Սպիտակազգեստ կանայք կամ Դամաս դե բլանկո (իսպ.՝ Damas de Blanco, անգլ.՝ Ladies in White), Ֆիդել Կաստրոյի տոտալիտար ռեժիմի դեմ ուղղված ընդդիմադիր շարժում, որ սկսվել է 2003 թվականին Կուբայում։ Շարժումը կազմակերպել են «Սև գարնան» ռեպրեսիաների ժամանակ ձերբակալված իրավապաշտպանների տիկնայք և այլ կին ազգականները։ Ի նշան այլախոհների ազատազրկման դեմ բողոքի՝ կանայք ամեն կիրակի հագնում են բացառապես սպիտակ զգեստներ (սպիտակն ընտրվել է որպես խաղաղության խորհրդանիշ) և գնում կիրակնօրյա պատարագի, որից հետո լուռ քայլում են Հավանայի կենտրոնական փողոցներով։ Քայլերթեր անցկացվում են նաև Ֆլորիդայում՝ ի պաշտպանություն հացադուլ հայտարարած քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև «Սև գարնան» տարելիցի կապակցությամբ՝ պահանջելով ազատ արձակել այլախոհներին և դադարեցնել քաղաքական հետապնդումները[2]։ Շարժումը 2005 թվականին Եվրոպական խորհրդի կողմից արժանացել է Սախարովի անվան մրցանակի։

Սպիտակազգեստ կանայք
Սպիտակազգեստ կանանց ցույցերը Հավանայում
2012 թվականի ապրիլ
Տեսակuոցիալական խումբ
Երկիր Կուբա
Հիմնադրված2003
ՀիմնադիրԼաուրա Պոլլան
Պարգևներ
Կայքdamasdeblanco.org(իսպ.)

2010 թվականի փետրվարի 23-ին Սպիտակազգեստ կանանց շարժումը հասարակական և միջազգային լայն հնչեղություն ստացավ, երբ քաղաքական բանտարկյալ Սապատան մահացավ 3-ամսյա հացադուլից հետո, որ նա հայտարարել էր ի նշան բռնությունների դեմ բողոքի։ Սա առիթ հանդիսացավ Կուբայում քաղաքական բանտարկյալների նկատմամբ մարդու իրավունքների վիճակի մասին ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների և իրավապաշտպանների լայն քննարկումների[3][4]։ 2010 թվականի մայիսի 4-ին Սպիտակազգեստ կանաց քայլերթին մասնակցեց արքեպիսկոպոս կարդինալ Հայմե Լուկաս Օրտեգա-ու-Ալամինոն[5]։

Սև գարուն խմբագրել

2003 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Կուբայի կառավարությունը ձերբակալեց և մինչև 28 տարվա բանտարկության դատապարտեց ընդհանուր առմամբ 75 իրավապաշտպանների, անկախ լրագրողների և անկախ գրադարանավարների[6][7]։ Նրանք մեղադրվում էին «պետության անկախությունը կամ տարածքային ամբողջականությունը վտանգելու», այդ թվում «անօրինական կազմակերպությունների» պատկանելության՝ Հավանայում Միացյալ Նահանգների շահեր հետապնդող կազմակերպությունից ֆինանսավորվելու, «առևանգման», «ահաբեկչական գործունեություն» ծավալելու և օտարերկրյա լրատվամիջոցների հետ համագործակցելու մեջ[8]։ Այս իրադարձություններն ստացան Սև գարուն անունը։ Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ խախտվել էին Միջազգային իրավունքի ամենատարրական նորմերը, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19 հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուր անձի իրավունքը «ինքնակամ փնտրել, ստանալ և տարածել ցանկացած տեսակի տեղեկություններ ու գաղափարներ, անկախ սահմաններից, բանավոր, գրավոր կամ տպագիր ձևով, արվեստի կամ այլ միջոցներով»[9]։

Ձերբակալություններից երկու շաբաթ անց ձևավորվեց բանտարկյալների հարազատներից կազմված Սպիտակազգեստ կանանց խումբ[10]։ Նրանք Լաուրա Փոլանի[11] գլխավորությամբ կիրակի օրերին սկսեցին հավաքվել Հավանայի սբ. Ռիտա եկեղեցում իրենց հարազատների համար աղոթելու և յուրաքանչյուր պատարագից հետո զանգվածային ծիսական երթով գնալ եկեղեցու կողքի այգի։ Սպիտակ հագուստները հիշեցնում էին Արգենտինայի Պլազա դե Մայոյի մայրերի շարժումը, որոնք նմանատիպ ռազմավարություն էին կիրառել 1970-ական թվականների ռազմական խունտայից հետո իրենց կորած երեխաների մասին տեղեկատվություն ստանալու համար[12]։

Հակաբողոքի ակցիաներ խմբագրել

Կուբայի կառավարությունը քննադատեց քաղաքական բանտարկյալների կանանց՝ որակելով կործանարար ամերիկամետ ահաբեկիչների ասոցիացիա[13][14]։ 2005 թվականի Ծաղկազարդի ժամանակ Կուբայի կանանց իշխանամետ ֆեդերացիան բողոքող 150 կանանց խմբով դուրս եկավ Սպիտակազգեստ կանաց դեմ։

Ժամանակ առ ժամանակ կանանց այդ ամբոխը հարձակվում էր սպիտակազգեստ կանանց վրա վիրավորական բղավոցներով և ոստիկաններին օգնում նրանց ոստիկանական ավտոբուսների մեջ նետել[15]։ Սակայն քանի որ արքեպիսկոպոս կարդինալ Հայմե Լուկաս Օրտեգա-ու-Ալամինոն 2010 թվականին միջամտեց Սպիտակազգեստ կանանց օգտին և մասնակցեց նրանց քայլերթին, նրանց հիմնականում թույլատրվեց բողոքել եկեղեցուց դուրս[16]։

Սախարովի անվան մրցանակ խմբագրել

 
Լաուրա Փոլան (1948-2011)

2005 թվականին Սախարովի անվան մրցանակով համատեղ պարգևատրվել են.

  1. Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը
  2. նիգերացի Մարդու իրավունքների իրավաբան Հաուվա Իբրահիմը
  3. Սպիտակազգեստ կանայք։

Մրցանակը ստանալու համար Սպիտակազգեստ կանանց կազմակերպությունից ընտրվեցին շարժման առաջնորդները՝ Լաուրա Փոլանը, որի ամուսինը՝ Հեկտոր Մասեդան, դատապարտված է 20 տարվա ազատազրկման, Միրիամ Լեյվան, որի ամուսինը՝ Օսկար Էսպինոսա Չիփը, արդեն պայմանականորեն ազատ է արձակվել լուրջ հիվանդության պատճառով, Բերտա Սոլերը, որի ամուսինը՝ Անգել Մոյա Աքոստան, ազատազրկված է 20 տարով, Լոիդա Վալդեսը, որի ամուսինը՝ Ալֆրեդո Ֆելիպե Ֆուենտեսը, դատապարտվել է 26 տարով, և Ջուլիա Նունեզը, որի ամուսինը՝ Ադոլֆո Ֆերնանդես Սաինզը, ազատազրկված է 15 տարով։ Որոշ կանանց թույլ չտվեցին իրենց ամուսիններին այցելել և պատմել այդ մրցանակի մասին, սակայն Լաուրա Փոլանը հայտնել է Wall Street Journal-ին, որ նրանք նույնպես «շատ ուրախ և շատ հպարտ են»[17]։

 
Բերտա Սոլեր, 2013

Կուբայի կառավարությունը Ֆրանսիա մեկնելու ելքի թույլտվություն չտվեց խմբի առաջնորդներին. նրանք Ստրասբուրգում Սախարովի մրցանակի հանձնման 2005 թվականի արարողությանը չմասնակցեցին[18]։ Բերտա Սոլերը կազմակերպության անունից մրցանակը ստացել է 2013 թվականին՝ արտերկիր իր առաջին ուղևորության ժամանակ։ Նա կարողացավ դուրս գալ երկրից, երբ Կուբայի ճամփորդական կանոնակարգերը մեղմացվեցին[19]։

ԱՄՆ կառավարության աջակցություն խմբագրել

Կուբայի կառավարությունը այն կարծիքին է, որ Սպիտակազգեստ կանանց կազմակերպությունը ստեղծվել և ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից երկրի ապակայունացման նպատակով[20], չնայած պարզ չէ ԱՄՆ-ի որոշակի դերակատարումը կազմակերպության աշխատանքներում։ ՎիքիԼիքսը ցույց է տալիս, որ Կուբայում ԱՄՆ Հետաքրքրությունների բաժինը[21] բանտեր այցելելու, տրանսպորտի և այլնի համար ֆինանսավորումներ է խնդրել Սպիտակազգեստ կանանց համար։ Այս տեղեկատվության արտահոսքը կարող էր կազմակերպության հեղինակությունը խարխլել[20]։

Մարդու իրավունքների պաշտպանության համար մրցանակ խմբագրել

2012 թվականին ԱՄՆ կառավարության կողմից խումբը մրցանակ ստացավ մարդու իրավունքների պաշտպանության համար[22]։

2012 թվականի ձերբակալություններ խմբագրել

2012 թվականի մարտի 16-17-ին ձերբակալվեցին Սպիտակազգեստ կանանց շարժան մոտավորապես 70 մասնակից, որոնց թվում էր նաև Բերտա Սոլերը՝ խմբի ներկայիս առաջնորդը։ Նրանցից շատերը ձերբակալվեցին իրենց կիրակնօրյա բողոքի երթի ճանապարհին։ Մարտի 19-ին բոլորն էլ ազատ արձակվեցին առանց մեղանդրանքի առաջադրման, սակայն Կուբայի գաղտնի ոստիկանության կողմից նրանց հրահանգվեց, որ այլևս չմասնակցեն բողոքի ակցիաներին[14]։ ԲիԲիՍի նյուզի հեռուստալրագրողը հայտարարել է, որ Սպիտակազգեստ կանանց նման խմբերը ձգտում են բարձրացնել իրենց հեղինակությունը Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Կուբա կատարելիք այցին ընդառաջ, քանի որ նախատեսվում է Կուբայի կառավարության հետ մարդու իրավունքների հարցեր քննարկել, իսկ կուբայական կոմունիստական կուսակցությունը համապատասխանաբար ձգտում է կանխել բողոքի ակցիաները[14]։

Դեկտեմբերի 9-ին ոստիկանությունը Կուբայում ձերբակալեց մոտ 80 Սպիտակազգեստ կանանց՝ մի քանիսի նկատմամբ բռնություն գործադրելով։ Ընդհանուր առմամբ 100-150 այլախոհներ էլ տնային կալանքի ենթարկվեցին։

2015 թվականի ձերբակալություններ խմբագրել

2015 թվականի փետրվարին կազմակերպության 53 անդամներ ձերբակալվեցին կիրակնօրյա պատարագից հետո Հավանայում կատարած երթի ժամանակ[23]։

2016 թվականի ձերբակալություններ խմբագրել

Մարտի 19-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական այցից մի քանի ժամ առաջ, Կուբայի իշխանությունները ձերբակալեցին Սպիտակակզգեստ կանանց կազմակերպության ավելի քան 50 անդամների իրենց ամենշաբաթյա կիրակնօրյա երթի ժամանակ։ Որոշ անդամներ հավատացել էին, որ Կուբայի իշխանությունները չեն արգելի երթը, քանի որ ներկա են միջազգային լրագրողներ և օտարերկրյա պետության ղեկավար։ Նախքան ձերբակալվելը Սոլերն ասել է հետևյալը.

  Մեզ համար շատ կարևոր է այն, ինչ անում ենք․ այսպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իմանում է, որ այստեղ կան կանայք, որոնք պայքարում են քաղբանտարկյալների ազատության համար։ Եվ նա պետք է իմանա, որ մենք այստեղ ռեպրեսիաների ենք ենթարկվում պարզապես ինքնարտահայտվելու և ոչ բռնի ճանապարհով մեր իրավունքները պաշտպանելու համար[24]
- Բերտա Սոլեր. Սպիտակազգեստ կանայք կազմակերպության նախագահ
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://oslofreedomforum.com/speakers/ladies-in-white
  2. В Гаване «Женщины в белом» требуют освободить диссидентов Пресс-центр «БалтИнфо», 19 марта 2010
  3. Concluye la campaña #OZT: Yo acuso al gobierno cubano publicado el lunes, abril 04, 2011
  4. Cuban prison hunger striker Orlando Zapata Tamayo dies, BBC, 2010 թ. փետրվարի 14
  5. Куба: кардинал принял участие в акции протеста Благовест-Инфо 04.05.2010
  6. Carlos Lauria; Monica Campbell & María Salazar.Cuba's Long Black Spring The Committee To Protect Journalists. 2008 թ. մարտի 18
  7. «Cuba's "Ladies in White"». Human Rights First. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Rule of Law and Cuba from Florida State University Արխիվացված 2006-02-09 Wayback MachineWayback Machine.
  9. Carlos Lauria; Monica Campbell; María Salazar (2008 թ․ մարտի 18). «Cuba's Long Black Spring». The Committee To Protect Journalists.
  10. «Rule of Law and Cuba». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. Laura Pollán 25 Oct 2011. The Daily Telegraph
  12. Պլազա դե Մայոյի մայրերի երթի մասնակիցներից յուրաքանչյուրը կրում էր ցուցանակ իր անհետ կորած կամ ձերբակալված հարազատի լուսանկարով և դատապարտման տարիների թվով։ Նրանք սպիտակ գլխաշորերով էին երթի դուրս գալիս, որոնք ըստ էության նրանց երեխաների խանձարուրներն էին։
  13. (French)Cuba Solidarity Project. Արխիվացված 2008-06-26 Wayback Machine
  14. 14,0 14,1 14,2 Cuba's Ladies in White released after weekend arrest. 2012թ. մարտի 19 ,ԲիԲիՍի
  15. «Cuba arrests Ladies in White».
  16. «Cuba's Ladies in White warned public protests no longer allowed». Miami Herald. 2012 թ․ մարտի 19.
  17. Mary Anastasia O'Grady (2005 թ․ դեկտեմբերի 17). «Ladies in White». The Wall Street Journal.
  18. «Cuban group not allowed collect award». RTÉ News. 2005 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  19. Tamayo, Juan. «Dissidents Say They are Returning to Cuba Reenergized». The Miami Herald. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  20. 20,0 20,1 Bayard de Volo, Lorraine. «Heroines With Friends in High Places: Cuba's Damas de Blanco». NACLA. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  21. ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ խզվել են 1961 թ.: Կուբայի և ԱՄՆ-ի միջև ծովային սահմանի մասին համաձայնագրի կնքումից հետո՝ 1977-2015 թվականներին Կուբայում Շվեյցարիայի դեսպանատան հովանու ներքո ԱՄՆ դեսպանատան շենքում գործել է Կուբայում ԱՄՆ Հետաքրքրությունների բաժին (United States Interests Section in Havana):
  22. Կուբայում «Սպիտակազգեստ կանանց» երթն ավարտվել է ձերբակալություններով, Առաջին.am, 2012-03-19
  23. Dissidents Say as Many as 200 Arrested in Cuba. ABC News. Associated Press. 23 February 2015.
  24. Alan GomezCuba arrests dozens of human rights protesters before Obama's arrival. USA Today.2016 թ. մարտի 20

Արտաքին հղումներ խմբագրել