Սևափոր դռլոն
Սևափոր դռլոն | |
Սևափոր դռլոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Pterocliformes |
Ընտանիք | Դռլոններ (Pteroclidae) |
Ցեղ | Pterocles |
Տեսակ | Սևափոր դռլոն (P. orientalis) |
Միջազգային անվանում | |
Pterocles orientalis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Սևափոր դռլոն (լատին․՝ Pterocles orientalis), դռլոնների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարարությունը 33-35 սմ է, թևերի բացվածքը՝ 70-73 սմ, կենդանի զանգվածը՝ 410-550 գ։ Փորին կա մեծ, սև հատված։ Պոչը կարճ է՝ նուրբ ծայրով։ Արուի մարմինը վերևից դարչնադեղնավուն է՝ մոխրագույն պտերով։ Գլուխը և վիզը մոխրագույն են, կզակը՝ սև, վզի վերին մասում կա դարչնանարնջագույն բիծ։ Կրծքի լայն, բաց գույնի շերտի վերևում ընդգծվում է սև, նեղ զոլ։ Էգի մարմինը վերևից և կուրծքը դարչնադեղնավուն են՝ խայտավոր, սև, մանր նախշերով։
Կենսակերպ
խմբագրելԹռիչքը բավական դանդաղ է, հզոր։ Գետնից պոկվում է նկատելի դանդաղ։ Արշալույսին և մայրամուտին սևավոր դռլոները խմբերով թռչում են դեպի ջրերը։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում (մինչև 1700 մ բարձրություններում)՝ ջրին մոտ։
Սննդառություն
խմբագրելՍնվում է սերմերով, դալար կանաչ խոտաբույսերով, միջատներով։
Բնադրում
խմբագրելԳարնանային վերադարձը ապրիլին է։ Հարսանեկան խաղերի ժամանակ արուն, ճիչեր արձակելով, հետապնդում է թռչող էգին կամ գետնին պտույտ գալիս նրա շուրջը։ Բույնը ոչ խորը փոսիկ է, ցամքարը՝ բույսերի չոր մանր ճյուղերից։ Բնադրում է գետնին։ Դնում է 45 մմ տրամագծով, խամրած կանաչ, բաց դարչնագույն գծիկներով 3 ձու։ Թխսակալում են էգն ու արուն՝ 30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, հուլիս-օգոստոսին ձեռք են բերում անկաշկանդ թռչելու ունակություն։ Աշնանային չուն հոկտեմբեր-նոյեմբերին է։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Իբերիական թերակղզուց, Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից դեպի արևելք` մինչև Իրան-Թուրքի սահմանը։ Հայաստանում հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի կիսաանապատներում[1]։
Պահպանություն
խմբագրելՍակավաթիվ, խոցելի տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։
Սևափոր դռլոնի թվաքանակի վրա բացասականորեն կարող է ազդել անասունների գերարածեցումը, ձվադրման շրջանում վայրի բույսեր հավաքողների և հովիվների շների կողմից անհանգստացնելը, ինչպես նաև՝ ապօրինի որսը։
Ապրելավայրերի մի մասը գտնվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևափոր դռլոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևափոր դռլոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |