UBS Group AG, շվեյցարական խոշորագույն ֆինանսական հոլդինգ, որն ամբողջ աշխարհում մատուցում է ֆինանսական տարբեր ծառայություններ[4]։ Բանկի գրանցման վայրը և կենտրոնական գրասենյակը Ցյուրիխում է։

UBS
Տեսակմիջազգային բանկ, ֆինանսական ինստիտուտ և հանրային ընկերություն
Երկիր Շվեյցարիա
Մասն էSwiss Market Index?
ՍեփականատերGIC Private Limited?, BlackRock և Norges Bank?[1]
Հիմնադրված է1854 և 1862[2]
ՏնօրենColm Kelleher?
ՆախորդDeutsche Länderbank?[3]
Պաշտոնական կայք

2011 թվականին G20-ի Ֆինանսական կայունության խորհուրդը (Financial Stability Board) UBS-ն ընդգրկել է աշխարհի 29 կարևոր բանկերի ցանկում, հետևաբար UBS-ը ենթակա է հատուկ հսկողության և պետք է համապատասխանի սեփական կապիտալի ավելի խիստ չափանիշներին[5]։

2014 թվականին UBS AG բանկը վերակազմավորվել է UBS Group AG հոլդինգի, ինչը պայմանավորված էր բանկային համակարգի ճգնաժամերի, կայունության և դիմադրության բարձրացման համար շվեյցարական օրենսդրության նոր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ[6]։ UBS-ի վերակառուցումն ավարտվել է 2016 թվականին[7]։

Պատմություն խմբագրել

1862-1912 խմբագրել

 
Բանկը Վինտերտուրում (1912)

Շվեյցարիայի ամենամեծ բանկի պատմությունը համարվում է 1862 թվականի հունիսի 25-ի սկիզբը, երբ Վինտերտուրում ստեղծվել է բանկը[8]։ Այն հիմնադրվել է երկրի տասներեք առաջատար ընկերությունների կողմից, որոնց թվում էին՝ Sulzer, Rieter, Reinhardt և Volkart ընկերությունները՝ շվեյցարական արդյունաբերության զարգացման ֆինանսավորման նպատակով։ Բանկի սկզբնական կապիտալը կազմել է 5 միլիոն շվեյցարական ֆրանկ։

Վինտերտուրի Բանկը ֆինանսավորում էր տեքստիլ արդյունաբերությունը՝ երկաթուղու կառուցման և Սուրբ Գոթարդի լեռնային զանգվածի միջով նոր երկաթուղային գծի համար լոկոմոտիվներ գնելու համար։ Հետագայում բանկի շրջանակներն ընդլայնվել է, մասնավորապես այդ ժամանակաշրջանում արագ զարգացող ապահովագրական շուկայի ֆինանսավորմամբ։ 1906 թվականին Վինտերտուրում գտնվող Բանկն իր մասնաճյուղը բացել է Ցուրիխում, որն ուղիղ մուտք է ապահովել 1880 թվականին հիմնադրված Ցյուրիխի բորսայում, որը շուտով դարձել է երկրի առաջատար արժեթղթերի շուկան։

1912 թվականին Բանկը Վինտերտուրում միավորվել է Տոգենբուրգի բանկի հետ, որի արդյունքում ստեղծվել է նոր ֆինանսական հաստատություն՝ Շվեյցարական բանկերի միություն՝ Schweizerische Bankgesellschaft (SBG), Union de banques suisses, Unione di Banche Svizzere կամ Շվեյցարիայի Union Bank (UBS): Նախնական բաժնետիրական կապիտալը կազմում էր 35 միլիոն շվեյցարական ֆրանկ։ 1918 թվականին SBG-ի կենտրոնական հաշվապահական բաժինը տեղափոխվել է Ցյուրիխ։

Տարբեր ընկերությունների ձեռքբերման և Առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր մասնաճյուղերի բացման միջոցով SBG-ն իր գործունեությունը տարածել է Շվեյցարիայի բոլոր շրջաններում, ինչպես նաև սկսել է հաջող վարկեր տրամադրել արտերկրում, հատկապես Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում։ 1929-1930 թվականների և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում բանկը գոյատևել է քսանամյակների ընթացքում կուտակված մեծ ֆինանսական պահուստների շնորհիվ։

1854 թվականին Բազելում վեց մասնավոր բանկեր ստորագրել են վարկերի համատեղ համաձայնագիր, իսկ 1872 փվականին հիմնել Basler Bankierverein-ը, որի նպատակը արդյունաբերական և երկաթուղային նախագծերի ֆինանսավորումն էր։ Ցյուրիխի բանկային ասոցիացիայի (1895) և Շվեյցարիայի Սեն Գալենի (1896) շվեյցարական Միավորված բանկի հետ միաձուլումից հետո, ինչպես նաև 1897 թվականին Բազելի դեպոզիտային բանկի ձեռքբերումից հետո անվանվել է «Շվեյցարական բանկային ասոցիացիա» (Schweizerischer Bankverein - SBV):

Վինտերտուրում գտնվող Բանկը և Բազելի բանկատերերի ասոցիացիան մասնակցել են այն ժամանակվա շվեյցարական ամենամեծ նախագծի՝ Գոթարդի լեռնաշղթայով երկաթուղային թունելի կառուցման ֆինանսավորմանը, որը պահանջում էր այն ժամանակվա հսկայական գումարի՝ 227 միլիոն շվեյցարական ֆրանկի ներդրում։ Բացի այդ, SBV Bank-ը կարևոր դեր է ունեցել «Բազել»-ը որպես շվեյցարական քիմիական արդյունաբերության կենտրոն հիմնելու գործում։ 1898 թվականին SBV-ը դարձել է շվեյցարական առաջին բանկը, որը մասնաճյուղ է բացել այն ժամանակաշրջանի առաջատար համաշխարհային ֆինանսական կենտրոնում՝ Լոնդոնում։ 1901 թվականին SBV–ը սկսել է պարբերաբար հրապարակել իր տնտեսական վերլուծության արդյունքները։ SBV-ը ձեռք է բերել d’Espine, Fatio & Cie ընկերությունները։ Բանկն ընդլայնելով իր գործունեությունը Շվեյցարիայում՝ բացել է նոր մասնաճյուղեր՝ 1906 թվականին Ժնևում, 1908 թվականին Fratelli Pasquali բանկը Կյասոյում, ինչպես նաև 1912 թվականին Banque d’escompte et de dépôts-ը՝ Լոզանում։

SBV-ը փորձում էր ընդլայնել իր արտաքին տնտեսական գործունեությունը, մասնավորապես Ռուսաստանում արտահանումը ֆինանսավորելու և Արևելյան Ասիայում երկաթուղային ցանցի զարգացման համար վարկեր տրամադրելու միջոցով։ Բացի այդ, Blake, Boissevain & Co. մասնավոր բանկի ձեռքբերման միջոցով SBV-ը կարողացել է իր դիրքերն ամրապնդել Լոնդոնում, ինչպես նաև ապահովել արժեթղթերի գործարքների մատչելիությունը Հոլանդիայում և ԱՄՆ-ում։ 1912 թվականին SBV-ն իր գործունեությունը տարածել է Միացյալ Նահանգներում, որն այդ ժամանակ համաշխարհային նոր տնտեսական առաջնորդի դերում էր։ 1939 թվակամին Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին SBV մասնաճյուղը։

1913-1945 խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Շվեյցարիան ընդունել է զինված չեզոքության դիրք, երկրի բանկային հատվածի համար լուրջ հետևանքներ չի առաջացրել։ Ավարտից անմիջապես հետո SBV-ին հաջողվել է վերականգնել Լոնդոնում առաջատար արտասահմանյան բանկերից մեկի դերը։ 1920-ականների սկզբին SBV-ի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցում էր 2000-ը, մինչդեռ SBG-ն ուներ 1000 աշխատող։ Այնուամենայնիվ, 1929 թվականին բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել շվեյցարական բանկերի գործունեության վրա։ 1931-1936 թվականների ընթացքում SBG-ի անձնակազմի քառորդ մասը կրճատվել է։

1930-1935 թվականներին SBG-ի ընդհանուր հաշվեկշռային արժեքը 1 միլիարդ շվեյցարական ֆրանկից նվազել է մինչև 441 միլիոն, իսկ SBV-ը՝ 1,6 միլիարդից մինչև 1 միլիարդ։ 1935 թվական շվեյցարական բանկային առաջին օրենսդրության ուժի մեջ մտնելն էական ազդեցություն է ունեցել շվեյցարական բանկերի գործունեության վրա, մասնավորապես «Բանկային գաղտնիքի մասին» 47-րդ հոդվածը։ 1938 թվականին SBV-ը դարձել է շվեյցարական առաջին անշարժ գույքի հիմնադրամի՝ Swissimmobil Serie D-ի հիմնադիրներից մեկը։ Նույն թվականին SBG-ը հիմնադրել է Ցյուրիխում գործող Intrag ընկերությունը, որի ուշադրության կենտրոնում էր ներդրումների վստահության կառավարումը։ 1945 թվականին գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Ցյուրիխ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտաքին տնտեսական գործունեության ծավալը նվազել է և Գերմանիան դարձել է երկու բանկերի համար կարևորագույն ֆինանսական շուկա։

1945-1997 խմբագրել

1945 թվականին SBG և SBV ընկերությունները ձեռք են բերել մի քանի մրցակից ֆինանսական հաստատություններ, որոնք զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը։ Eidgenössische Bank-ի (EIBA) ձեռքբերումը հանգեցրել է SBG-ի մինչև 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ ակտիվների ավելացմանը, իսկ «Բասլեր Հանդելսբանկ»-ի գնումը թույլ է տվել ավելացնել SBV բանկային ակտիվները մինչև 2 միլիարդ շվեյցարական ֆրանկ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում սկսել է արագ տնտեսական աճի շրջան, ինչը հզոր խթան էր այս շուկաներում երկու բանկերի հաջող զարգացման համար՝ մինչև 1970-ականների անկումը։

1967 թվականին SBG-ը միավորվել է շվեյցարական Interhandel ֆինանսական և արդյունաբերական հոլդինգի հետ, ինչը SBG-ին թույլ է տվել դառնալ Շվեյցարիայի խոշորագույն բանկը, որի ֆինանսական շուկան այդ ժամանակ համարվում էր աշխարհում իր մեծությամբ երրորդը։ Նույն թվականին SBG-ն առաջինն էր մայրցամաքային Եվրոպայում, որը օգտագործում էր բանկոմատներ։ Այնուամենայնիվ, մինչև 1960-ականների վերջը SBV-ը ու SBG-ը բացառապես առևտրային բանկեր էին՝ իրենց հաճախորդներին չառաջարկելով հիփոթեքային վարկեր և խնայողական հաշիվներ։

1970-ականների սկզբին SBV և SBG մասնաճյուղերն արդեն գոյություն ունեին բոլոր մայրցամաքներում՝ Ավստրալիայից (Սիդնեյ, Մելբուրն) մինչև Արևելք և հարավարևելյան Ասիա (Տոկիո, Հոնկոնգ, Սինգապուր), ինչպես նաև Աֆրիկայում՝ Հարավային Աֆրիկա (Յոհաննեսբուրգ) և Հյուսիսային ու Հարավային Ամերիկա (Մոնրեալ, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Մեխիկո, Կարակաս, Բոգոտա, Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու, Բուենոս Այրես)։ 1975 թվականին Նյու Յորքում բացվել է SBG-ի մասնաճյուղ։ 1970-ականների վերջին Շվեյցարիայում SBV-ի մասնաճյուղերի թիվն հասել է մինչև 110-ի, իսկ SBG-ը՝ 159-ի։

1980-ականների վերջին բռնկված անշարժ գույքի ճգնաժամը զգալի վնաս է պատճառել շվեյցարական բանկերին։ 1990-ականներին միջազգային մակարդակով բարձրացել է այսպես կոչված «հրեական հաշիվների» հարցը. նացիստական հետապնդումների արդյունքում հրեական ծագում ունեցող իրենց տերերի մահից հետո բանկային հաշիվներում մնացած գումարը։ 1998 թվականին շվեյցարական բանկերի վրա գործադրված միջազգային ճնշումը UBS-ին ստիպել է վճարել 1,25 միլիարդ դոլար հաշվետերերի և նրանց ժառանգների համար։ Այս գումարը բաշխվել է կոնկրետ անձանց և գործը պաշտոնապես փակվել է[9]։ Այս իրադարձությունների հետևանքը և դրանց հետ կապված քննարկումները միջազգային ճնշման ուժեղացման պատճառով էր, որոնք ուղղված էին բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացմանը։

Սկսած 1997 թվականից խմբագրել

 
UBS-ի գրասենյակը Ցյուրիխում

1997 թվականի վերջին SBV-ը և SBG-ը հայտարարել են միավորվելու փոխադարձ համաձայնության մասին[10]։ SBV-ի Վարչական խորհրդի Նախագահ Ժ. Բլյումը որոշումը հիմնավորել է այսպես. «Միջազգային մակարդակում երկու բանկերից ոչ մեկը չունի բավարար ռեսուրսներ՝ արտասահմանյան, մասնավորապես ամերիկյան մրցակիցների հետ հավասար պայմաններով մրցակցելու համար։ Բացի այդ, շվեյցարական շուկան հագեցված է, իսկ նրա եկամտաբերությունը սահմանափակ է»։

Բանկերի պաշտոնական միացումը տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 29-ին և միավորման արդյունքում առաջացած բանկը հայտնի է դարձել UBS անունով։ «UBS»-ը նախորդ բանկի (Շվեյցարիայի Union Bank) հապավումն է։ SBV-ի և SBG-ի միաձուլման հետևանքով աշխատողների ընդհանուր թիվը նվազել է[11]։

1995 թվականին SBG-ն 860 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել Լոնդոնում գործող S.G. Warburg & Co բանկը, իսկ 2000 թվականին UBS-ը 11,5 միլիարդ դոլարով ձեռք է բերել ԱՄՆ-ում գտնվող Paine Webber բրոքերային ընկերությունը, ինչն ավելի է ամրապնդել դիրքերն ԱՄՆ շուկայում։ Այնուամենայնիվ, 2002 թվականին UBS-ը որոշել է հրաժարվել երկու ապրանքանիշերից և ստեղծել մեկ բրենդային բանկ, որն ամբողջ աշխարհում առաջարկում է ֆինանսական ծառայություններ[12]։

2006 թվականին UBS-ը 2,5 միլիարդ դոլարով ձեռք է բերել բրազիլական Banco Pactual SA ներդրումային բանկը՝ արագ զարգացող բրազիլական շուկայում դիրքն ամրապնդելու համար, այն Pain Webber-ի ձեռքբերումից հետո դարձել է երկրորդ խոշոր գործարքը[13]։

Այդ տարվա սեպտեմբերին UBS-ը հայտարարել է մինչև 793 միլիոն շվեյցարական ֆրանկի վնասի մասին։ Դրանք առաջացել են ԱՄՆ-ի երկարաժամկետ կապիտալի կառավարման (LTCM) ֆոնդի փլուզման պատճառով, որը սպառնում էր նաև մի շարք խոշոր միջազգային բանկերի[14]։ Այս ձախողումը հանգեցրել է UBS-ի ղեկավարության մի մասի հրաժարականին։ Նոր բանկն իր ստացած առաջին եկամուտը ներկայացրել է 1999 թվականին[15]։

2012 թվականին UBS-ը տուգանվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում գտնվող ֆինանսական վերահսկողների կողմից՝ 1,4 միլիարդ շվեյցարական ֆրանկի համար LIBOR միջբանկային վարկավորման տոկոսադրույքի խարդախության համար[16]։

Ֆինանսական ցուցանիշներ խմբագրել

2018 թվականի արդյունքներով ընդհանուր ակտիվները կազմել են 958,489 միլիարդ շվեյցարական ֆրանկ, սեփական կապիտալը՝ 52,928 միլիարդ շվեյցարական ֆրանկ, բաժնետոմսերի շուկայական արժեքը՝ 45,907 միլիարդ շվեյցարական ֆրանկ, զուտ շահույթը՝ 4,516 միլիարդ շվեյցարական ֆրանկ[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ubs.com/global/en/about_ubs/investor_relations/share_information/significant.html
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. 20th Century Press Archives — 1908.
  4. Банки мира: UBS проверено 26 января 2015 г.
  5. Участники саммита договорились усилить стабильность мировых валют Проверено 27 января 2015.
  6. Швейцарский банк UBS преобразуют в холдинг Швейцария Деловая, 30 сентября 2014
  7. Повышение устойчивости банковской системы Швейцарии Швейцария Деловая, 26 августа 2013
  8. С днём рождения, UBS! Наша газета, 25 июня 2012
  9. Деньги жертвам Холокоста: подводя итоги Swiss-ru, 3 сентября 2013
  10. UBS Банки мира
  11. «"Corporate FAQ"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է Apr 20 2007-ին.(անգլ.)
  12. UBS — единый бренд. Швейцарский банк откажется от доставшихся в наследство названий PaineWebber и Warburg Արխիվացված 2015-02-22 Wayback Machine 13 ноября 2002 года
  13. Крупнейший банк Швейцарии UBS купил бразильский инвестбанк Banco Pactual expert.ru, 11 мая 2006 года
  14. UBS writes down $10 bln, Singapore injects capital Mon Dec 10, 2007(անգլ.)
  15. Крупнейший банк Европы потерял рекордную сумму на ипотечном кризисе Արխիվացված 2018-04-03 Wayback Machine 2000.ua, 10 декабря 2007
  16. «UBS оштрафован на рекордные $1,5 млрд за манипулирование LIBOR». Форбс. 19 декабря 2012 года.
  17. Швейцарские банки разрабатывают блокчейн swissinfo, 28 июля 2017 года

Արտաքին հղումներ խմբագրել