Սրբապղծություն, կրոնական սրբությունների՝ կրոնական տեսանկյունից պղծում, աստվածանարգություն։ Սրբապղծություն կարող են համարվել հայհոյանքներն ու անարգանքները աստծո, սրբերի, սրբավայրերի, կրոնավորների, մասունքների և սրբազան այլ իրերի հանդեպ, այնպես էլ տաճարական գույքի (սրբազան գրքեր, սրբապատկերներ, անոթներ, մոմակալներ, մոմեր, խաչեր, փող և այլն) գողությունը։

Կոնստանտին Մակովսկի - «Բուլղարացի նահատակուհիները» (1877, Բելառուսի Հանրապետության Ազգային արվեստի թանգարան)

Դեռևս հնագույն կրոններում Սրբապղծությունը խստորեն դատապարտվել է, և ըստ հանցանքի ծանրության՝ սահմանվել են համապատասխան պատիժներ։ Աստիճանաբար սրբապղծություն են համարվել նաև աշխարհիկ կյանքում կատարվող մի շարք հանցանքներ ու արարքներ (հայրենադավություն, գողություն, ավազակություն, սպանություն, ծնողուրացություն, ազգականների միջև կենակցություն և այլն)։ Փոխաբերական իմաստով սրբապղծություն նշանակում է հանուրի պաշտամունքին արժանացած որևէ բանի անարգություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։