Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, Արցախում գործող իր տեսակով միակ վերականգնողական կենտրոնը, որը հիմնադրվել է բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ[1]։ Կենտրոնի առաքելությունն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց, ինտեգրել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը։ Կենտրոնն իր տեսակով միակն է տարածաշրջանում, այդ իսկ պատճառով բուժման համար դիմում են տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց տարբեր խմբեր, առանց տարիքային սահմանափակումների։

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
Հղումներ

Պատմություն խմբագրել

Վերականգնողական կենտրոնը բացվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ, 1998 թվականին[2]։ Քանդված շենքը կարճ ժամանակում կարգավորվել և շահագործման է հանձնվել։ 1998-2000 թվականներին այդ շենքը հնարավորինս վերակառուցվել և հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Բաժիններ խմբագրել

1999-2000 թվականներին կազմակերպվել են մեկամյա ինտենստիվ դասընթացներ տասերկու բուժքույրերի հետ, որոնք, ստանալով համապատախան կրթություն, սկսել են աշխատել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ։

2000-2005 թվականներին բուժվողների 70%-ից ավելին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձինք էին, իսկ ներկայումս կենտրոն են հաճախում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած անձինք, անկախ տարիքից և սեռից։ Կենտրոնն ունի 60 աշխատող, որից 25-ը բժշկական մասնագետներ են, ինչպիսիք են` բժիշկ վերականգնողաբան, վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ, բուժքույրեր, սոցիալական աշխատող։ Կենտրոնում ստեղծվել և գործում են արվեստի խմբակներ` կավագործություն, նկարչություն և մաքրամե։ Վերականգնողական կենտրոնում գործում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դասարան, որտեղ կենտրոնի բուժվողները կարող են ստանալ համակարգչային գիտելիքներ և օգտվել համացանցից։ Ինչպես նաև, կենտրոնն ունի գրադարան, որից ևս կարող են օգտվել կենտրոնի բուժվողները։

2005 թվականի սեպտեմբերի 12-ին կենտրոնը վերանվանվեց Քերոլայն Քոքսի անունով։

2006 թվականի հուլիսից կենրոնում գործում է նաև ջրաբուժություն ծառայությունը։

2007 թվականին վերականգնողական կենտրոնում բացվել է «Մանկական առողջության կենտրոն», որտեղ հաճախում են 2-7 տարեկան տարբեր մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ։ Մանկական առողջության կենտրոնի նպատակն է երեխաներին տալ նախադպրոցական կրթություն, զարգացվածություն, ինչպես նաև` վերականգնողական բուժում։ Կենտրոնը նաև նպատակ ունի ֆիզիկական և մտավոր տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին ինտեգրել առողջ հասակակիցների հետ։

 

Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները՝ Բժիշկ-վերականգնողաբանի խորհրդատվություն, ֆիզիկական թերապիա, էրգոթերապիա, բոբաթ-նեյրոզարգացողական թերապիա, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, սոցիալական ծառայություն, ջրաբուժություն, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արվեստի դասընթացներ։ Նշված ծառայություններից օգտվում են կենտրոնում ամբուլատոր, ստացիոնար և ցերեկային ստացոնար բուժում ստացողները։

 

Վերականգնողական կենտրոնում գործում է նաև կրթական բաժանմունք, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես էլ` ԱՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար։ Այժմ կենտրոնն ունի վերականգնողական բաժանմունքներ Հադրութի , Մարտակերտի և Մարտունու շրջանային հիվանդանոցներում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների, վերականգնողական բուժման կարիք ունեցող բնակիչների հետ։ Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է ունեցող 150-ից ավելի ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու և մեր աջակցությունը ստանալու համար։

Վերակագնողական կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ բուժվողների մասնակցությամբ, այցելություն Արցախի պատմամշակութային և հանրային վայրեր, ամառային ճամբարներ Սևանա լճի ափին, և այլն։ 2017թ մայիսի 2-ին վերականգնողական կենտրոնին կից սկսել է գործել ցերեկային խնամքի և բուժման կենտրոն, որի նպատակն է բարելավել աուտիզմ և ՄՈՒԿ ախտորոշում ունեցող երեխաների կյանքի որակը։ Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 60 երեխա։ Կենտրոնի գործունեությունը հովանավորվում է ԱՀ Կառավարության, Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ու Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ-ի կողմից։ Կենտրոնում աշխատում են հետևյալ մասնագետները՝ լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժներ և սոցիալական աշխատող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քերոլայն Քոքսի Անվան Վերականգնողական Կենտրոն ՊՈԱԿ». theladycoxrehabilitationcentre.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին.
  2. «The Lady Cox Rehabilitation Centre, Stepanakert». www.hart-uk.org.

Աղբյուրներ խմբագրել