Վահան Հովհաննիսյան (գրող)

հայ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Վահան Պողոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 1, 1894(1894-09-01)[1], Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1], Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա), հայ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ։

Վահան Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1894(1894-09-01)[1]
ԾննդավայրՆորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՍուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և կրոնական ծառայող
Ազգությունհայ
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան (1922)
ԱնդամակցությունՄխիթարյան միաբանություն
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1908-1913 թվականներին սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1913 թվականին դարձել միաբանության անդամ։ 1922 թվականին ավարտել է Հռոմի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1924-1926 թվականներին դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930-1931 թթ.), ավելի ուշ՝ տեսուչ (1957-1960 թթ.), 1929-1930 թվականներին խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը։ 1931-1937 թվականներին եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանում։ 1937-1941 թվականներին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկական վարժարանի աշխատանքները։

Իտալիա-եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941-1947 թթ.)։ 1947 թվականին Վենետիկում հիմնադրել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել ընդհատումներով։ 1948-1956 թվականներին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը։ Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։ Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմական» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրվան» (1970) և այլ բանաստեղծական ժողովածուներ։ Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր», 1971, «Արգինայի զանգակները», 1971, «Լեռներու երգը», 1971 և այլն)։ Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը։ Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960), «Դեպի Ավարայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը։ Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալերեն։ 1965 թվականին նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574  
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11872