Վենետիկի հայկական տպագրություն

Վենետիկի հայկական տպագրություն, հայերեն գրքերի ու պարբերականների տպագրություն և հրատարակություն Վենետիկում 18-20-րդ դարերում։ Առաջինը Հակոբ Մեղապարտն է 1512-1513 թվականներին Վենետիկում լույս ընծայել հայերեն գրքեր, որոնցից մեզ են հասել հինգը։ Այնուհետև Աբգար Թոխաթեցին այս քաղաքում հիմնած իր տպարանում 1565-1566 թվականներին հրատարակել է մի օրացույց և Սաղմոսարան։ Հովհաննես Տերզնցին 1587 թվականին վենետիկցի Ջուան Ալբերտիի տպարանում իր տառերով լույս է ընծայել Սաղմոսարան։ 17-րդ դարում Վենետիկում հայերեն գրքերի տպագրությունը հիմնականում կատարվել է իտալացիների կամ տեղի հույների տպարաններում, թեև պատվիրատուները, բնագրեր կազմողները, սրբագրիչները, հաճախ էլ գրաշարները եղել են հայեր։ 1642 թվականին Հովհաննես Անկյուրացին Սալիգադաուի տպարանում լույս է ընծայել Սաղմոսարան, 1643 թվականին՝ Շնորհալու «Յիսուս որդի»-ն։ 1660 թվականին Ջիովանի Բովիսը երեք հայազգիների, հատկապես Սահակ Թոխաթեցու օգնությամբ տպագրել է հայերեն Սաղմոսարան (ըստ Նոր Ջուղայի 1638 թվականի հրատարակության) և Շնորհալու «Յիսուս որդի»-ն (Հովհ․ Անկյուրացու հրատարակության շարվածքից)։ Զիոկամո Մորետիի գործակցությամբ հայ վաճառականներ Գասպար Սահրատյանը և Նահապետ Ագուլեցին սարքավորել են սեփական տպարաններ, որոնցից առաջինում, 1686 թվականին՝ լույս է ընծայվել «Յիսուս որդի»-ն, երկրորդում, 1687 թվականին՝ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» երկը (աշխարհաբար 2-րդ գիրքը)։ Միքելանջելո Բորբոնին 1680-1690 թվականներին Վենետիկում հրատարակել է 12 անուն հայերեն գիրք, այդ թվում՝ Ավետարան և Տաղարան։ Մինչև Մխիթարյան տպարանի հիմնադրումը հայերեն գրքեր հիմնականում հրատարակվել են Անտոնիո Բորտոլիի տպարանում (շուրջ 100 տարի)։ Առաջին հայերեն գիրքն այստեղ լույս է տեսել 1695 թվականին («Թուղթ սիրոյ և միաբանութեան)։ Հայերեն գրքեր հրատարակվել են նաև Մտեֆանո Օրլանդոյի, Դեմետրիու Թեոդոսիուի, Բաշոյի, Բատիստա Ալբրիցի Ջերոլիմոյի, Պիետրո Վալվազիի, Զովանի Պիացցայի տպարաններում։ Մխիթար Սեբաստացին իր հրատարակչական գործունեությունն սկսել է Կոստանդնուպոլսում, 1700 թվականին, Թովմա Կեմպացու «Յաղագս համահետևմանն Քրիստոսի» երկի հրատարակությամբ։ Վենետիկի տպարաններում մինչև իր մահը նա լույս է ընծայել մոտ հինգ տասնյակ գիրք, այդ թվում իր մի քանի աշխատությունները՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց» 1727 թվականին, որ գրական արևմտահայերենի առաջին ձեռնարկն է, «Գիրք քրիստոնեական վարդապետութեան» աշխարհաբար, 1727 թվականին, «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան սեռի» 1730 թվականին, «Բառգիրք հայկազեան լեզուի» 1749-1769 թվականներին, որ գիտական նոր սկզբունքներով կազմված հայերեն առաջին բառարանն է։ 1757 թվականից Մխիթարյաններն սկսել են հրատարակել ամենամյա օրացույցներ, որոնց լույս ընծայումը շարունակվում է մինչև այժմ։ Վենետիկի տարբեր տպարաններում լույս են տեսել միաբանության անդամների մի շարք աշխատություններ․ Մ․ Չամչյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի»-ն 1779 թվականին և եռահատոր «Պատմութիւն Հայոց»-ը 1784-1786 թվականներին, Խ․ Սյուրմելյանի «Համառօտ թուաբանութիւն» աշխարհաբար դասագիրքը 1788 թվականին և այլն։ 1789 թվականին Սուրբ Ղազարում Մխիթարյանները հիմնել են տպարան։

Աբգար Թոխաթեցի
Մխիթար Սեբաստացի

Միջնադարյան հայ գրողների գործերը խմբագրել

Առաջին տպարանապետը եղել է Հովհաննես Զոհրապը, երկրորդը՝ Խ․ Սյուրմելյանը 1790-1814 թվականներին, հետագայում՝ Հովհաննես Մորղուճյանը, Անտոն Քաջունին։ Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը սերտորեն առնչվել է իրենց տպարանի աշխատանքին։ Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Գիրք աղօթից» («Մատեան ողբերգութեան») և «Մեկնութիւն Երգոց երգոյն Մողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները «Առակք և ոտանաւորք խրատականք», 1790 թվականին, Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը 1793 թվականին, Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը 1796 թվականին և այլն։ Մինչև դարավերջ տպագրվել են նաև միաբանության անդամների գործերից՝ Ղ․ Ինճիճյանի «Տեսութիւն համառօտ հին և նոր աշխարհագրութեան»-ը 1791 թվականին, Ս․ Պրոնյանի «Երկրաչափութիւն»ը և այլն։ 1800 թվականին այստեղ տպագրվել է Մխիթարյանների առաջին (հայոց երկրորդ) պարբերականը՝ «Տարեգրութիւն»։ Վենետիկի Մխիթարյանների հրատարակչական գործունեությունը գագաթնակետին է հասել 19-րդ դարի 2-րդ կեսին։ Դարի 1-ին կեսին արդեն Սուրբ Ղազարում տպագրվել էր 600 անուն հայերեն գիրք (ավելի շատ, քան որևէ այլ վայրում)։ Մինչև 1920 թվականը այս տպարանը լույս է ընծայել հայ հին ու միջնադարյան հեղինակների, այդ թվում Ագաթանգեղոսի, Կորյունի, Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Արիստակես Լաստիվերտցու, Գրիգոր Տղայի, Մխիթար Հերացու և այլոց երկերը՝ «Մատենագիրք նախնեաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկականք» մատենաշարերով։ «Մատենադարան մանկանց» մատենաշարով լույս են տեսել մանկական գրքեր։ Տպագրվել են շատ դասագրքեր՝ Մխիթարյան դպրոցների համար։

Մխիթարյան հրատարակչական-տպագրական գործունեության զարգացումն ու անկումը խմբագրել

Մխիթարյանների հրատարակչական-տպագրական գործունեությունը նկատելիորեն պայմանավորվել է միաբանության ղեկավարների (աբբահայրերի) նախասիրություններով։ Մ․ Ագոնցի օրոք 1799-1824 թվականներին նկատելի տեղ է հատկացվել աստվածաբանական գրքերի հրատարակությանը։ Կարևորներից է Աստվածաշնչի հրատարակությունը՝ Հովհաննես Զոհրապի աշխատասիրությամբ։ Ս․ Մոմալյանի օրոք 1824-1846 թվականներին ուշադրության կենտրոնում են եղել միջնադարյան հայ հեղինակները և բանասիրությունը։ Այդ ժամանակ լույս են տեսել Գ․ Ավետիքյանի, Խ․ Սյուրմելյանի, Մ․ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը 1836-1837 թվականներին, որ դարձավ հետագա հայ բառարանագրության հիմքը, Մ․ Զախջախյանի Հայ-իտալական բառարանը 1837 թվականին, որ նպաստեց հայերեն նոր բառեր ու գիտական եզրեր ստեղծելուն։ Գ․ Հյուրմյուզյանի աբբահայր լինելու տարիներին 1846-1876 թվականներին ավելի մեծ տեղ է տրվել գեղարվեստական գրականությանը։ Հրատարակվել են Հոմերոսի, Միլտոնի, Ռասինի, Կոռնելի և եվրոպական ուրիշ հեղինակների երկերի մի շարք թարգմանություններ (գրաբար), Ա․ Բագրատունու «Հայկ դիւցազն»-ը 1858 թվականին և այլն։ 1850-ական թվականներին սկսած հրատարակվել են Ղ․ Ալիշանի գործերը, այդ թվում՝ «Նուագք» բանաստեղծությունների ժողովածուները, «Շիրակ», «Սիսուան», «Սիսական», «Այրարատ», «Հայապատում», մեծածավալ հայագիտական հիմնակազմ աշխատությունները։ 1860-1880-ական թվականներին հրատարակվել են Գ․ Զարբհանալյանի ուղենշող աշխատությունները գրականության պատմության վերաբերյալ, 1891-1893 թվականներին՝ Ա․ Քաջունու «Բառգիրք արուեստից, գիտությանց, և գեղեցիկ դպրությանց»-ը, 1902-1907 թվականներին՝ Մ․ էփրիկյանի «Բնաշխարհիկ բառարան», 1909-1912 թվականներին՝ Ա․ Ղազիկյանի «Հայկական նոր մատենագիտություն»-֊ը, որոնք հանրագիտական բնույթի գործեր են։ Լույս են տեսել միաբանության մյուս անդամների արժեքավոր գիտական, գեղարվեստական ու թարգմանական շատ գործեր։ Հրատարակվել են Մխիթարյանների մեկ տասնյակից ավելի պարբերականներ, որոնցից են՝ «Եղանակ բյուզանդյան» 1803-1820 թվականներին, «Հիշատակարան» 1807-1808 թվականներին, «Դիտակ բյուզանդյան» 1812-1816 թվականներին, 1843 թվականից՝ «Բազմավեպ»-ը։ 1914-1920 թվականներին Մխիթարյան տպարանի աշխատանքի թափը նվազեց, ապա կրկին աշխուժացավ, բայց այլևս չհասավ նախկին մակարդակին։ Հիմնադրման օրից տպարանը անընդհատ կատարելագործվել է, նրա հրատարակությունները մեծ մասամբ առաջնակարգ են՝ տպագրական արվեստով և օրինակելի՝ սրբագրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 372