Վալախյան բացօթյա թանգարան

Վալախյան բացօթյա թանգարան (չեխ․՝ Valašské muzeum v přírodě), բացօթյա թանգարան Չեխիայի Մորավյան Վալախիա լեռնային շրջանի Ռոժնով պոդ Ռադհոշտեմ քաղաքում։ Թանգարանը պահպանում և ցուցադրում է Վալախյան նյութական մշակույթն ու ավանդույթները։ Երկրորդ ամենահին և ամենամեծ բացօթյա թանգարանն է Չեխիայում։ Թանգարանը բաղկացած է երեք անկախ մասերից՝ Փոքրիկ փայտե քաղաք, Վալախյան գյուղ և Ջրաղացի հովիտ։ Ընդգրկված է Չեխիայի ազգային հուշարձանների ցանկում[3]։

Վալախյան բացօթյա թանգարան
Տեսակթանգարան և բացօթյա թանգարան
Երկիր Չեխիա
ՎայրՌոժնով պոդ Ռադհոշտեմ
Ղեկավարության նստավայրՌոժնով պոդ Ռադհոշտեմ
Հիմնադրվել է1925
Այցելուներ353 292 մարդ (2018), 227 800 մարդ (2020)[1] և 346 100 մարդ (2019)
Հավաքածուի չափս133 672[2] և 0[2]
Կայքnmvp.cz/roznov(չեխ.)

Պատմություն խմբագրել

 
Ջրաղաց բացօթյա թանգարանում

Թանգարանը ստեղծել են Յարոնեկ եղբայրները, ովքեր սերում էին աշխատավոր արհեստավորների ընտանիքից։ Բոհումիր Յարոնեկը եղել է հմուտ նկարիչ, գրաֆիկ, հատուկ հետաքրքրություն է ունեցել Վալախյան անտառային տնակների հանդեպ։ 1895 թվականին նա Պրահայում այցելել է Չեխ-սլավոնական էթնոլոգիայի ցուցահանդես, որտեղ տեսել է Վալախյան շինությունների բացօթյա ցուցահանդես։ 1909 թվականին Յարոնեկ եղբայրները հաստատվում են Ռոժնովում, կարճ ժամանակ անց Ալոիս Յարոնեկն այցելել է աշխարհում առաջին բացօթյա թանգարան (Ստոկհոլմ, Սկանսեն)[4]։

1911-1925 թվականներին եղբայրները մշակում են Ռոժնովում բացօթյա թանգարանի ստեղծման հայեցակարգը։ Թանգարանը բացվել է 1925 թվականին «Վալախյան տարի» ազգագրական փառատոնի ժամանակ[5]։ Այդ պահին այնտեղ կար երկու մեծ տուն՝ քաղաքապետարանը և 18-րդ դարի թաունհաուս և մի քանի փոքր շինություններ[6]։ Աստիճանաբար համալիրում ավելացան ավելի շատ շենքեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ ատաղծագործներ Միխալ Ֆաբիանի գլխավորությամբ կանգնեցրեցին փայտե եկեղեցի՝ օգտագործելով Վետրկովիցեի 1878 թվականին այրված եկեղեցու հատակագիծը[4]։

Թանգարանի երկրորդ մասը՝ Վալախյանը գյուղը, աստիճանաբար կառուցվել է 1960-ական թվականներին։ Այս մասը իրենից ներկայացնում է տիպիկ Վալախյան գյուղ և բաղկացած է մոտ 40 շենքերից։ Երրորդ մասը՝ Ջրաղացի հովիտը, բացվել է 1980-ական թվականներին և բաղկացած է մի քանի ջրաղացներից և այլ կառույցներից, որոնք ներկայացնում են գյուղում իրականացվող աշխատանքն ու արտադրությունը, թույլ են տալիս այցելուներին ծանոթանալ արտադրության և աշխատանքային պայմանների ավանդական մեթոդների հետ։

Բաժիններ խմբագրել

Թանգարանը բաղկացած է երեք անկախ մասերից՝

Փոքրիկ փայտե քաղաք խմբագրել

Փոքրիկ փայտե քաղաքը ներկայացնում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Մորավյան ավանդական քաղաքային ճարտարապետությունը և ներառում է և՛ տեղափոխված բնօրինակ շենքեր, և՛ վերակառուցված շենքեր։ Վերակառուցվել են նաև ներքին հարդարանքները՝ ներկայացնելու ավանդական կացարաններն ու շինությունները։ Փոքրիկ փայտե քաղաքը ստեղծվել է Ռոժնովի հրապարակից բազմաթիվ ավանդական տակառատախտակ տներ ներկայիս թանգարանի տարածք տեղափոխելով, այդ թվում նաև փայտե քաղաքապետարանը։ Աստիճանաբար ավելացվել են նոր շենքեր, այդ թվում՝ Վաշեկի պանդոկը, քաղաքապետարանի շենքը Վելկե Կրավովիցեից և Սուրբ Աննա եկեղեցին։

Վալախյան գյուղ խմբագրել

Վալախյան գյուղը բացօթյա թանգարանի երեք մասերից ամենամեծն է։ Այն ներառում է բազմաթիվ ֆերմերային շինություններ, ջրհորներ, այգիներ, աշտարակներ, հողմաղացներ և այլ գյուղական կառույցներ ճանապարհների վրա, ծառեր և այլ լանդշաֆտի տարրեր, որոնք բնորոշ են ավանդական Վալախյան գյուղին։ Վալախյան գյուղը հիմնադրվել է, որպեսզի պահպանի ավանդական տակառատախտակ և փայտե տները, որոնք ամենայն հավանականությամբ, կարող էին վնասվել, եթե լինեին իրենց բուն միջավայրում։ Մորավյան Վալախիային բնորոշ շատ շենքեր են ավելացվել ավելի ուշ։

Վալախյան գյուղի շրջանակներում բազմացնում են կենդանիներ, հատկապես «վալաշկա» տեսակի ոչխարներ և այծեր, տեղական դաշտերում մշակում են բույսեր և գյուղատնտեսական արտադրանք։

Ջրաղացի հովիտ խմբագրել

Ջրաղացի հովիտը բացօթյա թանգարանի նոր մաս է։ Այն ապահովում է սարքավորումների, աշխատողների տեխնիկական հմտությունները գյուղում առօրյա կյանքը հնարավոր դարձնելու համար[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://tourdata.cz/wp-content/uploads/2021/05/NTC-VYSTUP-2020-REVIZE.pdfCzechTourism, 2021.
  2. 2,0 2,1 Otevřené sbírky — 2021.
  3. «Světové dědictví, NKP, chráněná území». monumnet.npu.cz. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  4. 4,0 4,1 «Origin and development | Valašské muzeum v přírodě». www.vmp.cz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  5. «The Wooden Townlet | Valašské muzeum v přírodě». www.vmp.cz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  6. Adamczak, Sławomir (2013). Czechy. Wydawnictwo Pascal. ISBN 978-83-7642-140-7.
  7. «The Water Mill Valley | Valašské muzeum v přírodě». www.vmp.cz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալախյան բացօթյա թանգարան» հոդվածին։