Վարդակակաչ խճճված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շուշանազգիներ
Տեսակ Վարդակակաչ խճճված
Լատիներեն անվանում
Tulipa confusa


Վարդակակաչ խճճված (լատին․՝ Tulipa confusa), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-30 սմ բարձրությամբ, լայն ձվաձև մինչև 30 մմ լայնությամբ սոխուկով և կաշենման մազոտ թեփուկներով գեղազարդային ծաղկաբույս է։ 5-7 սմ տրամագծով գավթանման ծաղիկը լինում է ֆուքսինի վարդագույն, լիմոնի դեղին կամ հազվադեպ` կարմիր։ Պտուղը ունի 4-6 սմ երկարություն և 2 սմ լայնություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան լեռնագագաթ Խուստուփ, «Շիկահող» պետական արգելոց, Ծավ, Ներքին Հանդ) և Մեղրու (Գյումարանց Մեղրու լեռնաշղթայի կատարի երկարությամբ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է Հարավային Անդրկովկասում և Ղարաբաղում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1800-2700 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, բացատներում, ժայռոտ տեղերում, կաղնու-բոխու անտառում և ենթալպյան մարգագետիններում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում` մայիս-հուլիս ամիսներին։ Բնության մեջ հանդիպում են երեք ձևեր. լիմոնի դեղին ծաղիկներով, ֆուքսինի վարդագույն` նուրբ լիմոնի բուրմունքով և կարմիր` առանց հոտի[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.