Վաչիկ Դարբինյան

հայ մանկավարժ

Վաչիկ Միքայելի Դարբինյան (Դարենց 1915, Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963): «Ժողովրդական կրթության գերազանցիկ (1968): ԽՄԿԿ անդամ (1940): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Վաչիկ Դարբինյան
Ծնվել է1915
ԾննդավայրՀոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաչիկ Դարբինյանը ծնվել է 1915 թվականին Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում։ Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումում ուսանելու տարիներին Դարբինյանը սովորել և ավարտել է նաև քաղաքի պետական թատրոնի ստուդիան։ 1934 թվականին Հոռոմի միջնակարգ դպրոցում նշանակվել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1936 թվականին եղել է այդ դպրոցի ուսմասվարը։ Միաժամանակ ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը[1]։

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը։ 1940 թվականի աշնանը հրաձգային գումարտակի ԼԿԵՄ բյուրոյի քարտուղար Դարբինյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Բանակից մեկնել է սովորելու, զորամաս է վերադարձել կրտսեր լեյտենանտի կոչումով։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանության ահեղ մարտերին, մարտնչել է Սևաստոպոլի հերոսական պաշտպանների շարքերում։ Պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով և մարտական մեդալներով[1]։

Դարբինյանը բանակից զորացրվել է 1946 թվականին և նշանակվել հայրենի գյուղի դպրոցի տնօրեն։ 1963 թվականին Դարբինյանն արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման, 1968 թվականին՝ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի, իսկ 1980 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալի։ Դարբինյանը եղել է Հոռոմի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, այդ առարկայի մեթոդմիավորման նախագահը[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963)
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ կրծքանշան (1968)
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել