Վիտրուվյան մարդ
Վիտրուվյան մարդ (լատ.՝ Homo vitruvianus), Լեոնարդո դա Վինչիի նկարներից։ Ստեղծվել է 1490-1492 թվականներին որպես Վիտրուվիոսին նվիրված գրքի նկարազարդում. գտնվել է նկարչի օրագրերից մեկում։ Նկարում պատկերված են մերկ տղամարդու երկու կերպարներ, որոնք մեկը մյուսի վրա տեղադրված դիրքով են ներկայացված, ձեռքերը պարզված են կողքի, ոտքերը զատված են։ Կերպարները ձեռքերով և ոտքերով ներառված են քառակուսու մեջ։ Նկարը հաճախ մեկնաբանվել է որպես կանոնավոր համաչափությունների բացահայտման օրինակ։
Վիտրուվյան մարդ լատ.՝ Homo vitruvianus | |
---|---|
![]() | |
տեսակ | գծանկար և mirror writing? |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի |
տարի | մոտ 1491 |
բարձրություն | 34.3 |
լայնություն | 24.5 |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
քաղաք | Վենետիկ |
հիմնական թեմա | Vitruvian Man? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարը կատարված է թանաքով և ջրաներկով մետաղական մատիտի օգնությամբ։ Նկարի չափերն են 34,3 × 24,5 սմ։ Ներկայումս այն գտնվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում։
Նկարը միաժամանակ և' գիտական աշխատանք է, և' արվեստի գործ։ Այն ներկայացնում է Լեոնարդոյի հետաքրքրությունը համաչափությունների համդեպ։ Նկարչի գրառումների համաձայն` այն ստեղծվել է մարդկային մարմնի համաչափությունները որոշելու համար, ինչպես նկարագրել է հռոմեացի անտիկ ճարտարապետ Վիտրուվիոսը իր «Ճարտարապետության մասին» գրքում (գիրք III, գլուխ I).
- ձեռքի ափը հավասար է ամենաերկար մատի ծայրից մինչև չորս մատների հիմքը ընկած երկարությանը
- ոտնաթաթը կազմում է չորս ափի երկարություն
- արմունկը կազմում է վեց ափի երկարություն
- մարդու հասակը կազմում է չորս արմունկ մինչև մատների ծայրը (համապատասխանաբար` ձեռքի 24 ափ)
- քայլը հավասար է չորս ափի
- մարդու թևերի բացվածքը հավասար է հասակին
- մազերի գծից մինչև կզակը կազմում է հասակի 1/10 մասը
- գլխի գագաթից մինչև կզակը կազմում է հասակի 1/8 մասը
- գլխի գագաթից մինչև կուրծքը կազմում է հասակի 1/4 մասը
- ուսերի առավելագույն լայնությունը կազմում է հասակի 1/4 մասը
- արմունկից մինչև ձեռքի ծայրը կազմում է հասակի 1/4 մասը
- արմունկից մինչև թևատակը կազմում է հասակի 1/8 մասը
- ձեռքի երկարությունը կազմում է հասակի 2/5 մասը
- կզակից քիթը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
- մազերի գծից մինչև հոնքերը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
- ականջների երկարությունը կազմում է դեմքի երկարության 1/3 մասը
- պորտը շրջանագծի կենտրոնն է։
Մարդկային մարմնի համաչափությունների վերաբացահայտումը, որ կատարեցին Լեոնարդո դա Վինչին և ուրիշ գիտնականներ 15-րդ դարում, դարձավ իտալական վերածննդի խոշորագույն ձեռքբերումներից։
Ինչպես կարելի է նկատել նկարի հետազոտություններից, ձեռքերի և ոտքերի դասավորությունը իրականում երկու տարբեր դիրք է ներկայացնում. ձեռքերը կողք պարզած և ոտքերը միացրած դիրքով կերպարը քառակուսու մեջ է ներառված, իսկ ոտքերը բացած կերպարը շրջանագծի մեջ է։ Առավել ուշադիր դիտելու դեպքում համոզվում ենք, որ շրջանագծի կենտրոնը կերպարի պորտն է, իսկ քառակուսու կենտրոնը` սեռական օրգանները։
Այս սկզբունքով Կորբյուզիեն կազմել է համաչափությունների իր սանդղակը` Մոդուլորը, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի ճարտարապետական գեղագիտության վրա։
Նկարը հաճախ է օգտագործվում որպես մարդկային մարմնի, երբեմն նաև ողջ տիեզերքի համաչափությունների խորհրդանիշ։ 2011 թվականին իռլանդացի աերոնկարիչ Ջոն Կվիգլին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցներին պատկերել է հանրահայտ նկարի հսկայական կրկնօրինակը` մարդկության ուշադրությունը հրավիրելով բնապահպանական հավասարակշռության խնդիրներին[1]։
2012 թվականին տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ «վիտրուվյան մարդու» առաջին պատկերը ոչ թե Լեոնարդոն է նկարել, այլ նրա ընկեր Ջակոմո Անդրեա դա Ֆերարան, ով մանրամասն ուսումնասիրել էր Վիտրուվիոսի աշխատությունները։ Չնայած դրան` Ֆերարայի նկարը գեղարվեստական արժանիքներով զիջում է Լեոնարդոյի նկարին[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Իռլանդացի նկարիչ Ջոն Կվիգլին հասարակության ուշադրությունը հրավիրել է Արկտիկայի հալվող սառույցներին Archived 2013-06-13 at the Wayback Machine. (Контрабанда, 13 сентября 2011 года)
- ↑ Թոբի Լեսթեր. Մեկ այլ «Վիտրուվյան մարդ» Archived 2013-11-13 at the Wayback Machine. // «Smithsonian», February 2012. (անգլ.)
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ակադեմիայի պատկերասրահի կայք Archived 2007-03-04 at the Wayback Machine.
- «Վիտրուվյան մարդը» Սթենֆորդի համալսարանի կայքում
- Վիտրուվյան մարդ