Ֆրանց Բյոմ

ավստրիացի զինվորական

Ֆրանց Բյոմ (գերմ.՝ Franz Böhme, ապրիլի 15, 1885(1885-04-15)[1], Zeltweg, Murtal District, Շտիրիա[1] - մայիսի 29, 1947(1947-05-29)[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1]), ավստրիացի զինվորական, ով ծառայել է Ավստրո-Հունգարական, Ավստրիայի Առաջին Հանրապետության, Նացիստական Գերմանիայի բանակներում։ Եղել է լեռնահրաձգային զորքերի գեներալ, ռազմական հանցագործ[3][4][5]։

Ֆրանց Բյոմ
գերմ.՝ Franz Böhme
ապրիլի 15, 1885(1885-04-15)[1] - մայիսի 29, 1947(1947-05-29)[1] (62 տարեկան)
ԾննդավայրZeltweg, Murtal District, Շտիրիա[1]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1]
ԳերեզմանFriedhof St. Leonhard[2]
Քաղաքացիություն Ավստրիա և  Նացիստական Գերմանիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
ԿոչումGeneral der Gebirgstruppe? և զինվոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արևելյան ճակատ և իտալական ճակատ
Պարգևներ
Երկաթ խաչի Ասպետի խաչ և Գերմանական ոսկե խաչ

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Բյոմի հայրը մահացել է, երբ ինքը 17 տարեկան էր։ Մեկ տարի անց մահանում է մայրը՝ որդուն թողնելով որբ։ Բյոմը ծանր կորուստներից հետո սկսում է սպայական կարիերան Ավստրո-Հունգարական կայսրության զինված ուժերում[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բյոմը 1914-1916 թվականներին ծառայել է Գալիցիայում, 1917 թվականին՝ Վոլինում, Կուրլանդիայում և Դինաբուրգում, 1917-1918 թվականներն՝ Սոչյան ռազմաճակատում[3]։

Անշլյուսից առաջ ղեկավարում էր ավստրիական զինվորական հետախուզությունը՝ լինելով Գլխավոր շտաբի գեներալ-մայոր[6]։ Համաձայն 1938 թվականի փետրվարի 12-ին կնքված Բերխտեսգադենյան գերմանա-ավստրիական համաձայնաագրի 8-րդ կետի՝ փետրվարի 17-ին Բյոմը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆելդմարշալ-լեյտենանտ Ալֆրեդ Յանզուին, ով հանդիսանում էր անշլյուսի գլխավոր հակառակորդներից մեկը[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո լեհական և ֆրանսիական արշավանքների ժամանակ Բյոմը ղեկավարել է 32-րդ հետևակային դիվիզիա[3]։

 
Ֆրանց Բյոմ

1941 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 2-ը հանդիսացել է Սերբիայի լիազորված հրամանատարը։ Ադոլֆ Հիտլերը Ֆրանց Բյոմին է հանձնարարել նվաճված ամբողջ տարածքում ամենասեղմ ժամկետներում հաստատել երկարատև կարգուկանոն։ Համաձայն Բեմի հրամանի՝ բոլոր կոմունիստները, արական սեռի կասկածելի ներկայացուցիչները, բոլոր հրեաները, ինչպես նաև ժողովրդավար և ազգայնական գաղափարներ կրող քաղաքացիները ենթակա են անմիջապես ձերբակալման։ Ձերբակալվածներին պահում էին որպես պատանդ։ Յուրաքանչյուր սպանված գերմանացի զինվորի համար գնդակահարվում էր 100 պատանդ, իսկ յուրաքանչյուր վիրավորի համար՝ 50 պատանդ։ Այդ հրամանի հիման վրա աշնանը իրականացվում են սերբերի, սերբական հրեաների և ցիգանների մասսայական գնդակահարություններ[3][4][5][7]։

Կռալևոյի և Կրագուևացի լեռներում 717-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական բանակի և Հարավսլավիայի հայրենական զորքերի հետ կատաղի հրետանային մարտից հետո մի քանի օրվա ընթացքում շուրջ 4000 տեղական բնակչության գնդակահարում են։ 1941 թվականի դեկտեմբերին Ֆրանց Բյոմը հետ է կանչվում Սերբիայից։ Սերբիայում նրա ղեկավարության ներքո գերմանական բանակն ունեցել էր 160 զոհ և 278 վիրավոր։ Նրանց կողմից սպանվել էր 20-ից 30 հազար տեղացի բնակիչ[3][4][5]։

1944 թվականի փետրվարի 10-ին Ֆրանց Բյոմը պարգևատրվել է Գերմանական ոսկեպատ խաչով։ Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին եղել է Հարավսլավիայում տեղակայված 2-րդ տանկային բանակի հրամանատար։ Միևնույն ժամանակ հանդիսացել է նաև Հարավսլավիայում գտնվող գերմանական բոլոր զորքերի հրամանատարը։ Այդ ընթացքում օդային աղետի հետևանքով վիրավորում է ստացել[3][8]։

1945 թվականի հունվարի 8-ին նշանակվել է Նորվեգիայում գտնվող զորքերի և 20-րդ լեռնային բանակի գլխավոր հրամանատար։ 1945 թվականի մայիսին Գերմանիայի կապիտուլացիայից հետո գերի է վերցվել։ 1946 թվականին պահվում էր Բրիդջենթ քաղաքի մոտ գտնվող ռազմագերիների համար նախատեսված № 198 ճամբարում։ Այնուհետև տեղափոխվել է Նյուրնբերգ, որտեղ 1947 թվականի մայիսի 13-ին սկսվեց նրա նկատմամբ դատավարություն։ Բյոմը մեղադրվում էր Հարավսլավիայում տեղի բնակչության նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար։ Չսպասելով դատավարության ավարտին և հետագայում Հարավսլավիա արտահանձնմանը՝ մայիսի 29-ին Բեմը իրեն նետում է միտեղանի պատժախցի պատուհանից, որը գտնվում էր չորրորդ հարկում։ Թաղված է Ավստրիայի Գրաց քաղաքի Սուրբ Լեոնարդի գերեզմանատանը[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Deutsche Nationalbibliothek Record #124301983 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 General der Gebirgstruppe Franz Friedrich Böhme.(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 "Massacres And Reprisals During The German Occupation Of Yugoslavia". Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Weiner, Hana; Ofer, Dalia; Barber, Anne (1996). Dead-end Journey: the Tragic Story of the Kladovo-Šabac Group. University Press of America. ISBN 0-7618-0199-5.(անգլ.)
  6. Manoschek, Walter; Safrian, Hans. Österreicher in der Wehrmacht. // Talos E.; Hanisch E.; Neugebauer W. (Hrsg.). NS-Herrschaft in Österreich 1938—1945. — Wien, 1988. — ISBN 3-900351-84-8. — S. 341.(գերմ.)
  7. Weiner, Ofer and Barber 1996, стр. 145-152.(անգլ.)
  8. Fellgiebel, Walther-Peer (2000) [1986]. Die Träger des Ritterkreuzes des Eisernen Kreuzes 1939–1945 — Die Inhaber der höchsten Auszeichnung des Zweiten Weltkrieges aller Wehrmachtteile [The Bearers of the Knight's Cross of the Iron Cross 1939–1945 — The Owners of the Highest Award of the Second World War of all Wehrmacht Branches]. Friedberg, Germany: Podzun-Pallas. ISBN 978-3-7909-0284-6.(գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Բյոմ» հոդվածին։