Վիկտոր Ֆրանկենշտեյն, Մերի Շելիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» (1818) վեպի գլխավոր հերոսը, ինչպես նաև սյուժեի գրքային, դրամատիկ և կինեմատոգրաֆիական ադապտացիաների կերպար (որ հանդես է գալիս նաև Հենրի Ֆրանկենշտեյն, Չարլզ Ֆրանկենշտեյն, բժիշկ Ֆրանկենշտեյն կամ բարոն Ֆրանկենշտեյն անուններով)։

Վիկտոր Ֆրանկենշտեյն
Վիկտոր Ֆրանկենշտեյնի կերպարը գրքում
Տեսակգրական հերոս, կինոհերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակՄերի Շելի
ՍտեղծագործությունՖրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս
Ներկայացված էՖրանկենշթեյն և Presumption; or, the Fate of Frankenstein?
Սեռարական
Ազգությունշվեյցարացի
Քաղաքացիություն Շվեյցարիա
Բնակության վայրԺենևա
Ընտանիքհայր՝ Ալֆոնս Ֆրանկենշտեյն
մայր՝ Կերոլին Բոֆորտ
եղբայրներ՝ Ուիլյամ, Էռնեստ
կին՝ Էլիզաբեթ
ԵրեխաներLudwig Frankenstein? և Wolf Frankenstein?
ՄականունՀենրի Ֆրանկենշտեյն, Չարլզ Ֆրանկենշտեյն
Գործունեությունգիտնական
Մասնագիտությունգիտնական
ՆախատիպՅոհան Քոնրադ Դիպել, Ջովանի Ալդինի, Լուիջի Գալվանի
Դերը կատարել ենՔոլին Քլայվ, Փիթեր Քուշինգ, Բորիս Կարլոֆ, Ջոզեֆ Քոթեն, Քեննեթ Բրանա, Ջեյմս Մաքէվոյ և այլոք
 Victor Frankenstein Վիքիպահեստում

Բնութագիր խմբագրել

Վեպում Վիկտոր Ֆրանկենշտեյնը, որ երիտասարդ ուսանող է Ժնևից, ստեղծում է կենդանի արարած մահացած մատերիայից, ինչի համար մահացած մարդկանց տարբեր օրգաններից հավաքում է մարդու նմանակ, իսկ հետո գտնում նրան կենդանացնելու «գիտական» միջոց՝ իրականացնելով «կյանքի ստեղծում առանց կնոջ» հայեցակարգը, սակայն պարզվում է, որ կենդանացած արարածը հրեշ է։

Ֆրանկենշտեյնի՝ որպես կերպարի համար բնութագրական գիծ է իմացության ձգտումը, որը սահմանափակված չէ էթիկական պատկերացումներով, սակայն հրեշ ստեղծելուց հետո նա հասկանում է, որ գնացել է սխալ ուղով։ Բայց հրեշն արդեն գոյություն ունի անկախ նրա կամքից, նա փորձում է ճանաչել իրեն և իր գոյության պատասխանատվությունը դնում է Ֆրանկենշտեյնի վրա։

Ֆրանկենշտեյնը և նրա իսկ ստեղծած հրեշը կազմում են գնոստիկական զույգ՝ կազմված արարողից և արարվածից, որ անխուսափելիորեն ճնշվում են չարիքով։ Վերաիմաստավորվելով քրիստոնեական բարոյագիտության տերմիններով՝ այդ զույգը պատկերում է մարդու անհաջող փորձերը՝ իր վրա վերցնելու Աստծո գործառույթները, կամ գիտակցության միջոցով Աստծուն ճանաչելու անհնարինությունը։ Եթե իրավիճակը դիտարկվի Լուսավորության դարաշրջանին հատուկ ռացիոնալության տեսանկյունից, ապա այն վերափոխվում է գիտնականի՝ իր կատարած հայտնագործության հետևանքների համար պատասխանատվություն կրելու բարոյական խնդրի։

Որոշ աղբյուրներում առաջ է քաշվում մի ենթադրություն այն մասին, որ Ֆրանկենշտեյնի համար որպես նախատիպը ծառայել է գերմանացի գիտնական Յոհան Քոնրադ Դիփելը (1673-1734), որ ծնվել է Ֆրանկենշտեյն ամրոցում[1]։

Այլ ստեղծագործություններում խմբագրել

Ֆրանկենշտեյնի և նրա արարմունքի կերպարների բազմաթիվ ու ոչ միանշանակ մեկնաբանությունները նախապայմաններ են ստեղծել նրանց իմաստավորելու և վերաիմաստավորելու ստեղծագործական տարբեր ձևերում՝ նախ թատրոնում, իսկ հետո կինեմատոգրաֆիայում, որտեղ վեպի սյուժեն անցել է ադապտացիայի մի քանի փուլ և ստացել նոր կայուն մոտիվներ, որոնք գրքում ընդհանրապես բացակայում են (ուղեղի փոխպատվաստումը՝ որպես հոգու վերափոխման մետաֆորա) կամ էլ նշվել են, բայց չեն ծավալվել (օրինակ՝ Ֆրանկենշտեյնի հարսնացուի թեման)։ Հենց կինեմատոգրաֆիայում է նա դարձել «բարոն», վեպում նա բարոնի տիտղոս չունի և չէր էլ կարող ունենալ, թեկուզ այն պատճառով, որ նա Ժնևից է՝ (Ռեֆորմացիայից հետո Ժնևի կանտոնը չէր ճանաչում տիտղոսներ, թեև մնում էին ազնվականական ընտանիքները)։

Զանգվածային մշակույթում հաճախ է հանդիպում Ֆրանկենշտեյնի և նրա իսկ ստեղծած հրեշի կերպարների միավորումը, որին սխալմամբ կոչում են «Ֆրանկենշտեյն» (օրինակ, զանգվածային մշակույթի կերպարներով հագեցված «Դեղին սուզանավ» անիմացիոն ֆիլմում)։ Բացի այդ, Ֆրանկենշտեյնի կերպարն ունեցել է տարբեր շարունակություններ. հայտնվում են տարբեր որդիներ և եղբայրներ, ովքեր հանդես են գալիս տարբեր անուններով՝ Վոլֆ, Չարլզ, Հենրի, Լյուդվիգ և նույնիսկ դուստր՝ Էլզան։

Անկենդանից կենդանի արարած ստեղծելու գաղափարը, ինչպես Ֆրանկենշտեյնն է ստեղծել հրեշ, կողմնակի կերպով (իսկ որոշ սերիաներում՝ բաց) հանդիպում է «Ախ այս գիտությունը» ֆիլմում և «Գիտության հրաշքներ» ռեմեյք-սերիալում։ Դա ցուցադրվում է ամենաառաջին սերիայում, որտեղ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ֆիլմը մասնակիցներին ոգեշնչում է ստեղծել արհեստական կին։ Իսկ չորրորդ եթերաշրջանի առաջին սերիայում նրանք անձամբ հանդիպում են բժշկի և նրա հրեշի հետ։

«Մի անգամ հեքիաթում» հեռուստաերիալի երկրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում բացահայտվում է, որ դոկտոր Վեյլը այլ՝ սև-սպիտակ աշխարհից է և հանդիսանում է ոչ այլ ոք, քան Վիկտոր Ֆրանկենշտեյնը։ Նա գիտնական է, ով երազում էր վերակենդանացնել մարդկանց։ Ռումփելշթիլցխենի օգնությամբ նա վերակենդանացնում է իր եղբորը՝ Գերհարթին՝ այդ կերպ ստեղծելով հրեշ, ով ծեծելով սպանում է նրանց հորը։ Արդյունքում բժիշկը վերակենդանացնում է ևս մեկ տղամարդու, սակայն արդյունքը նույնն է։ Նրա նպատակը մարդկանց կյանք տալը և դրա դիմաց փառք ստանալն էր, բայց դրա փոխարեն նրա անունը ասոցացվում է հրեշի հետ, և հերոսը խիստ մտահոգվում է այդ թեմայով։ Հեռուստասերիալում բժիշկ Վեյլը հանդիսանում է կնամոլ և լովելաս, արտաքինից հաջողակ և երջանիկ մարդ, սակայն իրականում տառապում է սեփական ողբերգության և եղբոր հետ պատահածի պատճառով, որի մահվան պատճառը մասամբ ինքն է եղել։

«Բուլվարային սարսափներ» հեռուստասերիալում Վիկտոր Ֆրանկենշտեյնը հանդիսանում է կարևոր կերպարներից մեկը։ Նաև այնտեղ հայտնվում են Ֆրանկենշտեյնի հրեշը և Ֆրանկենշտեյնի հարսնացուն։

Ֆրանկենշտեյնի կերպարը հանդիպում նաև կորեական Noblesse մանխվայում։ Այստեղ նա ներկայացված է որպես անվանի գիտնական և ուժեղ ռազմիկ, ով տիրապետում է այնպիսի ունակությունների, որոնք շատ հեռու են մարդկային հնարավորությունունների սահմանից։

Լիամետրաժ The Empire of Corpses անիմեի սյուժեն, որի գործողությունները տեղի են ունենում ալտերնատիվ պատմության 1878-1879 թվականներին Անգլիայի, Աֆղանստանի, Ռուսական կայսրության, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տարածքներում, հիմնված է Վիկտոր Ֆրանկենշտեյնի գրությունների որոնման վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Симачёв Е., Сердитый Г., Бирюков А. Вампиры, или Кровососущие трупы. — Geleos Publishing House, 2005
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆրանկենշտեյն» հոդվածին։