Ֆրենսիս Ուիլյամ Բուվերի Դուգլաս (անգլ.՝ Francis William Bouverie Douglas, փետրվարի 8, 1847(1847-02-08)[1], Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 14, 1865(1865-07-14)[1], Մաթերհորն), շոտլանդացի լորդ, լեռնագնաց։ Մի խումբ լեռնագնացների հետ մասնակցել է Շվեյցարիայում Մաթերհորնի գագաթը նվաճելու առաջին հաջողված փորձին։ Մահացել է վերադարձի ճանապարհին արշավախմբի մի քանի անդամների հետ։

Ֆրենսիս Դուգլաս
անգլ.՝ Francis Douglas
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1847(1847-02-08)[1]
ԾննդավայրԴամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 14, 1865(1865-07-14)[1] (18 տարեկան)
Մահվան վայրՄաթերհորն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի ակադեմիա
ՄասնագիտությունԼեռնային ուղեկցորդ
Ծնողներհայր՝ Archibald Douglas, 8th Marquess of Queensberry?[2], մայր՝ Caroline Douglas?[2]
 Francis Douglas Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ֆրենսիս Դուգլասը ծնվել է 1947 թվականի փետրվարի 8-ին Շոտլանդիայի Դամֆրիս քաղաքում։ Հայրը՝ Արչիբալդ Ուիլյամ Դուգլասը շոտլանդացի քաղաքական գործիչ էր և Քուինսբերիի 8-րդ մարկիզը, իսկ մայրը՝ Քերոլայնը, անգլիացի քաղաքական գործիչ, գեներալ Ուիլյամ Քլեյթոնի դուստրն էր։ Դուգլասների ընտանիքը բազմազավակ էր․ Ֆրենսիսն ուներ ավագ քույր՝ լեդի Հերտրուդա Ջորջիանա Դուգլասը (1842֊1893), ավագ եղբայր՝ Ջոն Շոլթո Դուգլասը (1844֊1900), որը հետագայում դարձել է Քուինսբերիի 9-րդ մարկիզը, կրտսեր եղբայր՝ Արչիբալդ Էդվարդ Դուգլասը (1850֊1938), ինչպես նաև կրտեր երկվորյակ քույր և եղբայր՝ լորդ Ջեյմս Դուգլասը (1855—1891), լեդի Ֆլորենս Դուգլասը (Դիքսի) (1855֊1905)[3][4]։ Ֆրենսիսը եղել է Ալֆրեդ Դուգլասի ՝ Օսկար Ուայլդի[5] սիրեկանի քեռին։

Ֆրենսիսը կրթություն է ստացել Էդինբուրգի ակադեմիայում[6]։

Ֆրենսիսի հայրը մահացել է որսի ժամանակ պատահական կրակոցի արդյունքում 1858 թվականին, չնայած շատերը վստահ էին, որ դա ինքնասպանություն է եղել։ 1862 թվականին նրա մայրը դարձավ կաթոլիկ և երեխաների հետ մեկնեց Փարիզ[3]։

Վերելք դեպի Մաթերհորնի գագաթը և մահ խմբագրել

Մինչ չափահաս դառնալը Ֆրենսիսը որոշ ժամանակ անց է կացրել Ալպերում և զբաղվել լեռնագնացությամբ, քանի որ ուներ ֆիզիկական լավ պատրաստվածություն և մարմնի համապատասխան կազմվածք։ 1865 թվականին Ֆրենսիս Դուգլասը Պետեր Տաուգվալդերի և Յոզեֆ Վիանինի հետ մի քանի փորձ ձեռնարկեց բարձրանալու Օբեր Գաբելհորնի գագաթը, որն այդ պահի դրությամբ դեռ հաղթահարված չէր։ Նրանց դա հաջողվեց միայն երրորդ փորձից 1865 թվականի հուլիսի 7-ին հյուսիս-արևելյան կատարով, որը պատմության մեջ 2-րդ հաջողված վերելքն էր դեպի Օբեր Գաբելհորնի գագաթ և առաջինը՝ այդ երթուղով։ Գագաթն արդեն հաղթահարվել էր նախորդ օրը անգլիացի լեռնագնաց Ադոլֆ Մուրի արշավախմբի կողմից։ Ֆրենսիսը և նրա խումբը վերելքի ժամանակ տեղյակ չէին Մուրի և նրա ընկերների հաջողության մասին։ Օբեր Գաբելհորնի գագաթը նվաճելու ձախողված փորձերի ընթացքում Ֆրենսիսին և նրա արշավախմբին բախտ վիճակվեց առաջին անգամ հաղթահարել ավելի ցածր կատարներ Ունտեր Գաբելհորնը (3391 մետր) և Վելլենկուպեն (3903 մետր)[7]։

 
Կրոյի, Հեդոուի, Հադսոնի և Դուգլասի անկումը Մաթերհորնից (Գուստավ Դորե, 1865)

Օբեր Գաբելհորնի վերելքից հետո Ֆրենսիսը և Տաուգվալդերն ուղևորվեցին Ցերմատ, որպեսզի փորձեն հաղթահարել Մաթերհորնը։ Այդտեղ Ֆրենսիսը հանդիպեց անգլիացի լեռնագնաց Էդուարդ Ուիմփերին, որը Մաթերհորնը հաղթահարելու հերթական՝ 9-րդ փորձն էր կատարելու։ Ուիմփերը Դուգլասին առաջարկեց համախմբել ուժերը, որպեսզի առաջ անցնեն իտալացի ուղեկցորդ Ժան Անտուան Կառելի արշավախմբից, որը բարձրանալու էր Լիոն կատարով։ Ֆրենսիսը համաձայնում է, և 1865 թվականի հուլիսի 13-ին առավոտյան 5․30-ին արշավախումբը (Էդուարդ Ուիմփեր, լորդ Ֆրենսիս Դուգլաս, Դուգլաս Ռոբերտ Հեդոու, Չարլզ Հադսոն, ուղեկցորդներ Միշել Կրո, Պետեր Տաուգվալդեր (հայր) և Պետեր Տաուգվալդեր (որդի)) սկսեց շարժվել Ցերմատից[8]։

Արշավախումբը հաջողությամբ հաղթահարեց Մաթերհորնի գագաթը հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին՝ առաջ անցնելով Կառելի խմբից։ Մոտ 1 ժամ գագաթին անցկացնելուց հետո նրանք որոշում են վերադառնալ։ Իջնելու ընթացքում Հեդոուն սայթաքում և ընկնում է ցած՝ իր հետ քաշելով Կրոյին, Հադոուին և Դուգլասին։ Խմբի անդամները միացված էին պարանի հանգույցներով, սակայն վերջինս, չդիմանալով 4 լեռնագնացների ծանրությանը, կտրվում է։ Ողջ մնացած Ուիմփերը և Տաուգվալդերները հաջորդ օրը Ցերմատ բարեհաջող հասնելուց հետո կազմակերպում են փնտրման աշխատանքներ։ 1865 թվականի հուլիսի 16-ին հայտնաբերում են Կրոյի, Հեդոուի և Հադսոնի դիակները Մաթերհորնի սառցադաշտում՝ ընկնելու կետից ավելի քան 1000 մետր ներքև։ Սակայն Ֆրենսիսի մարմինը այդպես էլ մնում է անհայտ կորած։ Փրկարարներին հաջողվում է գտնել միայն Դուգլասի կոշիկը, գոտին և ձեռնոցները [9][8]։

Դուգլասի մահից հետո Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության թագուհի Վիկտորիան մտադրված էր արգելել անգլիացի լեռնագնացների վերելքը Մաթերհորնի գագաթը՝ հետագա զոհերից խուսափելուց համար։ Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, իսկ Ուիմփերի արշավախմբի ողբերգությունը մեծացրեց լեռնագնացների հետաքրքրությունը այդ գագաթի նկատմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. 3,0 3,1 «Lady Florence Dixie» (անգլերեն). Spartacus Educational. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Peter Hammond, George Edward Cokayne The complete peerage, or a history of the House of Lords and all its members from the earliest times by G.E.C., revised and much enlarged : addenda & corrigenda. — Sutton, 1998. — P. 694. — 871 p. — ISBN 0750901543, 9780750901543
  5. «Lord Alfred Douglas» (անգլերեն). Poeticous. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «The Edinburgh Academy Alumni - Lord Francis Douglas» (անգլերեն). The Edinburgh Academy. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. The first ascent of the Matterhorn. The narrative of 'young' Peter Taugwalder(անգլ.) // The Alpine Journal. — 1957. — P. 493.
  8. 8,0 8,1 «Matterhorn: First ascent in 1865» (անգլերեն). Zermatt Tourism. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Edward Whymper, 1871, էջ 387—390, 393—402

Գրականություն խմբագրել