Բացել գլխավոր ցանկը

Վաշինգտոնի կոնֆերանս 1921–1922, ԱՄՆ-ի, Բրիտանական կայսրության (Մեծ Բրիտանիա, Դոմինիոններ, Հնդկաստան), Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ճապոնիայի, Չինաստանի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների կոնֆերանս, որը փաստագրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո իմպերական տերությունների միջև ստեղծված ուժերի հարաբերակցությունը հեռավոր Արևելքում։ Գումարվել է ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել Վաշինգտոնում, 1921 թվականի նոյեմբերի 12-ից 1922 թվականի փետրվարի 6-ը։ Վաշինգտոնի կոնֆերանսի որոշումները ուղղված էին գաղութային ու կախյալ երկրների ազգային-ազատագրական շարժման և ղորհրդային Ռուսաստանի դեմ (Հեռավորարևելյան հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել կոնֆերանսին)։ Վաշինգտոնի կոնֆերանսը Փարիզի հաշտության կոնֆերանս 1919–1920 թվականի հետ ավարտեց այսպես կոչված Վերսաչ-վաշինգտոնյան սիստեմի ստեղծումը։ Կոնֆերանսի կարևոր փաստաթղթերն էին․ 1․ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա) պայմանագիրը (ստորագրվեց 1921 թվականի դեկտեմբերի 13-ին) Խաղաղ օվկիանոսի շրջանում իրենց տերիտորիալ «իրավունքների» համատեղ պաշտպանության մասին։ 2․ Հինգ տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա և Իտալիա) պայմանագիրը (ստորագրվեց 1922 թվականի փետրվարի 6-ին)՝ ծովային սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ, որը փոխելու էր սպառազինությունների հարաբերակցությունը հօգուտ ԱՄՆ-ի (գործնական հետևանք չունեցավ)։ 3․ Ինը տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա և Չինաստան) պայմանագիրը համապատասխանում էր ԱՄՆ-ի «բաց դոների» քաղաքականությանը, որով նա ձգտում էր սահմանափակել ճապոնիայի ազդեցությունը Չինաստանում և տիրապետող դիրք գրավել այնտեղ։ Վաշինգտոնի կոնֆերանս չկարողացավ հարթել հեռավոր Արևելքում իմպերական երկրների հակասությունները և խանգարել ազգային-ազատագրական շարժման ծավալմանը Խաղաղ օվկիանոսի շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 282 CC-BY-SA-icon-80x15.png