Վատիկանի գաղտնի արխիվներ

Վատիկանի գաղտնի արխիվ (լատին․՝ Archivum Secretum Apostolicum Vaticanum), գտնվում է Վատիկանում, Սուրբ Աթոռի կենտրոնական պահոցը, որտեղ գտնվում են Հռոմի Պապի կողմից հրապարակված ակտերը։ Պապը տիրում է արխիվներին մինչև իր հաջորդը։ Արխիվները նաև պարունակում են պետական փաստաթղթեր, նամակագրություն, պապական[1] և այլ փաստաթղթեր, որոնք դարերի ընթացքում հավաքվել են եկեղեցու կողմից։ Կոնսուլտացիայի համար հասանելի են միայն 1939 թ․ փետրվարից առաջ եղած փաստաթղթերը, ընդ որում միայն ուսումնասիրության որոշակի թեմայով հետազոտողների համար գրավոր դիմումի և հետազոտության ինստիտուտի հաստատման հիման վրա[2]։ 17–րդ դարում, Պողոս V պապի հրամանով Գաղտնի արխիվներն անջատվեցին Վատիկանի գրադարանից, որտեղ գիտնականների մուտքը շատ սահմանափակ էր և մինչև 1881 թ․ բոլորովին փակ էր կողմնակի անձանց համար, մինչև որ Լևոն XIII պապը բաց արեց այն հետազոտողների առջև։ Ներկայումս ավելի, քան հազար գիտնական տարեկան ուսումնասիրում են այդ փաստաթղթերը[3][4]։

Վատիկանի գաղտնի արխիվի կնիքը

«Գաղտնի» բառը չունի գաղտնիության առօրյա իմաստը, secretum բառն ըստ էության ծագում է միջին լատիներենից և նշանակում է մասնավոր, անձնական՝ ցույց տալով, որ արիվները պապի անձնական սեփականությունն են, չեն պատկանում Հռոմենական կուրիայի որևէ բաժնին կամ Սուրբ Աթոռին։ Մինչև Իտալիայի միավորումը նույն անվանումով էին նշվում մարզերի դիվանների արխիվները։

Արխիվում պահպանվում է 12 դարերի (XIII-XX) փաստաթղթային ժառանգություն։ Այն բաղկացած է 600 արխիվային ֆոնդերից, որոնք պահպանվում են ուղիղ գծով 85 կմ երկարություն ունեցող պահարաններում[5]։

Հայկական փաստաթղթերը խմբագրել

XX դարի առաջին քառորդին վերջին, երբ կարդինալ Ե. Տիսսերանի կողմից կազմակերպվեց Վատիկանյան ձեռագրացուցակների կազմումը և հրատարակումը, Կոնիբերի աշխատակցությամբ նկարագրվեց և առանձին հատորով լույս տեսավ Վատիկանի գրադարանի հայկական ձեռագրերի ցուցակը։ Սակայն մինչ այժմ չուսումնասիրված է մնում Վատիկանի արխիվներում գտնվող հայկական հսկայական վավերագրական նյութը։ Հայոց միջնադարյան և նոր շրջանի պատմության վերաբերյալ ամենատարբեր նյութերն ու փաստաթղթերը պահող ֆոնդերի ցուցակը 1997 թ․ ուսումնասիրել և հրապարակել են Մ․ Կարապետյանը և Է․ Թաջիրյանը «Պատմաբանասիրական հանդես»-ում «Հայագիտական նյութերը Վատիկանի արխիվներում» հոդվածում[6]։ Հայերի վերաբերյալ արխիվում պահվող ամենահին փաստաթղթերը վերաբերում են Կիլիկիան ժամանակաշրջանին։ Եզակի փաստաթղթեր են Կիլիկիայի Լևոն I թագավորի ոսկյա կնիքով նամակը, գրված 1216 թ․ և ուղղված Ինոկենտիոս III պապին, Կոստանդին Բարձրաբերդցի կաթողիկոսի մագաղաթե մեծադիր 1225 թ․ զարդանախշ նամակը Հռոմի պապին՝ ուղարկված պապական Դիմանչ լեգատի ձեռքով։

Վատիկան արխիվներում ուշադրության են արժանի հատկապես հայկական կնքների մեծ մասը, որոնք մինչև այժմ մնում են չուսումնասիրված։

Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը խմբագրել

Հատկապես ուշագրավ են Բենեդիկտոս XV պապի (1914—1922 թթ․) կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պոլսի՝Անջելո Մարիա Դոլչի, և Բեյրութի՝ Ֆրեդիանո Ջիանինի, առաքելական պատվիրակությունների (իտալ.՝ Delegazione Apostollche) ֆոնդերը։ Պոլսում 1914—1923 թթ. պապական առաքելական պատվիրակ, հետագայում կարդինալ, գերապայծառ Անջելո Մարիա Դոլչիի (1867 —1939 թթ․) բազմահատորանոց գործը կարևոր աղբյուր է հատկապես հայոց ցեղասպանության, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության ուսումնասիրման համար։ Կաթոլիկ եկեղեցու զանազան թևերին պատկանող կրոնավորների, միսիոներների, ինչպես նաև հայ կաթոլիկ հոգևորականների ականատեսական վկայություններր նոր լույս են սփռում Հայոց Մեծ Եղեռնի ուսումնասիրման գործում և օգնում են լուսաբանելու բազում մութ մնացած հարցեր։ Կարևոր արժեք է ներկայացնում Հայոց պատմության նորագույն շրջանի ուսումնասիրման աղբյուրների շարքում մինչ այժմ չընդգրկված այդ տարիներին Պոլսում հրատարակվող „Bulletin du Vlcariat apostolique de Constantinople" ամսագիրը։ Դոլչիի զեկույցների հիման վրա են գրվել հայկակական ջարդերը կասեցնելու վերաբերյալ սուլթանին ուղղված պապի երեք ինքնագիր բողոքները։ Դոլչին եղավ առաջիններից մեկը այն օտարերկրյա դիվանագետներից, որ հրապարակավ բողոքի ձայն բարձրացրեց օսմանյան կառավարիչների առջև արևմտահայերի համընդհանուր ջարդերի դեմ։ Դոլչիի ֆոնդում է պահվում նաև Պոլսում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Թահթաջյանի և Գերմանիայում Հայաստանի լիազոր-ներկայացուցիչ Գրինֆելդի մինչ օրս անհայտ մնացած գրագրությունը, որը հանձնվել էր Դոլչիին։ Կ. Պոլսում Հայաստանի Հանրապետության լիազոր-ներկայացուցչի գրագրությունների մեջ հատկապես տպավորիչ են Հայաստանի Հանրապետության երիտասարդ բանակին օգնելու համար հայ գաղթօջախներում ծավալված շարժման մասին փաստաթղթերր։ 1919-1923 թթ. ընդգրկող այս փաստաթղթերը վկայում են այն կազմակերպված աշխատանքի մասին, որ կատարվեց հայ գաղթօջախներում Հայոց բանակին օգնելու համար։ Դոլչիի ֆոնդում են պահվում նաև Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի, Սիմոն Վրացյանի, Ավետիս Նազարբեկյանի մի շարք գրություններ՝ Հայկական բանակը սփյուռքի հայ երիտասարդներով համալրելու մասին առաջարկով (1920 թ. սեպտեմբերի 30, բնագիր), Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի իրադարձությունների մասին (նամակներ և հեռագրեր 1921 մայիսի 14, հունիսի 23, հուլիսի 13 և այլն)։

«Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսը խմբագրել

 
«Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսի ժողովածուի շապիկը

1999 թ. մարտի 24–ին Վատիկանի Առաքելական գրադարանի Սիքստինյան դահլիճում բացվեց «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն և Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ Պապը։ Ցուցահանդեսին ներկայացված էին նմուշներ աշխարհի 5 տասնյակից ավել թանգարաններից ու ձեռագրատներից։ Շատ արժեքավոր փաստաթղթեր բերվել էին իտալական դիվաններից և թանգարաններից։ Վատիկանի գաղտնի արխիվը տրամադրել էր Լևոն I թագավորի չորս ոսկեկնիք նամակները Ինոկենտիոս III պապին[7]։ Ցուցահանդեսի նյութերի լուսանկարները և հայ-հռոմեական մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունների մասին հոդվածները հրապարակվել են «Հռոմ-Հայաստան» հսկայածավալ ժողովածուի մեջ, որը լույս է տեսել ֆրանսերենով և իտալերենով։ Ժողովածուն ստեղծվել է Վաչե և Թամար Մանուկյան հիմնադրամի և Գալուստ Գյուլբենկյան հաստատության հայկական բաժանմունքի հովանավորությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը, ինչպես նաև ժողովածուի հրատարակությունը իրականացրել է Կլոդ Մութաֆյանը։

2012 թ․ ցուցահանդեսը և Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը խմբագրել

2012 թ․ Հռոմի Կապիտոլինի թանգարաններում տեղի ունեցավ ցուցահանդես՝ Վատիկանի արխիվների 400–րդ տարեդարձին նվիրված։ Փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսներին ցուցադրվում էին XIII-XX դդ․ թվագրվող 100 օրիգինալ փաստաթղթեր[8][9]։ "Lux in Arcana" ցուցահանդեսի կապակցությամբ Մոնսենյոր Սերջիո Պագանին նշել է, որ հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր՝ Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին։ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»,– ասել է նա[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. See Pastor, History of the Popes, vol. III, 31.
  2. Accesso e consultazione(չաշխատող հղում), Sito dell'Archivio segreto vaticano
  3. «Table of Admittances to the Vatican Secret Archives in the Last Years». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  4. «Fonds of Vatican». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  5. «Official site of Secret Archives of Vatican». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  6. ՊԲՀ, 1997 թ․, հ․ 1։(չաշխատող հղում)
  7. «ՊԲՀ, 2000 թ․, հ․ 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  8. Lux in arcana exhibition website
  9. Nothing mysterious about Vatican archives, official says
  10. [1]

Արտաքին Հղումներ խմբագրել