Ստեփան Ստեփանյան (քաղաքական մեկնաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Սմբատի Ստեփանյան (նոյեմբերի 20, 1927(1927-11-20), Արթիկ - հունիսի 27, 2019(2019-06-27), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980): Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1998):

Ստեփան Ստեփանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1927(1927-11-20)
ԾննդավայրԱրթիկ
Մահացել էհունիսի 27, 2019(2019-06-27) (91 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1950)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1977)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀԱՊՀ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Արթիկ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1950-1976 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ 1965 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան։ Թեկնածուական թեզը նվիրված է եղել ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը։ 1965-1973 թվականներին աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության (1915) հակամարդկային էությունը։ 1975 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով (1980 թվականից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է շուրջ 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով[1]։ Հայերի ցեղասպանության ճանաչման գործում Ստեփանյանի կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995 թվականին ընդունել է «Հայտարարություն 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»։ Երկար տարիներ Երևանի պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտներում աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1994 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ առաջատար գիտական աշխատող, այնուհետև՝ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ։ Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1995 թվականից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ ելույթներ է ունեցել[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1967, 1986)
  • Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալ (1985)
  • Ս. Վավիլովի անվան մեդալ (1987)
  • ՀՀ նախագահի պատվոգիր (1995)
  • Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1998)
  • Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալի (2005)

Երկեր խմբագրել

  • «Հայաստանը իմպերիալիստական Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ», Երևան, «Հայաստան», 1975 թ. 13 մամուլ, ռուսերեն։
  • «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», Երևան, «Հայաստան», 1991 թվական, հատոր առաջին, 25 մամուլ, ռուսերեն։
  • «Թալեաթ փաշայի դատավարությունը», Մոսկվա, «Ֆենիքս», 1992 թ., 15 մամուլ, ռուսերեն։
  • «Հայոց ցեղասպանությունը», համահեղինակ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ազատ Համբարյանի հետ, Երևան, «Գիտություն», 1995 թ., 4.5 մամուլ։
  • «Արմին Վեգները և Էրնստ Վերները Հայոց ցեղասպանության մասին», Երևան, Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն, 1996 թ., 3 մամուլ։
  • «Յոհաննես Լեփսիուսը և Հայաստանը», Երևան, 1998 թ., 3.5 մամուլ։
  • «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. միջազգային ճանաչման, հայերի ցեղասպանության հետևանքների վերացման, արդարացի պահանջատիրության հիմնահարցերը և պատմական դասերը», Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի հրատարակչություն, Երևան, 2005 թ., ռուսերեն, 3.25 մամուլ։
  • «Թալեաթ փաշայի դատավարությունը, Երևան, 2007 թ. ռուսերեն, 18 մամուլ, Ստ. Ստեփանյանի առաջաբանով, ծանոթագրություններով և խմբագրությամբ։

Հոդվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 496։
  2. «Ստեփան Ստեփանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  3. 3,0 3,1 Ստեփան Սմբատի Ստեփանյան, Կենսագրական համառոտ տվյալներ