Վիետնամցիներ
Վիետնամցիներ, քինհեր (վիետ.՝ người Việt, người Kin), ասիական էթնիկական խումբ։ Վիետնամի հիմնական բնակչությունը։
Թիվը՝ մոտ 89 միլիոն (2019), որից 82 մլն՝ Վիետնամում։ Երկրից դուրս բնակվում են գլխավորապես Կամպուչիայում, ինչպես նաև Թաիլանդում ու Լաոսում։ Խոսում են վիետնամերեն։ Հավատացյալների մեծ մասի մեջ տարածված է բուդդայականությունը, որը սերտորեն միահյուսված է կոնֆուցիոսականությանը, դաոսականությանը և նախնիների պաշտամունքին։ Զգալի դեր են խաղում նաև կաթոլիկությունն ու տեղական մի շարք աղանդների ուսմունքները։
Վիետնամական ցեղախմբի մեջ մտնող հին վիետնամական ցեղերը Հյուսիսային Վիետնամ են եկել Հարավային Չինաստանից մ․ թ․ ա․ 1 հազարամյակում։ Արդեն մ․ թ․ ա. առաջին դարերին վիետնամակն ցեղախմբերն սկսել են համախմբվել որպես միասնական ժողովուրդ։ 11-15-րդ դարերում, շարժվելով հվ․, վիետնամցիները ձուլվել են Տյամպա (Չամպա) պետության բնակչության մի մասին։ 20-րդ դարի սկզբին վիետնամցիները ձևավորվեցին որպես ազգ։ Ազգային-ազատագրական շարժման հետևանքով վիետնամցիները երկրի այլ ժողովուրդների հետ, 1945 թվականին ազատագրվեցին գաղութատիրական ճնշումից։
Վիետնամցիները հիմնականում զբաղվում են ոռոգովի հողագործությամբ (բրինձ, եգիպտացորեն, բամբակ, թեյ և այլն) ու ձկնորսությամբ։ Մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ և ջրային տրանսպորտում։ Զարգացած են գեղարվեստական արհեստները (բրուտություն, ոսկրի, եղջյուրի, կրիայի զրահի մշակություն և այլնն)։ Կայունորեն պահպանվում է ազգային տարազը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 439)։ |