Վալտեր Աուդիզիո
Վալտեր Աուդիզիո (իտալ.՝ Walter Audisio) (հունիսի 28, 1909[1][2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հոկտեմբերի 11, 1973[1][2], Հռոմ, Իտալիա), հայտնի են նաև որպես գնդապետ Վալերիո և Ջովանբատիստա Մանիոլի, իտալական հակաֆաշիստական Դիմադրության շարժման գործիչ, կոմունիստ, փոխգնդապետ։ Առավել հայտնի է նրանով, որ 1945 թվականի ապրիլի 28-ին գնդակահարել է իտալական դիկտատոր Բենիտո Մուսոլինիին և նրա սիրուհուն՝ Կլարա Պետաչիին։
Վալտեր Աուդիզիո | |
Կուսակցություն՝ | Իտալական կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պարտիզան |
Ծննդյան օր | հունիսի 28, 1909[1][2] |
Ծննդավայր | Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 11, 1973[1][2] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Թաղված | Կամպո Վերանո[3] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կենսագրություն
խմբագրելՎալտեր Աուդիզիոն ծնվել է 1909 թվականի հունիսի 28-ին Ալեսանդրիայում, պետական ծառայողի ընտանիքում։ Աշխատել է հաշվապահ։ 1931 թվականին ընդունվել է Իտալիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Անդամակցել է Ալեսանդրիայի գաղտնի կոմունիստական խմբին։ 1934 թվականին ֆաշիստական հատուկ ծառայությունները բացահայտել են խմբին և Վալտեր Աուդիզիոն հինգ տարով աքսորվել է Միջերկրական ծովում գտնվող Պոնցա քաղաք։
Աքսորի լրանալու ժամկետն ավարտելուց հետո՝ Աուդիզիոն, հիվանդ լինելով թոքամզի բորբոքմամբ, որոշել է վերադառնալ Ալեսանդրիա։ Հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն ստանալու համար՝ նա քաղաքային դատարան է ուղարկել մեղայական նամակ, որտեղ խոստովանել է իր հակաֆաշիստական հայացքների մասին։
Մուսոլինիի տապալումից և դաշնակիցների հետ 1943 թվականին կնքված զինադադարի արդյունքում Վալտեր Աուդիզիոն անցել է պարտիզանների շարքերը։ 1943 թվականի աշնանը զբաղվել է Կազալե Մոնֆերատոյի պարտիզանական ջոկատների կազմակերպմամբ։
Ծառայել է գարիբալդիական բրիգադների շարքերում։ Ղեկավարել է Պադանի հարթավայրում գտնվող Մանտուա գավառի պարտիզանական միավորումները։
1945 թվականին դարձել է Միլանի Դիմադրության շարժման գլխավոր ղեկավարներից մեկը։
1945 թվականի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Լոմբարդիայի Կոմո քաղաքի մոտ պարտիզան գարիբալդիականների կողմից ձերբակալվել է դիկտատոր Բենիտո Մուսոլինին, որը գերմանական զորքերի հետ միասին փորձում էր փախչել Իտալիայից։ Պարտիզանների ձեռքն են անցել նաև Մուսոլինիի զինակիցները և սիրուհին՝ Կլարա Պետաչին։ Մուսոլինին սիրուհու հետ միասին տարվել է մոտակա Դոնգո գյուղ, որտեղ, թիկնապահների հսկողության տակ, նրանց պահել են մինչև ապրիլի 28-ի ցերեկը։
1945 թվականի ապրիլի 28-ին, ժամը 15։15-ին Վալտեր Աուդիզիոն, ունենալով բարձրագույն ղեկավարության Մուսոլինիին մահապատժի ենթարկելու հրամանը, ոչ մեծ ջոկատով ժամանել է Դոնգո։ Նա տեղի պարտիզաններից վերցրել է գերեվարված դիկտատորին և նրա սիրուհուն և տարել Մեձեգրա գյուղի շրջան, որտեղ էլ ժամը 16։10-ին Բելմոնտե առանձնատան դարպասների մոտ մտածված գնդակահարել է նրանց։ Սկզբում Աուդիզիոն Պետաչիին առաջարկել է մի կողմ քաշվել, բայց նա ամուր բռնել է Մուսոլինիի ձեռքը՝ փորձելով իր մարմնով ծածկել դուչեին, որի արդյունքում էլ մահացել է։ Դրանից հետո, Աուդիզիոյի հրամանով, մահապատժի են ենթարկվել Բենիտո Մուսոլինիի վեց զինակիցները։ Արդյունքում, մահապատժի ենթարկված մարդկանց մարմինները, այդ թվում նաև Մուսոլինիի և Կլարա Պետաչիի, մերկ վիճակում կախվել են Միլանի Լորետո հրապարակում։
Պատերազմից հետո, 1948-1963 թվականներին, Վալտեր Աուդիզիոն եղել է Ալեսանդրիա քաղաքի պատգամավոր՝ ընտրվելով Ազգային-ժողովրդավարական ճակատից (Իտալիայի կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների կոալիցիան)։ 1963 թվականին դարձել է սենատոր։ 1968 թվականից ընդհուպ մինչև մահը աշխատել է իտալական ENI նավթային ընկերությունում։
Վալտեր Աուդիզիոն մահացել է 1973 թվականի հոկտեմբերի 11-ին Հռոմում, սրտի կաթվածից։ Մահվանից երկու տարի անց՝ 1975 թվականին, հրապարակվել են Աուդիզիոյի հուշերը ամփոփող «Իտալական ազգի անունով» (իտալ.՝ In nome del popolo italiano) գիրքը։
Մշակույթում
խմբագրելԿառլո Լիձանիի 1974 թվականի «Մուսոլինի․ վերջին գործողություն» ֆիլմում Վալտեր Աուդիզիոյի դերը մարմնավորել է իտալացի դերասան Ֆրանկո Ներոն։
Երկեր
խմբագրել- In nome del popolo italiano, Milano, Teti, 1975.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն
խմբագրել- Walter Audisio, In nome del popolo italiano, Milano, 1975.
- Pierluigi Baima Bollone Le ultime ore di Mussolini, Mondadori, Milano, 2005.
- Massimo Caprara, Lavoro riservato. I cassetti segreti del PCI, Milano, 1997.
- Giorgio Cavalleri, Ombre sul lago. I drammatici eventi del Lario nella primavera-estate 1945, *Edizioni Arterigere, 2007.
- Giorgio Cavalleri, Franco Giannantoni e Mario J. Cerighino, La fine. Gli ultimi giorni di *Benito Mussolini nei documenti dei servizi segreti americani (1945-1946), Garzanti, Milano, 2009
- Franco Giannantoni, "Gianna" e "Neri": vita e morte di due partigiani comunisti : storia di un "tradimento" tra la fucilazione di Mussolini e l'oro di Dongo, Mursia, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Աուդիզիո» հոդվածին։ |