Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս (գերմ.՝ Friedrich Carl Andreas, ապրիլի 14, 1846(1846-04-14)[1], Բատավիա, Հոլանդական Օստ Ինդիա - հոկտեմբերի 3, 1930(1930-10-03) կամ հոկտեմբերի 4, 1930(1930-10-04)[2], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]), արևելագետ, իրանագետ, բանասիրության և արևելյան լեզվագիտության հայազգի գիտնական։

Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս
Friedrich Carl Andreas
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1846(1846-04-14)[1]
ԾննդավայրԲատավիա, Հոլանդական Օստ Ինդիա
Մահացել էհոկտեմբերի 3, 1930(1930-10-03) (84 տարեկան) կամ հոկտեմբերի 4, 1930(1930-10-04)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԳյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Մասնագիտությունարևելագետ, լեզվաբան, համալսարանի դասախոս և համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան և HU Berlin
ԱմուսինԼու Անդրեաս-Սալոմե
ԱնդամությունԳյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Friedrich Carl Andreas Վիքիպահեստում

Հին հայկական արքայական Բագրատունի տոհմի ներկայացուցիչ։

Կենսագրություն խմբագրել

Ծագումնաբանություն խմբագրել

Նախքան Գյոթինգեն տեղափոխվելը նրա կենսագրությունը «բաղկացած է մի շարք դրվագներից» և ոչ բոլոր դեպքերում «հավաստի աղբյուրներից»[3]։

Աղբյուրները միահամուռ են այն տեսակետում, որ Անդրեասը հայազգի էր. դա են պնդում ինչպես գերմանական հանրագիտական հրապարակումները, նրա երբեմնի ուսանողները, այնպես էլ կնոջ՝ ծագումով հրեա, գերմանացի գրող, հոգեվերլուծաբանական դպրոցի ներկայացուցիչ, գերմանացի փիլիսոփա Նիցշեի և ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի գործընկեր Լու Անդրեաս-Սալոմեի (1861–1937) կենսագիրները[4]։

Անդրեասը, ի սկզբանե՝ Բագրատյան, ծնվել է 1846 թվականի ապրիլի 14-ին նիդեռլանդական Հնդկաստանում՝ Բաթավիայում (այժմ՝ Ինդոնեզիա, Ջակարտա)՝ ռազմական բժիշկ Բագրատյանի ընտանիքում։ Մայրը՝ տիկին Վայցը, գերմանական և մալազիական ծագում ուներ[5]։

Իր տիկնոջ՝ Սալոմեի կենսագիրները հաղորդում են նաև այն փաստը, որը Անդրեասը (Բագրատյանը կամ Բագրատունին) ծագում է հայկական արքայական ընտանիքից։ Նա ընդամենը 6 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Համբուրգ։

Կրթություն խմբագրել

Համբուրգում Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը սկսեց իր ուսումնական առաջին քայլերը՝ հաճախելով մասնավոր դասընթացների։ Նա 14 տարեկան էր, երբ սկսեց այցելել Գենֆի գիմնազիան և արդեն տիրապետում էր գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, լատիներեն և հունարեն լեզուներին։ Ավարտելով գիմնազիան՝ Անդրեաս-Բագրատունին շարունակում է կրթությունը Հալեի, Եռլանգենի, Գյոթինգենի և Լայպցիգի համալսարաններում՝ ուսանելով արևելյան և դասական բանասիրություն, պատմություն, փիլիսոփայություն[6]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Անդրեասն արևելագիտության դոկտորի կոչման ներկայացրած իր՝ «Ներդրումներ միջին պարսկերենի՝ պահլավերենի ճշգրիտ իմացության վերաբերյալ։ Գիրն ու արտասանության համակարգը» ատենախոսությունը պաշտպանեց 1868 թվականին՝ 22 տարեկան հասակում, Եռլանգենի համալսարանում։ Ատենախոսությունը համարվում է կորած[7]։

Ատենախոսությունը պաշտպանելուց հետո Անդրեասը մեկնում է Կոպենհագենի համալսարան՝ սովորելու հյուսիսային Եվրոպայի լեզուները[8]։

1870–1871 թվականներին, կամավոր զինվորագրվելով և մասնակցելով պրուս-ֆրանսիական պատերազմին, Անդրեասին հաջողվում է հրաշքով փրկվել ու կենդանի վերադառնալ Լը Մանի հայտնի ճակատամարտից։ Պատերազմն ավարտվելուն պես նա կրկին շարունակեց ուսումը, այս անգամ՝ Քիլի համալսարանում[6][9]։

Ինչպես նշում է Անդրեասի աշակերտներից հայտնի իրանագետ Վոլֆգանգ Լենտցը, իր երբեմնի ուսուցիչը 1875–1881 թվականների ընթացքում դաշտային հետազոտություններ իրականացնելու նպատակով գտնվել է Հնդկաստանում, որտեղ ուսումնասիրել է փարսերի լեզուն ու մշակույթը, նաև՝ հարավային Իրանում։ Համաձայն Լենտցի՝ Անդրեասի հետաքրքրության լայն շրջանակները հասնում էին մինչև հնդկաաֆղանական սահմանը՝ այնտեղի ժողովուրդների մշակույթն ու լեզուն, իսկ Կովկասում նրան սկսել էր հետաքրքրել օսերենը[10]։

Պարսկաստանում անցկացրած վաղ հնագիտական և լեզվագիտական աշխատանքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են պարունակում միայն Լու Անդրեաս-Սալոմեի գիտաստեղծագործական ժառանգությանն ու կենսագրությանը նվիրված աշխատությունները։ Այդ աղբյուրների համաձայն՝ Անդրեասի գիտելիքներն այնպիսի թեժ անհամաձայնություն էին ստեղծել իր և արշավախմբի մյուս մասնակիցների միջև, որ դրա արձագանքները հասել էին Բեռլին։ Գերմանիայից պահանջեցին, որպեսզի նա լքի արշավախումբը և վերադառնա։ Սակայն Անդրեասը չենթարկվեց։

Շուրջ վեց տարի իր միջոցների հաշվին համառորեն մնալով Պարսկաստանում, շարունակելով լեզվագիտական ու հնագիտական պրպտումները, ամբողջությամբ ծախսելով սեփական միջոցները՝ նա ուսումնասիրում էր Արևելքը։ Անդրեասը Գերմանիա է վերադառնում ամբողջությամբ սնանկացած և 1887 թվականից որպես պրոֆեսոր սկսում դասավանդել Բեռլինի համալսարանում։ Նույն թվականին ամուսնացել է Լու Սալոմեի հետ։ Բեռլինի համալսարանում նա շատ եռանդուն է եղել, ինչը գործընկերների մոտ նախանձ է առաջացրել։ Հյուսած դավերի արդյունքում երկու տարի անց նա հեռացել է Բեռլինի համալսարանից։ Համաձայն Սալոմեի կենսագիրների՝ այն գլխավոր պատճառը, որ Անդրեասը չհրատարակեց իր՝ առանց այն էլ գիտական հարուստ աշխատությունների մի մասը և նրա լայն գիտելիքներն ու չհրատարակված աշխատությունները բաժին հասան իր աշակերտներին, շրջապատի եսամոլությունն էր[6]։

«Պերսեպոլիս» աշխատություն խմբագրել

«Գյոթինգենի ուսյալները» վերը հիշատակված աշխատությունը հավելում է, որ 1882 թվականին, երբ Անդրեասը (անհամաձայնության պատճառով) կարճ ժամանակով վերադարձավ Բեռլին, նա ուղեկցում էր Պարսկաստանի արքայազներից մեկին (Իհտիսամ-էդ-Դաուլին)՝ որպես նրա ընկեր և գլխավոր ուղեկից[3]։ Նույն թվականին գերմանացի հայտնի լուսանկարիչ և իրանագետ Ֆրանց Շտոլցեի, արևելագետ Թեոդոր Նյոլդեկեի հետ Ֆրիդրիխ Անդրեասը հրատարակում է երկհատորյա «Պերսեպոլիս։ Պերսեպոլիսի, Իստաքխրի, Պասարգադայի, Շահպուրի աքեմենյան և սասանյան հուշարձաններն ու արձանագրությունները»[11] աշխատությունը՝ գիտական լայն շրջաններին ծանոթացնելով Պարսկաստանի հարավում իր անցկացրած հետազոտությունների արդյունքներին։ Սակայն նրա ջերմ փոխհարաբերությունները պարսկական արքունիքի հետ շատ չնչին ազդեցություն ունեցան Գերմանիայում դիրքերի ամրապնդման համար։ 1891 թվականի պրուսական մշակույթի նախարարության հետ ծագած վեճի հետևանքով նա առժամանակ զրկվեց ձեռք բերած դիրքից՝ պրոֆեսորի կոչումից և Բեռլինի համալսարանում դասավանդելու իրավունքից։

Շուրջ մեկ տասնամյակ, ընտանեկան բարդ իրադրության պայմաններում, Անդրեասն անդուլ շարունակում է գիտական աշխատանքը՝ ապրուստի միջոցները վաստակելով օտար լեզվի մասնավոր դասընթացների միջոցով։

«Բաբիները Պարսկաստանում» աշխատություն խմբագրել

Չսահմանափակվելով միայն լեզվական բնույթի հետազոտություններով՝ Անդրեասը 1896 թվականին անդրադարձավ նաև 19-րդ դարի երկրորդ կեսին Պարսկաստանում լայն ծավալ ստացած բաբիների կրոնական շարժմանը և կրոնական աղանդների ու ուղղությունների վերաբերյալ «Բաբիները Պարսկաստանում։ Աղբյուրները և անձնական ուսումնասիրության արդյունքները»[12] հրատարակեց որպես մենագրություն։ Այս շրջանում լույս տեսան հելլենիզմին, արամերեն լեզվին, Բեռլինի թանգարաններում պահպանվող սասանյան և աքեմենյան շրջանի ձեռագրերին, իսլամի տարբեր աղանդներին և «Ղուրան»-ին առնչվող նրա հետազոտությունները[13]։

Գիտարշավ դեպի Թուրֆան խմբագրել

1902–1903 թվականներին տեղի ունեցավ դեպի Թուրֆան՝ Չինաստան, պրուսական թագավորական հնագիտական առաջին գիտարշավը։ Անդրեասն այդ արշավախմբում ընդգրկված չէր, այն գլխավորում էր հայտնի արևելագետ Ֆրիդրիխ Մյուլլերը։ Ի թիվս այլ հնագիտական հայտնագործությունների՝ արշավախումբը հայտնաբերեց և Բեռլին տեղափոխեց միջին պարսկերենի բազմաթիվ ձեռագրեր՝ մանիքեյան տեքստերը[14]։ 1903 թվականին նա նշանակվեց Գյոթինգենի համալսարանի Արևմտյան Ասիայի լեզուների ուսումնասիրության ամբիոնի վարիչ, որը գլխավորեց ավելի քան 27 տարի։ Գյոթինգենի համալսարանում սկսվում է իրանագետ-արևելագետի աշխատանքը, նրա գլխավորած ամբիոնը վերածվում է Թուրֆանի արշավախմբի բերած հնագիտական և լեզվագիտական հարուստ նյութի ուսումնասիրության կենտրոնի։ Նա ստեղծում է իրանագիտության այն դպրոցը, որը հայտնի է նաև որպես «Անդրեասի դպրոց» անվամբ։ Նրա աշակերտներն էին տարբեր սերունդների պատկանող, հայտնի իրանագետ-արևելագետներ, պրոֆեսորներ Կայ Բառը, Արթուր Քրիստենսենը, Բեռնհարդ Գայգերը, Վալտեր Բրունո Հեննինգը, Պաուլ Հոռնը, Վոլֆգանգ Լենտցը, Հերման Լոմմելը, Օսկար Մանը, Յակոբ Պոլոցկին, Կառլ Հադանկը և այլ արևելագետներ[15]։

Մանիքեյան ձեռագրերի ուսումնասիրություն խմբագրել

Աշխատելով Թուրֆանի արշավախմբի բերած մանիքեյան ձեռագրերի վրա՝ Անդրեասը կարողացավ աննախընթաց արագությամբ վերծանել դրանց զգալի հատվածը՝ ապացուցելով, որ դրանց մի մասը պարթևերեն է, իսկ մյուսը՝ միջին պարսկերեն։ Արագորեն տարանջատելով տեքստերում պարթևերենը և այն կոչելով «հյուսիսային բարբառ»՝ իրանագետը սահմանեց մեկ այլ բարբառ՝ «պահլավերենի բարբառը», որը նա կոչում էր սոգդյան լեզու։ Այս բացահայտումն արևելագիտության մեջ շրջանառության մեջ դրվեց որպես «Անդրեասի տեսություն»։

1904 թվականին Պրուսիայի գիտությունների ակադեմիան Ֆրիդրիխ Կառլ Անդրեասին ընտրեց ակադեմիայի իսկական անդամ[3]։ Հասարակական գիտությունների ոլորտում նա առաջին և միակ հայազգի գիտնականն էր, որ կարողացավ արժանանալ պրուսական ակադեմիայի իսկական անդամ լինելու կոչմանը։

Գիտնականն առաջ քաշեց իր տեսությունը դեռևս 1902 թվականին Համբուրգում տեղի ունեցած «Արևելագետների միջազգային գիտաժողովի» ընթացքում, այն էլ միայն համառոտ։ «Ավեստայի այբուբենի ծագումն ու նրա սկզբնական հնչյունային համակարգը» վերտառությամբ գիտաժողովին ներկայացրած թեզը հրատարակվեց մեկ տարի անց «Արևելագետների 12-րդ՝ 1902 թվականի Համբուրգում տեղի ունեցած գիտաժովի նյութերի ժողովածուի» մեջ[16]։ Ո՛չ Անդրեասը և ո՛չ էլ նրա աշակերտներից որևէ մեկը այդպես էլ երբեք չմանրամասնեց այդ տեսությունը, նրա հիմքերն ու աղբյուրները։ Առաջընթացն այն էր, որ Անդրեասն իր աշակերտներից Յ. Վաքեռնագելի հետ ապացուցեց, որ զրադաշտականության սուրբ գրքի՝ «Ավեստա»-ի հնագրությունը ծագում է «Պահլավի գրքից» („Buch Pahlavi“)։ Հիմնավորելով, որ «Ավեստայի» յուրաքանչյուր տառ իր հնագիտական ակունքներն է ստանում պահլավերենից, Անդրեասը հիմք դրեց «Ավեստայի» մաս կազմող I, II, IV և V «գաթաների» (հիմների) ընթերցանությանը և մեծ մասամբ կիրառելով լեզվահամեմատական մեթոդը՝ հիմնավորեց, որ «Ավեստայում» կիրառված լեզուն նույն պարթևերենն է, որը պատմության և աշխարհագրական ազդեցությունների ընթացքում կրել է հնչյունաբանական փոփոխություններ՝ պայմանավորված լինելով նաև հիմների երաժշտական ազդեցությամբ[17][18]։ Այս մոտեցումը ծնունդ տվեց մեծ բանավեճերի։ Ընդ որում, մինչ օրս էլ քննարկման առարկա է, քանզի իրանագետներից, այդ թվում՝ «Անդրեասի դպրոցի» ներկայացուցիչներից շատերը կարծում էին, որ «Ավեստայի» լեզուն և հնչյունաբանական փոփոխությունների՝ Անդրեասի և Վաքեռնագելի առաջ քաշած երաժշտության ներգործությունը սխալ է[19]։

Թուրֆանից բերված մանիքեյան տեքստերի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում անգլիացի իրանագետ Դեյվիդ Մակ Քենզին։ Վերջինիս կարծիքով այդ արձանագրություններն Անդրեասին Բեռլինից ուղարկվել է լուսանկարների տեսքով։ Այդ լուսանկարների մի մասն այսօր էլ միակ սկզբնաղբյուրն է, քանզի բնագրերը Բեռլինից անհետացան կամ ոչնչացան[Նշում 1]։

Մակ Քենզին նշում է, որ Անդրեասի թողած գրառումները և տեքստերի վրա կատարած նկատառումները մեծ ազդեցություն են գործել, որպեսզի Ֆ. Մյուլլերը հրապարակի մանիքեյան տեքստերի քերականությանն ու բառիմաստին, միջին պարսկերենի և պարթևերենի տարբերակիչ առանձնահատկություններին նվիրված իր առաջին աշխատությունները։ Մանիքեյան արձանագրությունների տառադարձումն ու դրանց թարգմանությունները ոչ միայն այդ սկզբնաղբյուրների միակ պահպանված մասունքներն են, այլև մինչ օրս չհրատարակված մասն են։

Նույնը, համաձայան Մակ Քենզու, վերաբերում է մանիքեյան սոգդյան տեքստերին։ Անդրեասն սկսել էր կազմել նաև սոգդյան լեզվի բառարանը։ Մակ Քենզին պնդում է, որ Անդրեասի կողմից կատարված սոգդյան քրիստոնեական տեքստերի թարգմանությունը շրջանառության մեջ է դրվել այլ արևելագետների կողմից, որոնց մեծ մասը նրա երբեմնի աշակերտներն էին։ Դրանց լավագույն օրինակներն են բարեկամական ամուսնությունների, պարսկական առասպելների, իրանական լուսնային ժամանակացույցների, մանիքեյան օրացույցների, փարսիների ծեսերի և այլոց վերաբերյալ հրապարակումները։

Անդրեասի համար Գյոթինգենի համալսարանում անցկացրած կյանքի ողջ շրջանը եղել է ոչ միայն բեղմնավոր գիտական աշխատանքի շրջան, այլև՝ մանկավարժական։ Այստեղ նա ստեղծեց հայտնի «Անդրեասի դպրոցը»։

1904 թվականին Պրուսիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ֆրիդրիխ Կառլ Անդրեասին իսկական անդամ է ընտրում։ Դրա օրինակներից է այն, որ Անդրեասի աշակերտներից Վալտեր Բրունո Հեննինգը, արդեն գտնվելով Բեռլինում, ուսուցչի մահից շատ չանցած՝ 1932-1934 թվականների ընթացքում, օգտագործելով Անդրեասի դասախոսությունները և երկար տարիներ մշակած մանիքեյան տեքստերի ընթերցման սկզբունքները, արագորեն թարգմանեց «Չինական Թուրքեստանից» բերված մանիքեյան դեռ չընթերցված տեքստերը և ներկայացրեց դրանք Պրուսիայի գիտությունների ակադեմիային[20]։

Ինչպես պնդում է արևելագետ Մակ Քենզին, Անդրեասի գոյություն ունեցող մշակումների շնորհիվ է, որ նրա աշակերտներից Կայ Բառը 1933 թվականին կարողացավ հրատարակել պահլավերեն թարգմանված որոշ Սաղմոսների փրկված մասնիկները[21]։ Իրանում անցկացրած տարիների ընթացքում Անդրեասն ուսումնասիրել և գիտական հսկայական նյութեր էր բերել Ֆարսի, կենտրոնական Իրանի (Սիվանդի, Յազդի և Սոյի) բարբառների, նաև՝ քրդական որոշ բարբառների վերաբերյալ։ Այս նյութերից որոշ մասի հրատարակման բախտը վիճակված չէր նրան։ Դրանց մի մասը՝ «Իրանական բարբառների գրառումներ» խորագրով, 1939 թվականին հրատարակվեց Կայ Բառի և Արթուր Քրիստենսենի ջանքերով։ Մակ Քենզու հավաստմամբ, Ֆարսի բարբառային նյութերը, որոնք մշակման էին հանձնվել Հեննինգին, վերադարձվել են Գյոթինգեն, քանի որ Կալիֆոռնիայում 1967 թվականին Հեննինգի մահից հետո դրանք մնացել էին չհրատարակված։

Անտիպ են համարվում օսերեն լեզվի, ոչ իրանական լեզվաընտանիքին պատկանող Բրահույի լեզվի քերականության վերաբերյալ այն հարուստ գրառումները, որոնք Անդրեասը կատարել է Գվադարում 1876 թվականին՝ Հնդկաստանից Պարսկաստան վերադառնալիս։ Մակ Քենզին նշում է, որ Անդրեասի արխիվում են պահվում, ենթադրաբար, ոչ միայն իրեն պատկանող մենագրություններ ու ձեռագրեր։ Նա կարծում է, որ Մեսրոֆ Կարամին է պատկանում Մոքրի բարբառին առնչվող գրառումները։ Համաձայն Մակ Քենզու՝ Սբ. Մատթեոս հայտնության, ասորական տարբեր ժողովրդական ավանդությունների ասորերեն լեզվով, գեվերի բարբառով գրառումներն ու մշակումները, հավանաբար, նույնպես կատարվել է մի ասորի քրիստոնյայի կողմից։

Ֆ. Անդրեասի ամենամեծ նվաճումներից է եղել նաև զազաների լեզվի, ազգաբանության ու պատմության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները։

Զազաների ուսումնասիրության արդյունքներն ավարտին են հասցրել նրա աշակերտներից Օսկար Մանը և Կառլ Հադանկը։ 1932 թվականին գլխավորապես Հադանկի ջանքերով լույս տեսած «Զազա լեզվի բարբառները» աշխատությունը նույնպես մեծ մասամբ գրվել է՝ հիմք ընդունելով 1906 թվականին Կասպից լճի հարավում բնակվող պարթևական ցեղերի ուսումնասիրության արդյունքում Անդրեասի կատարած այն եզրահանգումը, որ դայլեմիները (Dailemi) կամ դելեմիները (DՍlemՏ) զազաների նախորդներն են եղել, ինչով և բացատրվում է զազաների կողմից իրենց «դիմիլի» („Dimili“) անվանելը։ Անդրեասի կարծիքով՝ զազաները ծնունդ են առնում հին դայլամիտներից և ուսումնասիրելով զազաների տարբեր բարբառները՝ նա որակեց լեզուն որպես իրանական[22]։

70 ամյակ խմբագրել

Գյոթինգենի համալսարանը մեծ շուքով է նշել գիտնականի 70-ամյա հոբելյանը՝ այս կապակցությամբ 1916 թվականին հրատարակելով Անդրեասի ծննդյանը նվիրված գիտական աշխատությունների ժողովածուն, որի մեջ իրենց հոդվածներն են հրատարակել մեկ տասնյակից ավելի նշանավոր արևելագետներ։ Հրատարակության նախաձեռնողները հոգ էին տարել նաև, որպեսզի գրքի վերջում տպագրվի գիտնականի աշխատությունների կենսամատենագիտությունը[23]։

Մահ խմբագրել

 
Ֆրիդրիխ Կառլ Անդրեասի և Լու Անդրեաս-Սալոմեի գերեզմանը:

Ֆրիդրիխ Անդրեասը մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 85 տարեկան հասակում, քաղցկեղից։ Նրա շիրիմը գտնվում է Գյոթինգենի քաղաքային գերեզմանատանը։ Նույնիսկ տառապելով ծանր հիվանդությամբ՝ նա գրեթե ամեն օր այցելում էր կնոջը՝ համալսարանական հիվանդանոցում նրան հատկացված աշխատասենյակում հոգեբանական փորձեր կատարելիս[24]։

Նամակագրություն խմբագրել

Ֆրիդրիխ Կառլ Անդրեասի մահից հետո, որպես գիտական ժառանգություն, բացի հսկայական քանակությամբ անտիպ ձեռագրերի ու աշխատությունների, Անդրեասը թողեց մի քանի հազարը գերազանցող նամակներ։ Նա թղթակցություն է վարել բազմաթիվ արևելագետների, քաղաքական և հասարակական գործիչների, հոգևորականների, ընկերների, ուսանողների հետ, որոնք ոչ միայն կապված էին նրան իբրև հայրենակիցներ։ Ի թիվս հայերի, նա հարաբերություններ է պահել օսերի, պարսիկների, Գերմանիայում ապաստանած օսմանյան նախկին հպատակների հետ, որոնք, հավատափոխ լինելով, դարձել էին քրիստոնյա։ Այն բազմաթիվ օտարազգիները, որոնք թղթակցել են Անդրեասի հետ, օժանդակել են նրան իր լեզվագիտական, մշակութաբանական, ազգագրական, պատմագիտական հետազոտություններում։

Անդրեասի թողած փաստավավերագրական ողջ ժառանգությունը, Գերմանիայում ընդունված ավանդույթի համաձայն, հանձնվել է Գյոթինգենի համալսարանի գրադարանին։ Անդրեասի արխիվն այսօր գտնվում է համալսարանի հին՝ «Ասիա-Աֆրիկա» անունը կրող գրադարանում՝ ի լրումն բազմաթիվ այլ արևելյան ձեռագրերի և անվանի պրոֆեսորների արխիվների։ Այն պարունակում է 52 արկղ՝ բոլորը լի փաստաթղթերով, որոնցից 9-ը կազմում են նամակները, 2 քարտեզ և 15 հատոր փաստավավերագրական տարաբնույթ նյութեր[25]։

Նամակագրության նախնական ուսումնասիրությունը փաստում է, որ Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը փոխհարաբերվել ու մասնագիտական խորհուրդներ է տրամադրել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ներդրած, հանրածանոթ արևելագետներ Յոզեֆ Մարկվարտին (1864-1930)[26], Հայնրիխ Հյուբշմանին (1848–1908)[26] և Նիկողայոս Մառին (1865–1934)[26]:

Ծավալուն նամականու մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում հայազգի հայագետների հետ Անդրեասի ունեցած փոխհարաբերությունները։ Դրանց մեջ ուսումնասիրված չեն Մխիթարյան միաբանության անդամ, դոկտոր Նիկողայոս Քարամյանցի[27], պատմաբան, բանագետ Բագրատ Խալաթյանցի[28] և այլոց հետ Անդրեասի ունեցած թղթակցության հիմքերը։

Նշումներ խմբագրել

  1. Երրորդ Ռեյխի առաջնորդ և Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերն ու նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսները, գալով իշխանության, սկսեցին մեկնել պատմությունն ու մշակույթը՝ այն ծառայեցնելով իրենց քաղաքական շահերին։ Այս շրջանում «Ավեստան» նույնպես սկսեցին մեկնաբանել քաղաքական նկատառումներով։ Գիտնականներից ոմանք նախքան այդ արդեն հայտնել էին այն տեսակետը, որ հնդկաիրանական ծագում ունեցող ժողովրդի այն մասը, որը գաղթի արդյունքում հաստատվել էր Իրանում, կոչվում էր նաև արիացի։ Այդ տեսության համաձայն՝ արիացիները ոչ միայն ստեղծել են «Ավեստան», այլև ավելի ուշ՝ «Ավեստայի» հենքի վրա, զրադաշտականությունը (այս մասին ավելի մանրամասն տե՛ս O. O. Espín, J. B. Nickoloff. An Introductory Dictionary of Theology and Religious Studies, Collegeville, 2007, pp. 85–86:

Աղբյուրներ խմբագրել

  • Տիգրան Սարուխանյան (2011). Գիտության հայազգի երախտավորը․ Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս. Երևան: Պատմաբանասիրահան հանդես. էջեր 120–131. ISBN 0135-0536. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #116012498 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 K. Arndt, G. Gottschalk und R. Smend (Hrsg.) (2001). Göttinger Gelehrte. Die Akademie der Wissenschaften zu Göttingen in Bildnissen und Würdigungen 1751–2001:. Göttingen: Wallstein Verlag. էջ 312.
  4. M. Wiesner-Bangard, U. Welsch. Lou Andreas Salomé. Wie ich dich liebe Rätselleben. Leipzig: Eine Biographie. էջ 202.
  5. Neue Deutsche Biographie 1. Berlin. 1953. էջ 284.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 6,2 M. Wiesner-Bangard, U. Welsch. Lou Andreas Salomé. Wie ich dich liebe Rätselleben. Leipzig: Eine Biographie. էջ 288.
  7. M. Back (1978). Acta Iranica. Encyclopédie permanente des études iraniennes. IIIe série, Textes et mémoires. Vol. VIII, Die Sassanidischen Staatsinschriften: Studien zur Orthographie und Phonologie des Mittelpersischen der Inschriften zusammen mit einem Textcorpus der behandelten Inschriften. Téhéran. էջ 506.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Chronik der Georg-August (1904). Universität zu Göttingen für das Rechnungsjahr 1904. Göttingen. էջ 54.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. E. Pfeiffer. Andreas-Salome: Lebensrükblick. Frankfurt am Main/Leipzig. էջ 187.
  10. W. Lentz (1985). Andreas, Friedrich Carl, German Iranologist (1846–1930), in: Encyclopedia Iranica. Vol. II. Mazda Publishers: Costa Mesa. էջ 27.
  11. T. Noldeke. F.C. Andreas; FStolze (1882). Persepolis; die achaemenidischen und sasanidischen denkmaler und inschriften von Persepolis. Berlin,: Istakhr, Pasargadae․.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. F. C., Andreas (1896). Die Babis in Persien: ihre Geschichte und Lehre quellenma ssig und nach einiger Anschauung dargestellt. Leipzig.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Andreas, F. C. (1916). Festschrift Friedrich Carl Andreas zur Vollendung des siebzigsten Lebensjahres am 14. April 1916. Leipzig. էջեր 138–140.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Rosenthal, F. (1964). Die aramaistische Forschung seit Th. No ldeke's Vero ffentlichungen. Leiden. էջ 79.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. W. Lentz (1985). Andreas, Friedrich Carl, German Iranologist (1846–1930), in: Encyclopedia Iranica. Vol. II. Mazda Publishers: Costa Mesa. էջ 27.
  16. Verhandlungen des XII. Internationalen Orientalisten-Kongresses in Hamburg 1902. Leiden. 1903.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. F. C. Andreas, J. Wackernagel (1911). Zarathustra (Zoroaster): Die vierte Ghatha des Zurathusthro. Gottingen.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Zarathustra (Zoroaster): Die erste, zweite und fu nfte Ghatha des Zurathusthro. Gottingen. 1913.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  19. Schlerath, B. (1985). The Andreas Theory, in: Andreas, Friedrich Carl, German Iranologist (1846–1930). Costa Mesa: Encyclopedia Iranica. Vol. II. էջեր 28–30.
  20. Mitteliranische Manichaica aus Chinesisch-Turkestan. Berlin. 1932–1934. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. F. C. Andreas, K. Barr (1933). Bruchstu cke einer Pehlevi-U bersetzung der Psalmen. Berlin.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  22. Houtsma, M. Th. (1987). E. J. Brill's First Encyclopaedia of Islam 1913–1936. Leiden. էջ 1152.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  23. Andreas, F. C. (1916). Festschrift Friedrich Carl Andreas zur Vollendung des siebzigsten Lebensjahres am 14. April 1916. Leipzig. էջեր 137–142.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. Rainer Maria Rilke. Hamburg. 2010. էջ 137. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. Nachlaß Friedrich Carl Andreas. 14.4.1846–3.10.1930. Niedersachsische Staats- und Universitätsbibiothek Göttingen.
  26. 26,0 26,1 26,2 Nachlaß Friedrich Carl Andreas, 1:280
  27. Venedig u.a., 1887-1924, 1:220.
  28. Wiesbaden, 1901, 1:223.

Գրականություն խմբագրել

  • Festschrift Friedrich Carl Andreas zur Vollendung des siebzigsten Lebensjahres am 14. April 1916, Leipzig 1916 (mit unvollständigem Schriftenverzeichnis).
  • Jonathan Groß: Ein säumiger Autor und ein geplagter Editor. Die Korrespondenz zwischen Friedrich Carl Andreas und Georg Wissowa aus der Frühzeit der RE. In: Jahresheft des Vereins der Göttinger Freunde der antiken Literatur. 9. Ausgabe (2010), S. 10–20
  • Götz von Selle: Friedrich Carl Andreas. In: Indogermanisches Jahrbuch, Band 15 (1931), S. 366–376 (mit Ergänzungen zum Schriftenverzeichnis und Porträt).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս» հոդվածին։