Ստուգաբանական բառարան
Ստուգաբանական բառարան, լեզվաբանական[1] բառարան, որում տրվում է բառի (ձևույթի) ստուգաբանությունը, ծագումը (սովորաբար ներկայացվում է նաև բառի պատմական փոփոխությունները, ցեղակից լեզուների հետ ունեցած համապատասխանությունները)։ Ստուգաբանական բառարանը կազմվում է մեկ լեզվի, ցեղակից լեզուների կամ լեզվաընտանիքի որևէ ճյուղի համար։ Եթե բառացանկում ընդգրկվում են միայն արմատները, արմատական բառերը, ապա այն կարող է կոչվել նաև արմատական բառարան։
Հայերենի ստուգաբանական բառարաններ
խմբագրելՀայերենի համար ստուգաբանական բառարան կազմելու փորձեր արվել են դեռևս 19-րդ դարում, մանավանդ երբ սկսեց զարգանալ համեմատական լեզվաբանությունը։ Առաջին շատ թե քիչ լուրջ գործը Պոլ դը Լագարդի «Հայկական ուսումնասիրություններ»[2] աշխատությունն է, որում տրված է շուրջ 2413 բառի ստուգաբանություն։ Անդրադառնալով այս խնդրին՝ Հ. Հյուբշմանը հավաստի է համարում շուրջ 1971 ստուգաբանություն[3]։
Հայերենագիտության այս բնագավառի ամենախոշոր գործը Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանն» է (առաջին հրատարակություն՝ 1-7, Երևան, 1926-1935, երկրորդ հրատ.` 1-4, Երևան, 1971-1979)։ Բառացանկն ընդգրկում է հայոց լեզվի բոլոր արմատները` շուրջ 11 հազար։ Դրանցից 2221-ը անվավեր են համարվել, մնացած 8775-ից ստուգաբանված է 5095-ը (1604 արմատի ստուգաբանությունն առաջարկել է Աճառյանը)։ Հեղինակի նկատումով՝ հնդեվրոպականի համար վերականգնված 2223 արմատներից 927-ը պահպանված է հայերենում։ Արմատներից 4015-ը համարված է փոխառյալ, 155-ը բնաձայնական է, իսկ 3680-ը չի ստուգաբանվել։
Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝
- Բառագիտություն։ Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն։
- Ստուգաբանություն։ Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)` համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով։
- Ստուգաբանությունների պատմություն։ Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները։ Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի։
- Բարբառագիտություն։ Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում` ցուցադրելով դրա հնչյունական, իմաստաբանական, բառակազմական զարգացումները, փոփոխությունները։ Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից։
- Փոխառություն հայերենից։ Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա։
Աղբյուրներ
խմբագրել- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Камчатнов А. М., Николина Н. А. Введение в языкознание: учебное пособие. — 10-е изд., стереотип.. — М.: ФЛИНТА; Наука, 2011. — С. 89. — 232 с. — ISBN 978-5-89349-149-4 (ФЛИНТА), ISBN 978-5-02-011720-4 (Наука)
- ↑ Paul de Lagarde, Armenische Studien. Göttingen: Dieterich, 1877
- ↑ H. Hübschmann, Armenische Grammatik. 1. Theil: Armenische Etymologie. Leipzig: Breitkopf & Härtel, 1897
Գրականություն
խմբագրել- B. A. Olsen, The noun in Biblical Armenian: origin and word formation – with special emphasis on the Indo European heritage. Berlin, New York: Mouton de Gruyter. (Trends in linguistics. Studies and monographs; 119), 1999.
- Աճառյան Հ. Հ., Հայերեն արմատական բառարան. 7 հտ. — Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1926—1935:
- Աճառյան Հ. Հ., Հայերեն արմատական բառարան. 4 հտ. — 2-րդ հրատ. — Երևան։ Երևանի համալս. հրատ., 1971—1979. — (Հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար)
- Martirosyan Hrach K. Etymological Dictionary of the Armenian Inherited Lexicon. — Leiden: Brill, 2009. — xvi, 988 p. — (Leiden Indo-European etymological dictionary series. vol. 8). — ISBN 9789004173378
- Ջահուկյան Գ. Բ., Հայերեն ստուգաբանական բառարան. — Երևան։ «Ասողիկ» հրատարակչություն, 2010. — 820 էջ։ — ISBN 9939501218, ISBN 9789939501215