1937 թվականին ստեղծված «Պողպատի միջազգային կարտելը» (ՊՄԿ) իրեն էր ենթարկել պողպատի գրեթե ամբողջ կապիտալիստական շուկան։ 1953 թվականին Ֆրանսիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի մետալուրգիական մոնոպոլիաները ստորագրեցին «Պողպատի կարտել» կազմակերպելու համաձայնագիրը։ Նույն տարում դրան միացան ԳՖՀ-ի ու Նիդերլանդների, հետագայում՝ Բրազիլիայի ու Ավստրալիայի ֆիրմաները։ Սև մետաղների շուկայում կոնյունկտուրայի վատացումը պատճառ դարձավ 1967 թվականին «Թուջի և պողպատի միջազգային ինստիտուտի» (ԹՊՄԻ) ստեղծման համար, որը կարտելի տիպի համաձայնություն է։ Պաշտոնական նպատակն է կապիտալիստական տարբեր երկրների պողպատ արդյունաբերողների միջև կապի ամրապնդումը, ինֆորմացիայի փոխանակությունը։ Բացի ընդհանուր կարտելներից կան նաև գլանվածքի առանձին տեսակների կարտելներ՝ խողովակի (գործել է 1920-ական թվականներից մինչև 1935 թվականը, 1950 թվականից՝ որպես «ջենտլմենական» համաձայնություն), ռելսերի (կազմակերպվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո), սպիտակ թիթեղի (մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը կար նման մի քանի կարտել, հետագայում կազմակերպվել է «ակումբի» ձևով) են։

Նավթի կարտել խմբագրել

Միավորում է ԱՄՆ-ի «Էքսսոն» («Exxon»), «Սթանդարդ օյլ քամփընի օֆ Քալիֆոռնիը» («Standard Oil Company of California»), «Մոբայլ օյլ» («Mobil Oil»), «Գալֆ օյլ» («Geulf Oil»), «Թեքսաքո» («Texaco»), Մեծ Բրիտանիայի «Բրիթիշ փեթրոլիըմ» («British Petroleum»), անգլո-հոլանդական «ՌոյալԴաչ-Շելլ» («Royal Dutch-Shell») նավթի 7 խոշոր տրեստները, որոնց հետ մի շարք դեպքերում սերտորեն համագործակցում է ֆրանսիական «Կոմպանի Ֆրանսեզ դե պեթրոլ» («Compagnie Frangaise des petroles») մոնոպոլիան։ Կարտելը ձևավորվել է 1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների սկիզբը և իր գործունեությունը տարածել կապիտալիստական բոլոր երկրներում ու նավթային տնտեսության բնագավառներում։ Կարտելի մեջ մտնող ԱՄՆ-ի նավթի մոնոպոլիաները ամերիկյան, իսկ «Ռոյալ դաչ-Շելլ»-ը՝ անգլո-հոլանդական մասնավոր կապիտալի սեփականությունն են։ «Բրիթիշ փեթրոլիըմ»-ի բաժնետոմսերի 49%֊ը պատկանում է պետությանը։ Այդպիսով, նավթի կարտելը մասնավոր և պետական մոնոպոլիստական կապիտալի միավորում է, որը մասնակից-երկրների կառավարությունների ուղղակի աջակցությամբ հատկապես ագրեսիվ քաղաքականություն է վարում զարգացող նավթարդյունահանող երկրների նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարտելի անդամների և աութսայդեր-մոնոպոլիաների միջև մրցապայքարի սրման, նավթի և նավթամթերքների հիմնական սպառող արդյունաբերական զարգացած երկրներում պետական-մոնոպոլիստական միավորումների ուժեղացման, զարգացող երկրներում հակաիմպերիալիստական շարժման ծավալման և այլ պատճառներով կապիտալիստական ու զարգացող երկրների նավթային տնտեսության մեջ կարտելի բաժինը փոքրացել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578