Վայոց ձորի միջբարբառ («հին» հայերեն), հայ բարբառների արևելյան խմբակցության «ում» ճյուղին պատկանող բարբառ, որով խոսում են Հայաստանի Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Արենի, Արփի (բնակչությունը 1963 թվականին տեղափոխվել է Գնիշիկից), Գնիշիկ, Գնդեվազ, Խաչիկ, Կեչուտ, Ռինդ, Չիվա (բնակչության գերակշռող մասը տեղափոխվել է Խաչիկ, Աղավնաձոր և Գնիշիկ գյուղերից), Հորս (բնակչությունը 1918-20 թվականներին տեղափոխվել է Նախիջևանի Օծոփ (Բադամլու) գյուղից), Նոր Ազնաբերդ (բնակչությունը 1988 թ. տեղափոխվել է Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղից), մասամբ՝ Հերհեր (բնակչության զգալի մասը տեղափոխվել է Նախիջևանի Ճահուկ (Ջահրի) գյուղից), Զեդեա, Եղեգիս, Արարատի մարզի Եղեգնավան (Շիդլու) գյուղերի և Ջերմուկ քաղաքի բնակիչները։ Լեզվական առավել սերտ առնչություն ներկայացնող ընդհանուր խոսվածքից որոշ չափով առանձնանում է Օծոփ-Հորսի խոսվածքը։

Լեզվաբան Արարատ Ղարիբյանը Վայոց ձորի խոսվածքը համարել է Արարատյան բարբառի խոսվածք[1], մինչդեռ Հրաչյա Աճառյանն[2] այն չի ընդգրկել ո՛չ Արարատյան, ո՛չ էլ Արցախի բարբառների տարածման սահմաններում։ Վայոց ձորի միջբարբառի հնչյունաբանության, ձևաբանության, բառագիտության, ներխոսվածքային տարբերությունների և մերձակա բարբառների նկատմամբ արտաքին առնչությունների վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել բարբառագետ, արձակագիր Արտակ Վարդանյանն իր «Վայոց ձորի միջբարբառը» գրքում։ Բարբառը անվանվում է նաև Ճահուկ-Վայքի միջբարբառ, քանի որ անցյալում տարածված է եղել նաև Նախիջևանի Ճահուկ գավառի և հարակից գյուղերում (Նորս, Ճահուկ, Ղարաղուշ և այլն)։

Պատմական ակնարկ խմբագրել

Վայոց ձորը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանում գավառը գտնվել է Արարատյան թագավորության (Ուրարտու), ապա՝ Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների թագավորությունների կազմում։ Մեծ Հայքի անկումից հետո Սյունիքի հետ միացվել է Փայտակարան աշխարհին։ Արաբական տիրապետության ժամանակ գտնվել է խալիֆայության Արմինիա նահանգի կազմում։ 9-րդ դարում դարձել է Սյունիքի իշխանական տիրույթը, իսկ գավառի Եղեգիս գյուղաքաղաքը 9-10-րդ դարերում եղել է Սյունյաց գահերեց իշխանների մայրաքաղաք։ 10-12-րդ դարերում մտել է Անիի Բագրատունյաց թագավորության, իսկ 13-15-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանապետության մեջ՝ որպես Խաղբակյանների և Օրբելյանների տիրույթ։ 1603 թվականին Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով Վայոց ձորը գրեթե ամայացել և հայաթափվել է։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով մարզն անցնում է Ռուսաստանին։ Պայմանագրին հաջորդող ժամանակահատվածում էլ ձևավորվում է մարզի բնակչության գերակշիռ մասը՝ որոնք տեղափոխվում են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Սակայն բնակչության այս հատվածը օգտագործում է Խոյի բարբառ, որը միանգամայն տարբերվում է մարզի բնակչության մյուս՝ ավելի փոքր հատվածի խոսվածքից՝ հին հայերենից։ Այս խոսվածքը կրողները ասպատակումներից և մասնավորապես շահաբասյան բռնագաղթից մասամբ պաշտպանված, կամ հետագայում իրենց հայրենի բնաշխարհը վերադարձած վայոցձորցիների շառավիղներն են՝ «հին հայերը»։ Վայոց ձորում գործել են կրթական շատ կենտրոններ՝ Գլաձորի հայտնի համալսարանը, Հերմոնի վանքի դպրոցը, Ցախաց քար, Քարկոփի կամ Խոտակերաց, Գնդեվանք, Վերին Նորավանք, Արատեսի, Թանահատի և այլ վանական հաստատություններ, որոնք եղել են նաև դպրության և գրչության կենտրոններ։ Այդ գրչության կենտրոններում գրված ձեռագրերի հիշատակարաններում[3] և վիմագիր արձանագրություններում[4] արտացոլվում են ներկայիս խոսվածքի որոշ հատկանիշներ։

Հիշատակություն Խոսվածք
Ձեռս թիլացաւ Ծեռըս թիլացավ
Շնհաւոր Շընհավօր
Իմ քիրն մեռաւ Իմ քյիրըս մեռավ
Մին կով տուի Մին կօվ տըվիմ
Թե չէ՝ նա վայ տուր Թե չէ՝ նա վայ տուր

Այս և մյուս բազմաթիվ համեմատություններից պարզ է դառնում, որ Վայոց ձորի միջբարբառը տեղաբնիկ է և սերտ առնչություն ունի միջին հայերենի հետ։ Խոսվածքը կրողներն իրենց անվանում են «հին հայեր», իսկ բարբառը՝ «հին հայերեն»[5]։

Հնչյունաբանություն խմբագրել

Բարբառը ժամանակակից գրական հայերենից տարբերվում է ըա, օա և յու քմային ձայնավորներով, գյ, կյ և քյ քմային բաղաձայններով և ռհ շնչեղ ձայնորդով։

Նմուշներ խմբագրել

Հնչյուն Բառը բարբառում Գրական համարժեքը
ըա շլըագ շալակ
օա քյօաքանալ գիրանալ
յու թյուգյյունք թիկունք
գյ գյրըագյի կիրակի
կյ կյինի գինի
քյ քյիր քույր
ռհ պառհց բարձ

Շեշտ խմբագրել

Բարբառում շեշտը վերջընթեր է՝ պա՛զուգ (բազուկ), տա՛խծը (դաղձ), կա՛րունք (գարուն)։ Շեշտը ընկնում է վերջնավանկի վրա հետևյալ դեպքերում։

  • նախավերջին վանկում գաղտնավանկ ունեցող բառերում — կըձի՛գ (կծիկ)
  • պատճառական բայերում — պընց(ր)ացնիլ (բարձրացնել)
  • նի վերջավորությամբ հոգնակի ձևերում — կա՛դու - կադվընի՛ (կատու-կատուներ)

Հնչյունափոխություն խմբագրել

Ձայնավորների հնչյունափոխություն խմբագրել

  • Հին հայերենի ձայնավորների մեծ մասը հիմնականում մնում է անփոփոխ՝ պագաս (պակաս), հուրաք (ուրագ), անգաջ (ականջ)։
  • Նախաշեշտ վանկերում ձայնավորները (հատկապես ա-ն) վերածվում են ը-ի՝ պըժանիլ (բաժանել), ըրեխա (երեխա), Ըղնածոր (Աղավնաձոր), քըշեր (գիշեր), ըրօրիլ (օրորել)։
  • Նախաշեշտ վանկերում ձայնավորները երբեմն ընկնում են՝ պըսպարիլ (ապսպրել), ղարգյիլ (ուղարկել)։
  • Բոլոր դիրքերում հանդիպում են ա ձայնավորի քմայնության (ըա) դեպքեր՝ շըաբիք (շապիկ), սիպտըագ (սպիտակ), ճըանջ (ճանճ)։

Բաղաձայնների հնչյունափոխություն խմբագրել

Ձայնեղ պայթական և կիսաշփական բաղաձայնները ենթարկվել են հետևյալ հնչյունափոխական օրինաչափություններին՝

  • Բառասկզբում դարձել են խուլեր

բ, գ, դ, ձ, ջպ, կ, տ, ծ, ճ՝ բովել → պօվիլ, գետ → կյեդ, դեղին → տէղին, ձոր → ծօր, ջարդել → ճառհթիլ։

  • Մի շարք բառերում վերածվել են շնչեղ խուլերի՝ բռնել → փըռնիլ, գնալ → քընալ, դառնալ → թառնալ։
  • Բառամիջում և բառավերջում խուլ պայթականները և կիսաշփականները ձայնեղացել են՝

սունկն → սունգը, պատ → պադ, ապրել → աբրիլ, ճակատ → ճագադ, մտածել → մըդաձիլ, կարկուտ → կարգուդ։

Հավելում խմբագրել

Բարբառում կան հնչյունի հավելման մի շարք օրինաչափ դեպքեր

Հավելում Բառը բարբառում Գրական համարժեքը
բ-ի հավելում բառամիջում ճըմբըռիլ ճմռել
դ-ի հավելում բառամիջում ծանդըր ծանր
հ-ի հավելում բառասկզբում հըլօրիլ ոլորել
ն-ի հավելում բառամիջում տընդըմ դդում
ռ-ի հավելում բառամիջում մըռզիլ մզել
ք-ի հավելում բառավերջում կարունք գարուն
ը-ի հավելում բառասկզբում ըռեհան ռեհան
մ-ի հավելում բառամիջում կօմբալ կոպալ

Անկում խմբագրել

Հնչյունի անկման հետևյալ դեպքերը բարբառում օրինաչափ են

Անկում Բառը բարբառում Գրական համարժեքը
ն-ի անկում բառավերջում ծուգը ձուկն
հ-ի անկում բառամիջում ախշարք աշխարհ(ք)
ր-ի անկում բառամիջում ճաղաց ջրաղաց
ն-ի անկում բառամիջում ըլիլ լինել

Դրափոխություն խմբագրել

Բարբառում կան հնչյունների դրափոխության զգալի թվով օրինակներ՝ ականջ→անգաջ, թոնիր→թօրեն, թթխմոր→տըխտըմոր, բանալի→պըլանիք, զոքանչ→զանքաչ, արեգակն→ըրեքնագ և այլն։

Բաղաձայնների առնմանություն խմբագրել

Բարբառում կան բաղաձայնների առնմանության որոշ օրինակներ՝ մատնոց→մաննօց, մտնել→մըննիլ, ոտնաման→վօննաման, կլորիկ→պըլօլիգ, ուռչել→ուռռիլ և այլն։

Բաղաձայնների տարնմանություն խմբագրել

Մի շարք բառերում խղ-ից տարնմանվելով դարձել է հ՝ խաղող→հաղող, կամ հավող, խեղճ→հէղջ, խեղճացնել→հէղջացնիլ, խաղ→հաղ և այլն։ Կան նաև բաղաձայնների տարնմանության այլ օրինակներ՝ բարձր→պանցըր, շրեշ→սըրեժ, բոկիկ→պօբիգ և այլն։ Արենի, Ռինդ, Ազնաբերդ և Աղավնաձոր գյուղերի խոսվածքներում առկա է հ→ֆ հնչյունափոխությունը՝ հող→ֆօղ, հորթ→ֆօռթ, հորել→ֆօրիլ և այլն[6]։

Ձևաբանություն խմբագրել

Գոյական անուն խմբագրել

Բարբառում գոյականի հոգնակի թիվը կազմվում է հետևյալ վերջավորություններով՝

  • միավանկ բառերի հոգնակին կազմվում է էր վերջավորությամբ՝ էձ—էձէր, ծու—ծվեր։
  • բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է նի վերջավորությամբ, իսկ թեք ձևերում՝ ներ՝ աղվէս—աղվէսնի—աղվէսների, ախպուր—ախպըրնի—ախպըրների։
  • ձայնավորով վերջացող բառերի հոգնակին կազմվում է ք վերջավորությամբ՝ սըդանա—սըդանեք, մըդանի—մըդանեք, ըրեխա—ըրեխեք, նաև՝ քյիր—քըվէրք։
  • Աղավնաձորի, Ռինդի և Հորսի խոսվածքներում ձայնավորահանգ բառերն ստանում են գրաբարի ք հոգնակերտը՝ կյինի—կյինիք, մեղու—մեղուք, դասատու—դասատուք։ Այս երևույթը ներառում է նաև նորաբանությունները՝ կյինո—կյինոք, վէդրո—վէդրոք, ավտո—ավտոք[7]։ Ուշագրավ է նաև դասատու բառի հոգնակին (որոշյալ հոդով) Չիվայի խոսվածքում՝ դասատվէքը։
  • արենք, անք, նէրք, դանք բաղադրյալ վերջավորություններով կազմված հոգնակի ձևերն ունեն հավաքական իմաստ՝ սէրմը—սէրմարենք, ծի—ծիյանք, ափ—ափնէրք, կըդօր—կըդօրդանք։

Բարբառի հոլովման համակարգը արդի հայերենի նման ունի հինգ հոլով՝ ուղղական (ուղղական-հայցական), տրական (սեռական-տրական), բացառական, գործիական, ներգոյական։

Նմուշներ խմբագրել

ի հոլովում

Հոլով Բառը եզակի թվով Բառը հոգնակի թվով
Ուղղական կարմունջ կարմընջնի
Տրական կարմընջի(ն) կարմընջների(ն)
Բացառական կարմընջից(ը) կարմընջներից(ը)
Գործիական կարմընջով(ը) կարմընջներով(ը)
Ներգոյական կարմընջըմ(ը) կարմընջներըմ(ը)

ան հոլովում

Հոլով Բառը եզակի թվով Բառը հոգնակի թվով
Ուղղական ծառ(ը) ծառներ(ը)
Տրական ծառան(ը) ծառների(ն)
Բացառական ծառանից(ը) ծառներից(ը)
Գործիական ծառանօվ(ը) ծառներօվ(ը)
Ներգոյական ծառանըմ(ը) ծառներըմ(ը)

օ հոլովում

Հոլով Բառը եզակի թվով Բառը հոգնակի թվով
Ուղղական սինի(ն) սինէք(ը)
Տրական սինօ(ն) սինէքօնց(ը)
Բացառական սինօց(ը) սինէքօնցեն
Գործիական սինօվ(ը) սինէքօնցօվ(ը)
Ներգոյական սինըմ(ը) սինէքօնցըմ(ը)

Աղավնաձորի և Կեչուտի խոսվածքներում օ հոլովմանը փոխարինում է ու հոլովումը՝ մըդանի—մըդանու, որը գրական հայերենի ազդեցությունն է[8]։ վա(ն) հոլովմանը ենթարկվում են ժամանակ ցույց տվող մի շարք բառեր՝ ծըմէռծըմէռվա(ն), քըշէրքըշէրվա(ն), առաչառաչվա(ն) և այլն։

Ածական անուն խմբագրել

Գրական հայերենի նման բարբառը ևս ունի որակական և հարաբերական ածականներ, իսկ որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական։ Գերադրական աստիճանը կազմվում է ամմէնա նախածանցով՝ Աննէն Սումբաթի ախճըգյէրքօնցէն ամմէնապըջիրն էր (Աննան Սմբատի աղջիկներից ամենափոքրն էր), ինչպես նաև շադ, լափ բառերով՝ շադ ծանդըր, լափ մենձ։

Թվական անուն խմբագրել

  • Քանակական թվականներմին, էրգու, իրէք, չօռհս(ը), հինգ(ը), վէցց(ը), օխտը, ութթ(ը), ինն(ը), տասս(ը), հիծծուն, վածծուն, օխտանասուն և այլն։
  • Բաշխական թվականներ— մին-մին, էրգու-էրգու և այլն։
  • Կոտորակային թվականներն արտահայտվում են նկարագրական եղանակով՝ ութթիցը մինը (1/8), հիծծունիցը իրէքը (3/50) և այլն։
  • Դասական թվականները կազմվում են ըմ (ում) ածանցով՝Հինգ հէդ շըբըռդիմ, ընգավ վօչ, վէցցըմը ընգավ (Հինգ անգամ նետեցի, չընկավ, վեցերորդը ընկավ)։ Դասական են նաև ըառհչի (առաջին) և վէռհչի (վերջին) թվականները։

Դերանուն խմբագրել

  • Անձնական դերանուններն են՝ յէս, տու, ինքը, մէնք, տուք, իրանք։ Անձնական նրանք դերանվանը փոխարինում է ընդանք կամ ընդօնք ցուցական դերանունը։
  • Ցուցական դերանուններն են՝էս, էդ, էն, ըստանք, ըստօնք, ըդանք, ըդօնք, ընդանք, ընդօնք, ըստէղ, ըդէղ, ընդէղ, ըստըամ, ըդըամ, ըդըար, ընդըամ, ընդըար, ըստէնց, ըդէնց, ընէնց։
  • Փոխադարձ դերանուններն են՝ իրըար(ի), մինմինի, մինը մինին։
  • Հարցական-հարաբերական դերանուններն են՝ օվ, ինչ, վօր, օվօր(ի), ինչվօր(ի), վօր մին, յէփ, ուր, քանի, խի, էր, ըշտըամ, ըշտըար, վօնց, ըշտէղ, վօրդէ(ղ), տըվօրը և այլն։
  • Ժխտական դերանուններն են վօչ մին, օչօվ, վօչ մին պան։
  • Որոշյալ դերանուններն են ամմէն, ամմէն մին, ամմէն պան։
  • Անորոշ դերանուններն են էսինչ, էդինչ, էնինչ, մին, մին քանի, մին-էրգու, մին վախտ, վախտին ինչպես նաև փոխառյալ ֆըլան («այսինչ»), բէհման («այնինչ»), ֆըլանքյըաս («այսինչ մարդը»), բէհմանքյըաս («այնինչ մարդը»), բըազի («որոշ»)։

Բայ խմբագրել

Բարբառում բայն ունի երկու լծորդություն՝ է և ա, թեև է լծորդության բայերն անորոշում ունեն իլ վերջավորություն՝ հաքնիլ-հաքնէմ, պամբասիլ-պամբասէմ։ Բայածանցներն են՝

  • վ՝ կրավորական սեռի և կրավորակերպ չեզոք սեռի բայերում՝ ճօգնըվիլ, պացվիլ, ուդվիլ, հաքնըվիլ[9]։
  • ն, ան՝ սոսկածանցավոր բայերում՝ դըբնիլ, կըբնիլ, պընցանալ, քըշանալ, յէդանալ։
  • (ա)ցն՝ պատճառական բայերում՝ հակծընիլ, կըռվացնիլ, պընցացնիլ, քըշացնիլ։
  • ադ, օդ, օր՝ բազմապատկական բայերում՝ պընպընադիլ, խըլխըլօդիլ, թըլըսօրիլ։

Բարբառում առկա են հինգ անկախ և երեք կախյալ (ձևակազմիչ) դերբայներ։

Դերբայ Վերջավորություն Նմուշներ
Անորոշ իլ, ալ լըսիլ, թիլանալ
Ենթակայական օղ լըսօղ, թիլացօղ
Հարակատար աձ լըսաձ, թիլացաձ
Համակատար իս, ից լըսիլիս/լըսիլից, թիլանալիս/թիլանալից
Ընթացակցական էն լըսիլէն, թիլանալէն
Անկատար ըմ լըսըմ, թիլանըմ
Վաղակատար էլ լըսէլ, թիլացէլ
Ապառնի օ լըսիլօ, թիլանալօ

Բայի եղանակներն արդի հայերենի նման հինգն են՝ սահմանական, ըղձական, պայմանական, հարկադրական և հրամայական, իսկ ժամանակաձևերը՝ տասնչորսը։ Սահմանական ապառնին և անցյալ ապառնին կազմվում են անորոշ դերբայով և պիտեմ բայի ձևերով՝ կանչիլ'դէմ/կանչի'բդէմ, կանչիլ'դիմ/ կանչի'բդիմ; Աղավնաձորի, Գնիշիկի, Գնդեվազի և Խաչիկի խոսվածքներում անորոշ դերբայով կազմված ձևին զուգահեռ գործածվում է նաև ապառնի դերբայով կազմված ձևը՝ կանչի'բդեմ—կանչիլօ էմ։ Հորսի և Կեչուտի խոսվածքներում որոշ պարզ բայերի սահմանականի անցյալ կատարյալը կազմվում է ա խոնարհիչով՝ պէրամ—պէրար—պէրավ, պէրանք—պէրաք—պէրան։ Բարբառի ժխտական ձևերը կազմվում են օժանդակ բայի հետադաս գործածությամբ՝ կարալ չէմ, կարալ չիմ, քընաս վօչ, պե՛րիլ մի, կաղնիլ մէք և այլն։ Միայն Աղավնաձորի խոսվածքն է բացառություն կազմում՝ օժանդակ բայի առաջադաս գործածությամբ՝չէմ կարալ, չիմ կարալ, չըքընա՛ս, մի՛ պէրիլ, մէ՛ք կաղնիլ և այլն։ Օժանդակ բայերն անցյալ ձևերում կորցնում են է հնչյունը՝ էի→իմ, էիր→իր, էին→ին և այլն։ Ուշագրավ է հարկադրական ապառնիի կազմությունը Արենիի խոսվածքում՝ բըդմա կանչէմ, բիդի ասէմ, բըդմա խմէր, բիդի կառհթար և այլն։

Մակբայ խմբագրել

Բարբառում գործածվում են հետևյալ մակբայները՝

  • ժամանակի՝ հըմիգըս, յէդօվ, ըսօր, էքուձ, էլլօր, մէգյէլ օրը, քըշէրօվ, հէրու/հէրնըվի, մէգյէլ տարի, շապտէնը մին, ինչպես նաև փոխառյալ՝ էն սըհաթին («հենց այդ պահին»), ընբաշտան («վաղ առավոտյան») և այլն։
  • Տեղի՝ վէրէվ, նէրքյէվ, տէսը, տէդը, տէնը, հէռու, մօդիգ, տէմատէմ և այլն։
  • Ձևի՝ թըաքուն, մէնըագ, ծանդըր-ծանդըր, մառհթավօրի, կամանց, ծէռաց և այլն։
  • Չափի՝ շադ, քյիչ, մըկյըա, մին թիթէվ, պուջի, ըսկյի, ինչպես նաև փոխառյալ՝ խէլըաք (բավականին), բօլ («շատ») և այլն։

Կապ խմբագրել

Բարբառում գործածվում են հետևյալ կապերը՝

  • Տեղի՝ կուշտ («մոտ»), մէչ, վըրէն, տագ, արանք, քամագ, դըբա, տէսը և այլն։
  • ժամանակի՝ մընչէվ, մընչանց, յէդօվ, առաչ և այլն։
  • Ձևի՝ պէս
  • Չափի՝ ավէլ, պագաս
  • Բացառման և զիջման՝ առանց(ի), տէղագ, փօխանագ, փոխառյալ՝ սավայի («բացի, չհաշված»), ըավըազ («փոխարեն»)։
  • Պատճառի՝ էրէսիցը, փոխառյալ՝ սըաբըաբը («պատճառով»)։
  • Նպատակի՝ հըմար, մար։
  • Ընդդիմության՝ հագառագ, փոխառյալ՝ աջըղու, աջըղօ, աջըղօվը («ի հեճուկս»)։
  • Միասնության՝ հէդ։

Կապերը գործածվում են հոոլվների հետ՝ ծառան տագյին, կօմիցը տէնը, մընչէվ քարը։ Կապերի մեծ մասը հոլովվում է՝ մէչ(ը)—մէչի(ն)—մէչից(ը)—մէչօվ(ը)—մէչըմ(ը);

Շաղկապ խմբագրել

Բարբառում գործածվում են հետևյալ շաղկապները՝

  • Համադասական՝ (հ)ու, էլ, էնինչ, թէ։
  • Ստորադասական՝ վօր, թէ (վօր), քանց (թէ), հէնց, մէնըագ (թէ), մընչէվ, և այլն։

Վերաբերական խմբագրել

Բարբառում գործածվում են հետևյալ վերաբերականները՝

  • Հաստատական՝հա, լավ, ինչ խօսկը։
  • Ցուցական՝ ըհը, հէսիգ, հէդիգ, հէնիգ, հէսէ, հէդէ, հէնէ։
  • Երկբայական՝ յէսիմ, կասէս, վայ թէ, չէ-հա և այլն։
  • Սաստկական՝ մինչէվ անքամ։
  • Սահմանափակման՝ կօնյա, մէնըագ։
  • Կամային՝ թօղ, դե, բա, մին, փոխառյալ՝ ա(յ) ջանըմ(ս) («ա՛յ հոգիս»), յըանի («իբր»), գյըվըա («իբր»)։
  • Ժխտական՝ չէ։
  • Զիջական՝ ինչ վօրի ա, օվ վօրի ա։
  • Բաղձանքի՝ հըրանէք, հըրանէք էր, ուր էր և այլն։

Ձայնարկություն խմբագրել

Բարբառում գործածվող ձայնարկություններն են

  • Զգացում արտահայտող՝ պա՛յ, պա՛հօ, պա՛-բա՛-բա՛-բա՛, թըա՜հ և այլն։
  • Կամային վերաբերմունք արտահայտող՝ ըարըա՛, ըադըա՛, ախճի՛, ա՛յ բալամ և այլն։

Նմուշներ խմբագրել

Հանելուկներ խմբագրել

 
  • Էնինչ- քյէնինչ՝

Առաչ ըլըմ ա չօռհս վօդանի,
Յէդավ՝ էրգու վօդանի,
Յեդավ էլ՝ իրէք վօդանի։
(մարդ)

  • Կրագըմ վառվիլ չի, ֆօղըմ թաղվիլ չի։

(ստվեր)

  • Տըգլօզանամ, թռնէմ ուսերըդ։

(կուժ)

  • Լէլլէմ քյէզ,Թափ տամ քյէզ,

Կուշտանամ յէս,
Դինջանաս տու։
(ծառ)

  • Հինգ ախպէր են՝

Իրըար յէննից քընըմ էն,
Հասնըմ չէն։
(գուլպայի շյուղեր)

  • Տափագը՝ տափագյին,

Էրգյէնը՝ ծագյին։
(երկանք)

  • Սէվ ըարըաբը բէղէրը հըլլօրէց,

Տասսը հազար մառհթ սըբանէց։
(գիշեր)

  • Վօսկուռը՝ սէվ,

Ջանը՝ սիպտըագ,
Կաշին՝ բօզ։
(փշատ)

  • Էն ի՞նչն ա, էն ի՞նչը,

Քընամ-կամ,
Մօրըդ փօրին թըապկօվ տամ։
(խնոցի)

  • Ծանդըր ըղի,

Ծագ չունի։
(հավկիթ)

  • Փէդէ կըլօլագ,

Մազէ ծըլօլագ,
Տէղին թաքավօր,
Սիպտըագ հըալիվօր։
(խնոցի, պարան, կարագ, թան)[10]

 

Օրհնանքներ խմբագրել

  • Ախըրըդ խէր ըլի։
  • Աստօձ բալէքըդ պահի։
  • Աստօձ շընհավօր անի։
  • Աստօձ պինդ ծէռօվ պահի։
  • Աստօձ քյէզ մի հալալ կաթնակյէր թուշ անի։
  • Աչօղըթուն ըլի։
  • Դըռնաղը պինդ ըլի։
  • Կանանչէս։
  • Կըռնէրըդ ղըվաթօվ ըլի։
  • Կուռըդ տըալըար մընա։
  • Ղօրմի հօրնըմօրըդ։
  • Պարըլիսը պարին պացվի։
  • Սաղ ջանօվ ըլէս։
  • Օջաղըդ շէն կյէնա[11]։

Անեծքներ խմբագրել

  • Անըմըդ կըդըրվի։
  • Ասէղը տընգյէս, հօվըմը նըստէս։
  • Էրէսըդ գյօռ տէնա։
  • Էրէսըդ կըրօղ տէնա։
  • Թյուգյյունքըդ ծագվի։
  • Ծամըդ կըդըրվի։
  • Կյէձագը տա քյէզ։
  • Կյէդինը մննէս։
  • Կըրօղը հէխտի քյէզ։
  • Հէրըդ շուն թառնա։
  • Նըստէս՝ միսըդ թափի, կաղնէս՝ վօսկուռըդ։
  • Տունըդ Սօթէր-Կօմէր ըլի։
  • Տունըդ տընէրի վըրէն պըժանվի։
  • Տըղամառթ մէռնէս։
  • Ցավը տընէմ պէրանիդ մէշտէղին։
  • Փէշմըն մընաս։
  • Քյուլէրըս կըլխիդ ըլի[12]։

Առածներ, ասացվածքներ խմբագրել

  • Ախճիգը անկըդրիլ ծըմէրուգ ա։
  • Ախճիգը ուրիշի տան ճրաք ա։
  • Անի Հուրին, ծախկյի Փըարին։
  • Աստօձ սարը տէնըմ ա, ծինը տընըմ։
  • Դըավի հաղը կարմընջի անգաջըմն ա փըռնըմ։
  • Դըավի միտկը վօր փուշ ուդիլի ա ըլըմ, վիզը մէգնըմ ա։
  • Էձի պօզը քօր կալիս՝ տանըմ ա, քսըմ չօբանի փէդին։
  • Խէլօք կառը օխտը մէր ա ծըձըմ։
  • Կյէլն ընգավ վօխճըարի մէչը, վայն էգավ մինատըրօնչը։
  • Յէզը վօր ընգըմ ա, տըանըագավօրը շադանըմ ա։
  • Խուփը թօլ ա ըլըմ, կըջըջին քըթնըմ։
  • Կըջուջն ասէց. «Տագըս վօսկյի ա», շէրէփը թէ՝ «Բա յէս ըշտէղա՞ն էմ կալի»։
  • Հին տըարմըանը քամօ տալ չէն։
  • Մուգը չի կարըմ մննի ծագը, ցըխըավիլն էլ կաբըմ էն պօչին։
  • Սաֆ յէզանը փըթաձ տըարմըանը ինչ կա՞նի։
  • Սէլը ճռռալի տէղը սէլվօրն ա ճռռըմ։
  • Տէրավօրին տէրն ա տարէլ, անտէրին՝ կյէլը։
  • Տըգլօզ ջանէրնէրին կադու էն շըլագյէլ։
  • Քյըասըագը նստէլ ա, քարի հըմար մըդաձըմ ա[13]։

Չարի վերջը խմբագրել

Ըլըմ ա, չիլըմ մին սար ա լըմ,
Էդ սարի կլխին մին ծառ ա լըմ,
Էդ ծառի վըրէն մին փըչագ,
Փըչագըմ մին պուն,
Պնըմը իրէք ծըաք
Ու վըրէն պուպուն։
-Կու՜, կու՜, կու՜, իմ պուպուք,
Յէ՞րփ պըդի տուք առնէք թևէր,
Թըռնէք, քընաք,
Ուրխանաք...
Յէրքըմ էր մարիգ պուպուն,
Մին էլ ըհըն, աղվէսն էգավ.
-Էս սարն իմն ա,
Էս ծառն իմն ա,
Ծառըմը մին փըչագ կա,
Փըչագըմ մին պուն,
էս օվ ա՞ էգյէլ,
Տէր կաղնէլ թըաքուն։
Ա՛խ տու պուպու, ախմա՛խ պուպու,
Քանի պջիր ծըաք ունէս տու։
-Իրէք հադ ծըաք, աղա՛ աղվէս։
-Իրէք հադ ծըաք ցույց կդամ քյէզ.
Բա ասըմ չէ՞ս ա՛յ անհամանչ,
Մինը նոքյըր ղրգյէս կուշտըս։
Դէ շու՛դ արա, մինը քըցի նէրքյէվ,
Թէ չէ նա, կացինըս սըրաձ,
Ընդէ տըրաձ,
Քընամ, պէրէմ,
Ծառըդ կըդրէմ։
-Ամա՜ն, կըդրէս վօ՛չ,
Աստօձ սիրէս,
Ա՛ռ էս մինը,
Տա՛ր քյէզ նոքյըար,
Մէնըգ թէ ըդէնց
Ճնջիլ մի՛ մէզ,
Պընօվ, տէղօվ,
Ամբօխճ ցէղօվ։
Խընթըրէց մարիկ պուպուն
Ու ծըաքյէրից մինը քըցէց նէրքյէվ։
Աղվէսը՝ հա՛փ, առավ, թըռավ։
-Վա՜յ-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Իմ լա՛վ պուպու,
Վօ՞ր սէվ սարըմ, վօ՞ր չօլէրըմ,
Վօ՞ր քօլի տագյին,
Կօրար, մէնըգ։
Վա՜յ-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Իմ լա՛վ պուպու...
Ըսէնց լըաց էր ըլըմ մարիգ պուպուն, մինն էլ ըհը՛ն, աղվէսը յէդ էգավ.
-Էս սարն իմն ա,
Էս ծառն իմն ա,
Ծառըմը մին փըչագ կա,
Փըչագըմ մին պուն,
էս օվ ա՞ էգյէլ,
Տէր կաղնէլ թըաքուն։
Ա՛խ տու պուպու, ախմա՛խ պուպու,
Քանի պջիր ծըաք ունէս տու։
-էրգու հադ ծըաք, աղա՛ աղվէս։
-Էրգու հադ ծըաք ցույց կդամ քյէզ,
Ա՛յ աննամուս, ա՛յ ավազագ,
Օվ ա՞ տէսէլ էրգու հադ ծըաք,
Էդ ուզըմ էս զօռօվ-շըառօվ
Լըցնէս ըստէ պուպուքօ՞վ...
Դէ շու՛դ արա, մինը քըցի նէրքյէվ,
Թէ չէ նա, կացինըս սըրաձ,
Ընդէ տըրաձ,
Քընամ, պէրէմ,
Ծառըդ կըդրէմ։
-Ամա՜ն, կըդրէս վօ՛չ,
Աստօձ սիրէս,
Ա՛ռ էս էլ տար,
Ու թօղ թաթար՝
Գօնյա վէռհչինս
Մընա հէդըս...
Աղաչանք-պաղադանք արէց մարիգ պուպուն ու յէգռօռթ ծըաքն էլ քցէց նէրքյէվ։
Աղվէսը՝ հա՛փ, էս էլ առավ-թըռավ։
-Վա՜յ-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Ընչի հը՞մար
Էգամ էս սարը,
Պուն շինէցիմ,
Ծըաք հանէցիմ...
Աղվէսն էգավ,
Տարավ կյէրավ,
էրգու, էրգու
Պուպու... պուպու...
Լըաց էր ըլըմ մարիգ պուպուն։
Էդ հադաղին՝ ղա՜, ղա՜, ղա՜, ղառղառն անց էր կյէնըմ էդ յանէրօվ,
Լըսէց պուպույի լըացի ծէնը։
-Ըդէնց տըխուր, ըդէնց փէշմըն,
Խի՞ յէս լըաց ըլըմ, ա՛յ քյիր։
-Բա վօնց լըա՞ց չըլէմ, ա՛յ պէլագյին,
Աղվէսն էգավ ագյին-ծագյին,
Կըլխիս ըսէնց փօռցանք պէրավ,
Ծըաքյէրս ըսէնց տարավ, կյէրավ։
-Վու՜յ, լիսըս տուս կա, անխէլք պուպու,
Իզուր տէղը խափվէլ էս տու
Սուդ խօսկյիցը չար աղվէսի...
Վօնց թէ՞ սարը իմն ա՝ կասի։
Օվ ա՞ տըվէլ ընդան ստէ սար,
Սարը տէղօվինըս ա հավասար,
Օ՞վ կըթօղա էն վէր կյէնա,
Ամբօխչ սարին կա տէր թառնա,
Անըմը տա սըրաձ կացնի,
Ըստան, ընդան սուդ վախացնի,
Ու մինը սօր, էմինն էրէգ,
Ճըդէր տանի, ուդի մին-մին...
Էն կըրօղը հէխտաձին
Օվ ա՞ տըվէլ սըրաձ կացին։
Մինն էլ վօր կա ու քյէզ ահ տա,
Վախնէս վօ՛չ, հա՜, քըշի, քընա։
Սէնց ասէց ղառղառն ու թըռավ, քընաց։
Ընդա քընալն ու՝ աղվէսի կալը.
-Էս սարն իմն ա,
Էս ծառն իմն ա...
Հազիֆ էր ասէլ, պուպուն պընիցը կըլուխը հանէց.
-Սու՛դ էս ասըմ, ա՛յ խափլոդան,
Ըազըզամէռ, ֆըլան-ֆըստան,
Օվ ա՞ ըստէ տվէլ քյէզ սար,
Սարը տէղօվինս ա հավասար...
Ինչ է՞ս էգյէլ սուդի տէր թառէլ,
Յէս էլ հիմար՝ ճշտի տէղ էմ տըրէլ,
Հէղջ ճըդէրըս տվէլ էմ քյէզ...
Կօրի՛, քընա՛, տու չար աղվէս,
Բօլ ա, ըշտըամ սուդ էս ասէլ,
Հըմիգըս գյիդըմ եմ, վախըմ չէմ էլ,
Կացին չունէս՝ ծառը կըդրէս։
-Էդ օվ ա՞սէց քյէզ ըդըամը։
-Ղառղառն ասէց։
-Ղառղառը՞: Լա՜վ։
Ու ղառղառի վըրեն հէռհսօդաձ աղվէսը պօչը քաշէց, քընաց։ Քընաց, մի չոլըմ սուդմէռուգ տըվէց, թէք ընգավ, գյվը թէ՝ սըդագյէլ ա։
Ղառղառն էլ հէնց գյիդըացավ, թէ իսկագանից ա սըդագյէլ, քըշացավ վըրէն, վօր ըաշկյէրը հանի։
Աղվէսը՝ հա՛փ, հանգառց փըռնէց։
-Ղա՜, ղա՜, ղա՜,
Աղվէս աղա...
-Ա՛յ տու կըռկըռան, չարալուզու,
Վօնց թէ՞ պուպուին ասէլ էս տու,
Թէ յէս կացին ունէմ վօչ սըրաձ,
Կացին ունէմ վօ՞չ, դէ հըմի ըաշկյի...
-Վա՜յ, քյէզ մէղա՛,
Աղվէ՛ս աղա,
Յէս էմ արէլ, ուրանըմ չէմ,
Ինձ քրքրի, ինձ հում-հում կյէ՛ր,
Տու՛ր ինչ պադիշք սիռդըդ կուզի,
Մինթըաք վէռհչին խօսկըս լսի։
Յէս էն սարըմը հէնց տէմատէմ,
Ընէնց մին թանգ պահուստ ունէմ,
Վօր քըթնիլ չէս տու քօ օրըմըդ,
Վօչ մին թըառըմ, յըա անտառըմ,
Ընչի հը՞մար էն ահագյին,
Մալը կօրի ֆօղի տագյին,
Յէ՛ քընանք, հանէմ, տամ, քյէզ,
Ընդըամ ուդէ՜ս, ընդըամ ուդէ՜ս...
Թէ ըլի վօչ ու սուդ տուս կամ,
Յէս հօ ըստէ հա կամ ու կամ...
-Քընանք,-ասէց աղվէսը,- թէ ըլի՝ շադ լավ, թէ ըլի վօչ՝ հօ քյէզ կուդէմ։ Քընացին։ Վէրէվան թըռնիլից ղառղառը տէսէլ էր, վօր մին քօլի տագ կյէղացօ շունը թէք ընգաձ ա։
Աղվէսին, տարավ, տարավ ու թուշ արէց հէնց էդ քօլին։
-Ա՛յ,-ասէց,-էս քօլի տագյին ա իմ պահուստըս։
Աղվէսը վրա ընգավ էդ քօլին։ Շունը վէր թըռավ, բօղազիցը փըռնէց ու տըրէց տագյին։
Աղվէսը հէխտըվիլէն ըսկըսէց խըռխըռալը.
-Ա՜խ, յէ՜ս... ա՜խ, յէ՜ս...
Ըզգուշ աղվէս...
Փօռհցանքյի մէչ
Ընգյէմ ըսէ՞նց...
Ախ, անառա՛գ...
Տու սէվ ղառղա՛ռ...
-Ըշտըամ էլ վօր ըզգուշ ըլէս,
Չարի հըմար թէ՛ շուդ, թէ՛ ուշ
Է՛դ ա պահաձ, աղվէ՛ս աղա...
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜...
Պադասխանէց ղառղառն ու թըռավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, 1947, էջ 73։
  2. Հրաչյա Աճառյան, Հայ բարբառագիտութիւն, հ. Բ, Երևան, 1951, էջ 329։
  3. Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ. Ա, Երևան, 1973, էջ 39-40։
  4. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, Ս.Ղազար, 1893, էջ 145, 167։
  5. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 7։
  6. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 27։
  7. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 38։
  8. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 41։
  9. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 49։
  10. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 157։
  11. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 155։
  12. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 156։
  13. Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 154։