Վիրու մշակույթ, այլ կերպ՝ Գալլինազո, նախակոլումբիական, նախաինկական մշակույթ։ Ծաղկում է ապրել Պերուի հյուսիսարևմտյան ափին գտնվող՝ Վիրուի հովտում, որից էլ ստացել է իր անունը։ Մ․թ․ա մոտ 200 թվականին, Վիրու մշակույթով սկսվել է վաղ անցումային շրջանը։ Վիրուի հովտում հիմնված՝ այս հյուսիսային մշակույթը, տարածվել է նաև Մոչեի և Սանտայի հովիտներում։ Վիրուի հովիտը ափամերձ լանդշաֆտ է, որը բաղկացած է նեղ հողաշերտից, արևելքից շրջապատված՝ Անդյան լեռներով, արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսով։ Այդ ժամանակաշրջանում, Վիրուի հովտի կենտրոնը մի քաղաքաբնակ վայր է եղել, որը կոչվել է Գալլինազո խմբի տարածք։

Վիրու մշակույթի խեցեղեն՝ նեգատիվ պատկերազարդման տեխնիկայի օգտագործմամբ:

Այն եղել է հովտի սկզբնական կենտրոնը և ամենայն հավանականությամբ՝ տարածաշրջանային առաջնորդների բնակավայրը։ Վիրու մշակույթում վաղ անցումային շրջանը նշանավորվել է սոցիալական (բնակչության թվաքանակի աճ), տնտեսական և քաղաքական (հովտում միասնական հրամանատարություն ստեղծում) վերափոխումներով։ Այս ամենն ընդգրկում է հովտում ընդհանուր բնակավայրերի թվի ավելացումը, մշակվող տարածքների ընդլայնումը, ոռոգման նպատակով նոր ջրանցքների կառուցումը և քառաստիճան վարչական համակարգի ստեղծումը։

Ուակա Գալլինազո խմբագրել

Ուակա Գալլինազոն՝ Վիրուի հովտում Գալլինազո խմբի ամենամեծ բլուրն է, որտեղ ապրել են դեռևս մ.թ.ա.1-ին դարից սկսած մինչև մ.թ. 7-րդ դարի վերջ։ Տարածքը զբաղեցված է եղել մեծ թվով ճարտարապետական համալիրներով։ Այս ճարտարապետական համալիրները ունեցել են կառուցվածքային խիտ համակարգ, ընդգրկելով՝  բազմաբնակարան բնակելի միավորներ, պահեստատեղեր, ինչպես նաև պատիո այգիներ (ներսի բակ)։ Բացի այդ, այստեղ հայտնաբերվել են մի շարք ճարտարապետական կառույցներ՝ անշուք կացարաններից մինչև սեփական բակերով խիստ տպավորիչ առանձնատներ։ Մի քանի բլուրների վրա գերակշռել են ոչ բնակելի կառույցները, որոնք ամենայն հավանականությամբ օգտագործվել են քաղաքացիական կամ ծիսական նպատակներով, մատնանշելով՝ համախմբված իշխանության գոյությունը։

Քաղաքային ամենամեծ ու խոշոր կառույցը Ուակա Գալլինազոյի կենտրոնում է։ Այն հազարավոր չթրծված աղյուսների կույտերից կառուցված շինություն է։ Սյուները հենված են միմյանց վրա, բայց իրար ամրացրած չեն։

Ուակա Սանտա Կլարա խմբագրել

Ուակա Սանտա Կլարայում արված պեղումների շնորհիվ հայտնի դարձավ, թե ինչ կապ կա Գալլինազո համայնքի և Մոչեի առաջնորդների միջև։ Այս վայրն ի սկզբանե համարվել է Մոչեի բնակավայր, սակայն դրա ճարտարապետական կառուցվածքի և հայտնաբերված խեցեգործական իրերի շնորհիվ հայտնի է, որ այն «ծաղկող» Գալլինազո համայնքն էր։

Ուակա Սանտա Կլարան ոչ մեծ վարչական բնակավայր էր մի փոքրիկ կողքին՝ կառուցված առաջնորդների կողմից։ Այն բաղկացած է մի շարք աղյուսե հարթակներից և բազմաթիվ հողահարթակներից։ Այստեղ կան աղյուսե չորս շինություններ, որոնցից ամենագլխավորը գտնվում է բլրի գագաթին։ Հենց դրա տարածքում էլ հայտնաբերվել են հարյուրավոր պատերազմական լախտերի կտորներ։ Դրանք հայտնի են ինչպես Վիրու, այնպես էլ՝ Մոչե մշակույթում, որտեղ դրանք զարդարել են կարևոր կառույցների տանիքները։

Կա վարկած, ըստ որի՝ Մոչե մշակույթը կրողները նվաճել են Վիրուի հովիտը, նրա առաջնորդներին փոխարինելով սեփական առաջնորդներով, սակայն սա ապացուցված չէ։ Վարկածը ենթադրում է նաև, որ Ուակա Սանտայի վերնախավին հաջողվել է պահպանել իր հեղինակությունն այդ հողում, չնայած՝ Մոչեի ոչ անմիջական հսկողությանը։ Սա երևում է Մոչեի վերնախավի թողած արտեֆակտների գոյության շնորհիվ։

Խեցեգործություն խմբագրել

Գալլինազո մշակույթը հայտնի է իր խեցեգործական նմուշներով։ Այս մշակույթի խեցեգործության մեջ ավելի շատ օգտագործվել է գունազարդարման նեգատիվ տեխնոլոգիան։ Գալլինազոյի բոլոր հիբրիդային քանդակները թռչնի, կատվի և օձի համակցումներ են։ Դրանք ներկայացնում են երկնքի, երկրի և ստորգետնյա զորությունների միությունը։ 

Արտաքին հղումներ խմբագրել