Վարաժնունի (հայտնի է նաև որպես Վարազնունի)՝ նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։

Վարաժնունիներ
Վարաժնունի-Այրարատի
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներՎարաժնունիք գավառ
Տիտղոսներարքունի որսապետ
ՀիմնադիրՎարաժ կամ Վարազ
Մեծագույն ներկայացուցիչՓիլարտոս Վարաժնունի
Հիմնումմ.թ.ա. 2-րդ դար
Ավարտ12-րդ դար
Ազգային
պատկանելիություն
հայ

Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդախառն տեղեկության, տոհմի անվանադիրն եղել է Գեղամ նահապետի շառավիղ, Դատ իշխանի որդի Վարաժը (մ.թ.ա. II դար), որը վարել է արքունի որսապետության գործակալությունը։ Վարաժնունիների ժառանգական տիրույթն եղել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառը։ Վարաժնունիների տոհմական տոտեմն էր վարազը։

Զորանամակի համաձայն՝ Վարաժնունիները հայկական բանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։ IX դ Վարաժնունիները հիշատակվում են նաև Վասպուրականում։ Ըստ Թովմա Արծրունու, Վարաժնունիներից Մլեահ, Ռստոմ և Վարազշապուհ իշխանները մասնակցել են արաբական պատժիչ զորքերի դեմ մարտերին։ Նրանցից Ռստոմը հետագայում արժանացել է Վասպուրականի տանիտերության պատվին։ 890-ական թթ. Վարաժնունիներից հիշվում է Արշակ իշխանը, որին Ավշին ոստիկանի սրից փրկել են Վասպուրականի իշխանուհիները։ Տոհմի խոշորագույն ներկայացուցիչն է համարվում Փիլարտոս Վարաժնունին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։