվել էր Լորա Բրենիգանի կողմից։ Սելինն ընդունեց մի շարք անվանի երաժիշտների օգնությունը, այդ թվում և Վիտո Լուպրանոյի և կանադացի պրոդյուսեր Դևիդ Ֆոստերի։ Unison-ը քննադատների կողմից լավ գնահատականի արժանացավ. Ջիմ Ֆաբերը Entertainment Weekly-ից գրեց, որ Դիոնի վոկալային մասը կատարված է «ճաշակով և առանց ավելորդ զարդարանքի»[16], Սթիվեն Էրլյուինը Allmusic-ից ալբոմն անվանեց «հիասքանչ և նրբաճաշակ ամերիկյան դեբյուտ»։ Ալբոմում ընդգրկված էին «(If There Was) Any Other Way» («(Եթե միայն...) ցանկացած այլ ուղի»), «The Last to Know» («Իմանալ վերջինը»), «Unison» («Ունիսոն») և «Where Does My Heart Beat Now» («Որտեղ իմ սիրտն է այժմ բաբախում») սինգլները։ Վերջինս դարձավ նրա առաջին սինգլը, որն ընդգրկվեց ամերիկյան Billboard Hot 100 աղյուսակում՝ գրավելով 4-րդ տեղը։ Ալբոմը հաստատեց Դիոնին՝ որպես ԱՄՆ-ի և ամբողջ եվրոպական ու ասիական մայրցամաքի աճող երգչուհի։

1991 թվականին Սելինը «Փոթորիկ անապատում» օպերացիային մասնակցած ամերիկյան զորքերին նվիրված «Voices That Care» երգի մեներգչուհին էր։ Դիոնին իրական միջազգային ճանաչում բերեց 1991 թվականին «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի գլխավոր սաունդթրեքի դուետի ձայնագրությունը Պիբո Բրայսոնի հետ։ Լինելով և՛ քննադատական, և՛ կոմերցիոն հիթ՝ երգը դարձավ նրա երկրորդ սինգլը ամերիկյան թոփ-10-ում՝ բերելով նրան «Օսկար»՝ ֆիլմի լավագույն երգի և «Գրեմմի»՝ դուետով լավագույն փոփ-կատարման համար։ «Գեղեցկուհին և հրեշը» սինգլը Դիոնն ընդգրկեց 1992 թվականին իր պատվին անվանակոչված ալբոմում։ Սինգլի հաջողության և Ֆոստերի ու Դայան Ուորենի հետ համագործակցության շնորհիվ, ալբոմը նույնքան լավ ընդունվեց, որքան Unison-ը։ Չափավոր հաջողության հասավ «If You Asked Me To» («Եթե դու ինձ խնդրեիր») սինգլը՝ «Արտոնագիր և Սպանություն» ֆիլմից Պատտի Լաբելի երգի սեփական տարբերակը, որն ամերիկյան Billboard Hot 100 աղյուսակում գրավեց 4-րդ տեղը, ինչպես նաև՝ «Love Can Move Mountains» («Սերը կարող է սարեր շրջել») և «Nothing Broken But My Heart» («Ոչինչ չի կոտրվել, բացի իմ սրտից») սինգլները։

Նույն՝ 1991 թվականին Դիոնը թողարկեց Dion chante Plamondon ֆրանսալեզու ալբոմը, որը կազմված էր հիմնականում արդեն հայտնի երգերի սեփական կատարումներից, սակայն ընդգրկում էր նաև չորս նոր երգ՝ «Des mots qui sonnent», «Je danse dans ma tête», «Quelqu’un que j’aime, quelqu’un qui m’aime» և «L’amour existe encore»։ Սկզբնապես ալբոմը թողարկվեց Կանադայում և Ֆրանսիայում՝ 1991-1992 թվականներին, սակայն 1994 թվականին իրականացավ նաև միջազգային թողարկումը։ Այսպիսով, այն դարձավ Սելին Դիոնի առաջին միջազգային ֆրանսիական ալբոմը։ «Un garçon pas comme les autres (Ziggy)» սինգլը հիթ դարձավ Ֆրանսիայում՝ գրավելով 2-րդ տեղը և դառնալով ոսկե հիթ։ Կվեբեկում հենց թողարկման օրը ալբոմն արժանացավ «ոսկե» տիտղոսի։

1992 թվականին Unison, Céline Dion ալբոմներն ու ելույթները Դիոնին գերաստղի ճանաչում բերեցին Հյուսիսային Ամերիկայում։ Նա հասավ իր գլխավոր նպատակներից մեկին՝ ամրապնդվեց անգլալեզու շուկայում և փառքի հասավ։ Սակայն ԱՄՆ-ում հռչակի վերելքի ճանապարհին նրա կանադա-ֆրանսիացի երկրպագուներն սկսեցին քննադատել երգչուհուն՝ իրենց իբր արհամարհելու համար։ Ավելի ուշ նա վերադարձրեց իր ֆանատների բարեհաճությունը, երբ, «Տարվա անգլիացի արվեստագետ» անվանակարգում «Ֆելիքս» մրցանակի արժանանալով, հասարակայնորեն հրաժարվեց դրանից։ Նա հայտարարեց, որ միշտ եղել է և կլինի ֆրանսիացի, այլ ոչ անգլիացի երգչուհի։ Բացի կոմերցիոն հաջողությունից, Դիոնի կյանքում տեղի ունեցան նաև անձնական փոփոխություններ. Անժելիլիը, որը մեծ էր նրանից քսանվեց տարով, երգչուհու մենեջերը լինելուց բացի դարձավ նաև նրա սիրեկանը։ Այնուամենայնիվ, նրանք իրենց հարաբերությունները գաղտնի էին պահում՝ վախենալով հասարակության բացասական վերաբերմունքից։

1993 թվականին Դիոնը հայտարարեց իր մենեջերի հանդեպ ունեցած զգացմունքների մասին՝ իր երրորդ անգլալեզու The Colour of My Love ալբոմի ընծայականում նրան «իր սիրո գույնը» անվանելով։ Սակայն, փոխանակ նրանց հարաբերությունները քննադատելու, ինչից և Դիոնը վախենում էր, երկրպագուներն ընդունեցին զույգին։ Վերջիվերջո, Անժելիլն ու Դիոնն ամուսնացան՝ 1994 թվականի դեկտեմբերին մի արտասովոր հարսանեկան արարողություն կազմակերպելով, որն ուղիղ եթերով ցուցադրվեց կանադական հեռուստատեսությամբ։

Քանի որ ալբոմը նվիրված էր մենեջերին, ալբոմի մոտիվը սերն էր և ռոմանտիկան։ Այն դարձավ նրա ամենահաջող ձայնագրություններից մեկն այդ պահի դրությամբ. վաճառվեց ավելի քան վեց միլիոն նմուշ ԱՄՆ-ում և երկու միլիոն՝ Կանադայում, իսկ շատ երկրներում այն զբաղեցրեց աղյուսակների առաջին տեղերը։ «The Power of Love» («Սիրո ուժը») սինգլը՝ Ջենիֆեր Ռաշի 1985 թվականի հիթի փոփոխված տարբերակը, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում զբաղեցրեց աղյուսակների առաջին տեղերը՝ դառնալով Դիոնի ամենաճանաչված հիթը, մինչև նրա՝ 1990-ականներին կարիերայի նոր բարձունքներին հասնելը։ «When I Fall in Love» («Երբ ես սիրահարվում եմ») սինգլը՝ Կլեյվ Գրիֆինի հետ դուետով, ԱՄՆ-ում և Կանադայում որոշակի հաջողության հասնելով, ներկայացվեց երկու «Գրեմմի» մրցանակի՝ ստանալով մեկը։ The Colour of My Love-ը նույնպես դարձավ Դիոնի առաջին հիթը Եվրոպայում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում։ Ե՛վ ալբոմը, և՛ «Think Twice» սինգլը հինգ շաբաթ անընդմեջ միաժամանակ զբաղեցնում էին բրիտանական աղյուսակների գագաթները։ «Think Twice»-ը, որը յոթ շաբաթ շարունակ առաջին տեղում էր, վերջիվերջո դարձավ երգչուհու չորրորդ սինգլը, որի օրինակները Մեծ Բրիտանիայում վաճառվեց ավելի քան մեկ միլիոն թվաքանակով, իսկ ալբոմը, երկու միլիոն նմուշով վաճառվելու արդյունքում հինգ անգամ դարձավ պլատինե։

Դիոնն իր ֆրանսիական արմատներին հարազատ մնալով՝ յուրաքանչյուր անգլիական ալբոմի թողարկման արանքում շարունակում էր մի շարք ֆրանսալեզու ձայնագրություններ թողարկել։ Որպես կանոն, դրանք ավելի մեծ հաջողություն էին ունենում, քան նրա անգլերեն լեզվով աշխատանքները։[ Նա թողարկեց À l’Olympia համերգային ալբոմը՝ ձայնագրված փարիզյան «Օլիմպիայում» համերգներից մեկի ժամանակ՝ 1994 թվականին։ Ալբոմում ընդգրկված էր մեկ գովազդային սինգլ՝ «Calling You»-ի համերգային տարբերակը, որը ֆրանսիական աղյուսակում 75-րդ տեղն էր գրավել։ Նա ձայնագրեց նաև «Petit Papa Noël»-ի երկլեզու տարբերակը՝ «Էլվինը և բուրունդուկները» խմբի հետ, 1994 թվականին, A Very Merry Chipmunk («Շատ ուրախ բուրունդուկ») տոնական ալբոմի համար։ D’eux-ը (ԱՄՆ-ում հայտնի նաև որպես «ֆրանսիական ալբոմ») թողարկվեց 1995 թվականին և դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող ֆրանսալեզու ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերը Ժան-Ժակ Գոլդմանն էր, և ալբոմը հսկայական հաջողություն ունեցավ իր «Pour que tu m’aimes encore» և «Je sais pas» սինգլներով։ «Pour que tu m’aimes encore»-ը Ֆրանսիայում նվաճեց առաջին հորիզոնականը և բարձունքում մնաց տասներկու շաբաթ։ Ավելի ուշ Ֆրանսիայում այն դարձավ պլատինե։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում սինգլն ընդգրկվեց թոփ-10-ում, որը ֆրանսիական երգի համար բացառիկ նվաճում էր։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Je sais pas»-ը, նույնպես հասավ առաջին հորիզանականին և Ֆրանսիայում դարձավ արծաթե։ Այդ երգերը վերածվեցին «If That’s What It Takes» և «I Don’t Know» սինգլների՝ Դիոնի հերթական՝ Falling into You անգլիալեզու ալբոմում։

Մինչ քննադատական արձագանքները տատանվում էին, Դիոնի դիրքերը միջազգային աղյուսակներում ավելի ու ավելի էին ամրապնդվում, իսկ 1996 թվականին նա արժանացավ World Music Awards մրցանակի՝ որպես երրորդ անգամ «աշխարհում ամենաշատ վաճառվող տարվա երգչուհի»։ 1990-ական թվականների կեսերին Դիոնը հաստատվեց որպես աշխարհում ամենաշատ վաճառվող երգչուհիներից մեկը։

Թարգմանիչ
Վերստուգող




Պատահական