Վահան Առավեղյան (4-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Առավեղյանների նախարարական տոհմից[1][2]։

Վահան Առավեղյան
Մեծ Հայքը՝ 298-387 թվականներին
Դրոշ
Դրոշ
Առավեղյան տեր
4-րդ դարի վերջ
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 4-րդ դար
Դինաստիա Առավեղյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք

Կենսագրություն խմբագրել

Սկզբում եղել է Արշակ Գ-ի, ապա Խոսրով Դ-ի ենթակայության տակ, որոնք կառավարում էին միաժամանակ Մեծ Հայքում։ Արշակ Գ-ի և Սահակ Բագրատունու հակամարտության ժամանակ, Վահանը Աշխադար Դիմաքսյանի և Սուրեն Խորխոռունիի հետ համագործակցել է Սահակ Բագրատունու հետ, բայց Սահակի դեպի Խոսրով Դ-ի տիրույթները գնալու ժամանակ չեն կարողացել նրան հասնել, արգելվելով Արշակ Գ-ի զորքերի կողմից, ստիպված հպատակվել են նրան և հարմար ժամանակի սպասել իրենց փախուստի համար[1][2]։

Արշակ Գ-ի գանձերը խմբագրել

385 թվականին, երբ Արշակ Գ-ն իր գանձերը Հանի ամրոցից հանելով փոխադրում էր Ծոփք, Սուրեն Խորխոռունին, Վահան Առավեղյանը և Աշխադար Դիմաքսյանը հարմար ժամանակ գտնելով հափշտակում են այդ գանձերը և ցանկանում են անցնել Խոսրով Դ-ի մոտ, բայց չեն կարողանում ժամանակին անել դա։ Սամվել Մամիկոնյանը, ով Արշակ Գ-ի մտերիմն էր, ուժեղ գնդով ընկնում է նրանց հետևից, որոնք էլ փախչելով՝ ընկնում են ամուր քարայրի մեջ Մանանաղի գավառում։ Ըստ Մովսես Խորենացու մանրամասն նկարագրության այդ քարայրը մտնելու տեղ չկար, մի կողմից միայն մի նեղ տեղ կար բարձրանալու՝ սաստիկ զառիվայր։ Դռան առաջն էլ ուղիղ բարձրանում էր միապաղաղ մի ապառաժ, իսկ վերևը՝ դուրս ցցված մի ժայռ, որ նայում էր խոր ձորի անդունդներին, և ինչ էլ որ պոկ գար, անդիմադրելի սաստկությամբ, անդադար թավալվելով ներքև կգլորվեր՝ դեմ առնելու կռվան չգտնելով։ Սամվել Մամիկոնյանը տարակուսած էր մնացել տեղի անմատչելի լինելու պատճառով։ Նա այս մասին իմաց տվեց Արշակ Գ-ին, որն էլ հրամայեց երկաթակապ արկղ շինել, մեջը քաջ մարդկանց նստեցնել և չվանի նման շղթայով վերևից իջեցնել մինչև քարայրի մուտքը։ Բայց այս (միջոցն) էլ վնաս չբերեց, որովհետև մացառները հեռու էին պահում (արկղը)։

Երբ նրանք սրանով էին զբաղված, այդտեղ է հասնում Ասպետ Սահակ Բագրատունին, Խոսրով Դ-ի ամբողջ գնդով, որով հալածում էր ավազակներին։ Ավազակներին թողնելով՝ հարձակվում է Սամվել Մամիկոնյանի գնդի վրա, որոնք փորձում էին բռնել քարայրում մնացած իշխաններին։ Սահակ Բագրատունին Սամվել Մամիկոնյանի գնդին հալածում է և դուրս է հանում Սուրենին, Վահանին և Աշխադարին գանձերի հետ միասին և շատ արագ հասցնում Խոսրով Դ-ի մոտ։ Խոսրով Դ-ն ստանալով գանձերը, նրանից մասնաբաժին է հանում Պարսից արքա Շապուհ Գ-ին և նրա հրամանով Սուրեն Խորխոռունուն, Վահան Առավեղյանին և Աշխադար Դիմաքսյանին տալիս է գյուղեր և ընտիր ու հարմար դաստակերտներ այն նախարարների ժառանգությունից, որոնք Մեծ Հայքի պարսից բաժնից (արևելյան) էին, բայց մնացին Արշակ Գ-ի մոտ։ Այս դեպքից հետո պատերազմ է առաջանում Արշակ Գ-ի և Խոսրով Դ-ի միջև[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 10.
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, Գլուխ Գ, ԽԳ, ԽԵ․