HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրինգ (այլ կիրառումներ)

Սրինգ, բերդ Մեծ Հայքի Կորճայք նահանգի Մոթողանք գավառում, Ճահուկ գավառի հյուսիսարևելյան սահմանագլխին, հետագա Սրինգ գյուղի մոտ, բլրի գագաթին։

Հիմնադրվել է Արտաշեսյանների ժամանակներում (հիշատակվում է մ․ թ․ ա․ 2-րդ դարի դեպքերի կապակցությամբ)։ Միջին դարերում այն վերակառուցել և իրենց հարավային կարևոր ռազմակայանն են դարձրել Վասպուրականի Արծրունիները։ Սրինգը առանձնահատուկ նշանակություն է ունեցել արաբական բռնակալների դեմ 9-րդ դ․ հայերի ազատագրական կռիվների ժամանակ։ 851—852 թվականներին, երբ արաբ ոստիկան Բուղայի զորքերը ներխուժել են նաև Վասպուրական, գահերեց իշխան Աշոտ Արծրունին, Սրնգի պաշտպանությունը հանձնարարելով բերդապահներին, ինքն ամրացել է Նկան բերդում։ Թշնամին Սրինգը գրավել է երկարատև ու համառ մարտերից հետո, հազարավոր զոհերի գնով։

Սրինգը արաբ նվաճողներից վերջնականապես ազատագրել է Ապուպելճի որդի Գուրգեն Արծրունին (հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու աջակցությամբ)։ Սրինգը հիշատակվում է նաև Վասպուրականի գահերեց իշխան (908 թվականից՝ Վասպուրականի թագավոր) Գագիկ Արծրունու բերդերի թվում։

Հետագա աղբյուրներում Սրինգի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Հավանաբար ավերվել է սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակ (12-րդ դարի 2-րդ կեսին)։

ԳրականությունԽմբագրել

  • Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Երևան 1978
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։