Վահագն Մահտեսի-Հակոբյանց

Վահագն Մահտեսի-Հակոբյանց, հայ բարերար, միջազգայնագետ, Իրանում «Փյունիկ» շաբաթաթերթի համահիմնադիր, 1988 թվականին ստեղծել է Գերմանախոս երկրների Ղարաբաղ կոմիտեն։ Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո Բերձոր քաղաքում ստեղծել է ավանդական գորգագործությունը շարունակող ու զարգացնող դպրոց։

Վահագն Մահտեսի-Հակոբյանց
Ծնվել է1942
ԾննդավայրԹավրիզ, Իրան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Իրանի երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում` Ռուբեն և Թամար Մահտեսի-Հակոբյանցների ընտանիքում։ Ընտանիքի ավագ զավակն էր։ Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Ավստրիա և սովորել Գրաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Հայաստանում` Երևանի պետական համալսարանում։ Այդ տարիներին Հայաստանում կազմակերպել է սփյուռքահայ ուսանողների առաջին խորհուրդը և ընտրվել դրա նախագահ։ Խորհուրդն իր գործունեությամբ մեծ շունչ հաղորդեց ժամանակի հայ երիտասարդությանը, մանավանդ` սփյուռքահայ ուսանողներին։ 1972 թվականին Վահագն Մահտեսի-Հակոբյանցն ավարտել է բուհը և դարձել միջազգայնագետ Ջոն Կիրակոսյանի ասպիրանտը։

Գործունեություն խմբագրել

 
Վահագն Մահտեսի Հակոբյանցին նվիրված հուշարձան Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, 05․07․2021թ․

Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա և աշխատանքի ընդունվում Արևմտյան Բեռլինի FU Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` որպես գիտաշխատող։ Իրանական հեղափոխության առաջին օրերին տեղափոխվեց ծննդավայր։ Իր ընկերների հետ միասին այնտեղ հիմնադրեց «Փյունիկ» շաբաթաթերթը։ Իր շուրջը համախմբեց ժամանակի իրանահայ երիտասարդությանը և իր հայանպաստ գործունեությամբ նոր ընթացք հաղորդեց իրանահայ համայնքի կյանքին։ Վահագն Մահտեսի-Հակոբյանցի ջանքերով Հայաստանում կազմակերպվեցին իրանահայ ուսուցիչների առաջին հավաքն ու վերապատրաստման դասընթացները։ 1988 թվականի երկրաշարժի օրերին ու Արցախյան շարժման ընթացքում նա տուժածներին ու կարիքավորներին անձամ օգնություն էր հասցնում. սկզբում իր ընկերների հետ օգնում էր ազատամարտիկներին, այնուհետև Արցախի ազատագրության բանակին։ 1988 թվականի ամռանը նրա նախաձեռնությամբ ստեղծվել էր Գերմանախոս երկրների Ղարաբաղ կոմիտեն, որն իր գործունեությամբ լուրջ ներդրում ունեցավ եվրոպական երկրներում արցախյան հիմնահարցի ճիշտ, արդարացի ու անկողմնակալ լուսաբանման ու տարածման գործում։

Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո Բերձորում ստեղծել է ավանդական գորգագործությունը շարունակող ու զարգացնող դպրոց, որի կայացման համար ներդրեց լուրջ միջոցներ. անձամբ էր հետևում այդ գործընթացին։ 1990-ական թվականներից մինչև կյանքի վերջին օրերը մեծ եռանդով մասնակցում էր «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» և «Եվրոպայի հայկական համագումարի» աշխատանքներին։ Նրա մտահղացմամբ ու անմիջական ջանքերով Եվրախորհրդում Ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության վերաբերյալ քննարկումների շնորհիվ եվրահայությունը ստացավ լիարժեք ձայնի իրավունք։

Վահագն Մահտեսի-Հակոբյանցի աճյունափոշին իր իսկ ցանկությամբ շաղ է տրվել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի գյուղի կիրճում, ինչպես նաև ազատագրված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի հողում։ Այդ վայրում էլ դրվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքարն ու հիմնադրվել նրա անվան պուրակը։

Աղբյուրներ խմբագրել