Gipsy Kings

ֆրանսիական երաժշտական խումբ

Ջիփսի Քինգզ (անգլ.՝ Gipsy Kings), ֆլամենկո ոճի երաժշտական խումբ։ Խմբի անվանումն արտահայտում է հիմնադիրների՝ Ռեյես դինաստիայի գնչուների ազգությունը և ազգանունը։ Ռեյես ազգանունը թարգմանաբար նշանակում է «արքաներ»։

Gipsy Kings
Gipsy Kings.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGipsy Kings
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԺանրերՌումբա-Ֆլամենկո
Գործունեություն1978 թվական– (մինչ օրս)
ԼեյբլElektra Records, Columbia Records և Nonesuch Records
Կայքwww.GipsyKings.com
Անդամներ
 Gipsy Kings (musical group) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1970-ական թվականների վերջերին Ֆրանսիայի հարավի Առլ քաղաքում ֆլամենկոյի հայտնի կատարող Խոսե Ռեյեսն իր երկու որդիների՝ Նիկոլա (Նիկոլաս) և Անդրե Ռեյեսների և աներորդու՝ Չիկո Բուչիկխիի հետ ստեղծել են երաժշտական խումբ։ 1979 թվականին խումբը ստացել է «Los Reyes» (իսպաներենից բառացի թարգմանությամբ՝ «արքաներ») անվանումը և որոշ ժամանակ ելույթ են ունեցել տեղական բեմերում։ Երկրպագուները հավանել են իսպանական կիթառի ռոմանտիկ և կրակոտ ոճը։ Խոսե Ռեյեսի մահից հետո խումբը համալրել է վիրտուոզ կիթառահար Թոնի Բալյարդոն իր եղբայրների՝ Մորիս և Պակո Բալյարդոների հետ միասին։ Շուտով խումբն ավելի է ընդլայնվել՝ Պաբլո և Պաչայ Ռեյեսների շնորհիվ, ովքեր եկել էին փոխարինելու Բուչիկխիին։ Բուչիկխին տեղափոխվել էր «Chico & the Gipsy» նոր խումբ։ «Los Reyes»-ը, հաջողություններից ոգևորված, թողարկել է երկու ալբոմներ, որոնք ուշադրության չեն արժանացել, և խումբը սկսել է ելույթներ ունենալ էստրադային ոճում։ Նրանք հաջողությամբ հանդես են եկել քաղաքային խնջույքներում, հարսանիքներում, բարերում և ուղղակի հասարակության համար։ Այդ ժամանակ խումբն անվանափոխվել է «Gipsy Kings» անվամբ, որն անգլերենից թարգմանվում է «գնչու բարոններ»[1]։ Եղբայրները հավատարիմ են մնացել գնչուական ֆլամենկոյին և խմբի բոլոր անդամների կիթառների վիրտուոզ կատարումներին, հատկապես երկու աստղերի՝ Թոնի Բալյարդոյի կիթառի հնչյուններին և Նիկոլա Ռեյեսի ձայնին։ Դեռևս այն ժամանակ«Gipsy Kings»-ի արվեստն առանձնահատուկ էր գործիքների բազմազանությամբ, ռիթմիկ և գեղեցիկ երաժշտությամբ։

1986 թվականին ճակատագրի բերումով «Gipsy Kings»-ը հանդիպել է պրոդյուսեր Կլոդ Մարտինեսին, և խմբի ստեղծագործական կյանքը նոր ընթացք է ստացել։ Պրոդյուսեր Մարտինեսի ջանքերի շնորհիվ՝ խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։

«Gipsy Kings»-ի ստեղծագործության ակունքներում գնչուական Կալե տոհմի ավանդական երաժշտությունն է, որն արդիականացրել էին խմբի տաղանդավոր երգիչները և կիթառահարները։ Խումբը բարձր գնահատանքի է արժանացել իր արտահայտիչ, կրակոտ երգերի և կիթառի աշխարհահռչակ բարձրավեստ նվագակցության համար։ Նրանց կատարողական ոճը դարձել էր առավել հետաքրքիր, ի հայտ էին եկել ռիթմիկ կոմպոզիցիաներ, փոփ երաժշտության տարրեր, լատինաամերիկյան մեղեդիներ։ Երկրպագուներին գրավել են կիթառի նվագակցությամբ հնչող երգերը, որոնք համեմված էին լատինաամերիկյան ջազի և սամբայի հնչյուններով, ռոմանտիկ շեշտադրությամբ, աֆրիկական մեղեդիներով և նույնիսկ արաբական մոտիվներով։

«Gipsy Kings»-ի երգացանկի առավել հայտնի հիթային երգերից երկուսը`Djobi Djoba-ն և Bamboleo-ն, թողարկվել են 1987 թվականին, ինչին հաջորդել է պայմանագիրը Sony Music Group-ի հետ. առաջին ալբոմը կրել է խմբի անունը՝ «Gipsy Kings»: Ալբոմը, խմբին մեծ հռչակ և հաջողություն պարգևելով, ընդգրկվել է եվրոպական տասներկու երկրների հիթ շքերթներում, իսկ Անգլիայում 40 շաբաթների ընթացքում մնացել է երաժշտական ալբոմների վաճառքների հիթ-շքերթում։

1980-ական թվականների վերջերին «Gipsy Kings»-ը ներկայացել է Նոր աշխարհին։ Նյու Յորքն առաջին քաղաքն էր ԱՄՆ-ում, որտեղ խումբը մեծ հաջողություններ է ունեցել և հռչակվել է ողջ մայրցամաքում։ Խմբի համաշխարհային ճանաչումն անխուսափելի էր։ 1989 թվականին «Gipsy Kings»-ը հրավիրվել էին Ջորջ Բուշ ավագի երդմնակալության առթիվ կազմակերպված տոնակատարությանը, սակայն երաժիշտները հրավերքն ընդունելու փոխարեն վերադարձել են տուն։ Մեկ տարի անց նրանք ելույթ են ունեցել Լոնդոնի «Ալբերտ թագավորական սրահում»։

«Gipsy Kings»-ի առավել հայտնի հիթերից են «Inspiration» («Ներշնչանք»), «Magia Del Ritmo» («Ռիթմի մոգություն»), «Allegria», «Caminando Por La Calle» («Զբոսանք փողոցով»), «Salsa de Noche» («Գիշերային սալսա»), «Mosaique» («Խճանկար»), «Volare», «Pharaon» («Փարավոն») և այլ կատարումներ։ «Gipsy Kings»-ի երգերը իսպաներենի, կատալաներենի և պրովանսական բարբառի համադրություն են[2]։ Ավելի ուշ «Gipsy Kings»-ն իր ուժերը փորձել է ռումբա, սալսա և սամբա, սոուլ և R՛n′B ոճերում։ Ունկնդիրների համար չափազանց էկզոտիկ և գրավիչ ռումբա-ֆլամենկո ոճը ձևավորվելել է հիմնականում «Gipsy Kings»-ի արվեստի ազդեցությամբ, իսկ Իսպանիայում նրանց երաժշտական ոճը երբեմն համարել են «սևիլյանա» (Սևիլյա քաղաքի անունով)։

«Gipsy Kings»-ը հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում և այլ երկրներում։ 1995 թվականի փետրվարի 5-ին և 2003 թվականի փետրվարի 18-ին և 19-ին խումբը համերգներ է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում, իսկ 2012 սեպտեմբերի 21-ին Սոչիում խումբը մասնակցել է Միջազգային ներդրումային XI ֆորումի շրջանակներում կազմակերպված համերգին։ 2011 թվականին Յուրմալայում խումբը ելույթ է ունեցել Comedy Club-ի 11-րդ փառատոնի բացմանը։

Խմբի կազմ խմբագրել

  • Նիկոլա (Նիկոլաս) Ռեյես (Nicolas Reyes)՝ հիմնական վոկալ
  • Պաբլո Ռեյես (Pablo Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
  • Կանու Ռեյես (Canut Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
  • Պաչայ Ռեյես (Patchai Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
  • Անդրե Ռեյես (Andre Reyes)՝ կիթառ, վոկալ
  • Թոնի Բալյարդո (Tonino Baliardo)՝ հիմնական կիթառ
  • Դիեգո Բալյարդո (Diego Baliardo)՝ կիթառ
  • Պակո Բալյարդո (Paco Baliardo)՝ կիթառ
  • Չիկո Բուչիկխի (Chico Bouchikhi)՝ կիթառ (հեռացել է Mosaique ալբոմից հետո)
  • Դոմինիկ Դրուան (Dominique Droin)՝ ստեղնաշարային գործիքներ
  • Խավիեր Պադիլիա (Xavier Padilla)՝ բաս-կիթառ

Պատկերասրահ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Հավաքածուներ և բանաքաղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gipsy Kings» հոդվածին։